ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը երեկ դարձավ Հայաստանի մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը: Թաթոյանը 35 տարեկան է: Նախկին` փոխնախարարի պաշտոնում նա համակարգել է խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրումը Հայաստանում, ԵԽ եւ ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում եղել է ՀՀ ներկայացուցիչը, համակարգել է քրեական եւ քրեադատավարական օրենսդրության բարեփոխման հետ կապված հարցերը եւ այսպես շարունակ: Այսինքն` նա մինչ այս էլ ի պաշտոնե կարող էր աչքի ընկնել մարդու իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով, բայց դա տեղի չի ունեցել: Ու այն փաստը, որ Թաթոյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց ՄԻՊ պաշտոնում, արդեն իսկ վկայում է այն մասին, որ իշխանական շրջանակներում նրանից վտանգ չեն տեսնում, այսինքն՝ համոզված են, որ նա հետեւողական եւ սկզբունքային պաշտոնյա չէ ու չի կարող լինել` ավելորդ խնդիրներ չառաջացնելով: Սակայն նրա նախորդներն էլ, մինչեւ ՄԻՊ դառնալը, առանձնապես սկզբունքային եւ հետեւողական անձերի համարում չեն ունեցել, բայց ինչ-որ պահից հետո բոլոր երեքն էլ սկսել են հակասությունների մեջ մտնել իշխանությունների հետ եւ, ի վերջո, ժամանակից շուտ հեռանալ զբաղեցրած պաշտոններից:
Նկատենք, որ ի տարբերություն նախորդ ՄԻՊ-երի` Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան եւ Կարեն Անդրեասյան, Արման Թաթոյանի օգտին քվեարկող եղան նաեւ ընդդիմադիր պատգամավորներ: Թաթոյանը ընտրվեց 96 կողմ, 7 դեմ ձայներով: Ընդդիմադիրները համոզված են, որ նոր օմբուդսմենը նախորդների պես վաղ թե ուշ իշխանությունների հետ հակասությունների մեջ է մտնելու եւ սկսելու է իր գործառույթները պատշաճ կատարել, այդ ժամանակ իրենք հնարավորություն կունենան նրան քաղաքական աջակցություն ցուցաբերել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լեւոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երեւանի զորամասերից մեկում: Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է: Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում եւ չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել: Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի անձը` նրա դեպքում «հրահրել» ասվածը ենթադրում է նրան մոտենալը եւ ցանկացած հարց տալը: Մհեր Սեդրակյանն այն պատգամավորների շարքին է դասվում, որոնց բավական է՝ լրագրողը մոտենա եւ որեւէ տհաճ հարց ուղղի, աղմուկը երաշխավորված է: «ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Մհեր Սեդրակյանը իր դեմ կազմակերպված ինչ-որ սադրանքի մասին է ակնարկել: «Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի ասո՞ւմ, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի հա՛մ ընկերություն անել, հա՛մ ընկերոջը թիկունքից խփել»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում:
Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016-ի համար գնել է 25 հազար 740 լիտր պրեմիում տեսակի բենզին: Անցած տարվա օգոստոսին կազմված փաստաթղթերով ՀԾԿՀ-ն բենզինի համար նախատեսել է պետբյուջեից վճարել 11 մլն 583 հազար դրամ` 1 լիտրի համար 450 դրամ: Սակայն ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել, եւ բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով: Իհարկե, այդ գինը եւս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի: Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները: Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա եւ օրական 10 լիտր բենզին պետք է տրվի: Սա բյուջետային միջոցների վատնման թերեւս վառ օրինակ է:
ՀԱՊԱՂԵԼՈՎ
Միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ակտիվորեն սկսել է վերակառուցել իր հարաբերությունները բոլոր հարեւանների հետ` կիրառելով «չորս միջանցքների» քաղաքականությունը: Նախօրեին Թեհրան այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ համագործակցության սերտացման նոր մակարդակի անցման մասին: Ադրբեջանա-իրանական բանակցությունների ավարտին ստորագրվել են մեկ տասնյակ երկկողմ համաձայնագրեր ինչպես մաքսային եւ առողջապահության ոլորտներում համագործակցության, այնպես էլ էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Բաքվի եւ Թեհրանի միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածություններից հատկապես կարեւոր է Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ցանցերն իրար կապելու ծրագիրը: «Մինչեւ տարեվերջ մենք լուրջ առաջընթաց կտեսնենք Ադրբեջանի հարավը Իրանի հյուսիսային շրջաններին կապող երկաթուղային կամրջի շինարարության նախագծի իրագործման ճանապարհին: Այդ կամուրջը գտնվելու է Իրանի Աստարա եւ Ադրբեջանի համանուն բնակավայրերի մոտ»,- հայտարարել է Իրանի նախագահ Ռոհանին:
Հիշեցնենք, որ օրերս էլ Թեհրանում բարձր մակարդակով բանակցություններ էին անցկացվել Վրաստանի ղեկավարության հետ, որոնց շրջանակներում դարձյալ ձեռք էին բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ` էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում ինտենսիվ համագործակցության շուրջ: Նշենք, որ Վրաստանն արդեն վերացրել է Իրանի հետ վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը` պարզեցրել կարգը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանալու այդ երկրների միջեւ տնտեսական համագործակության համար: Մինչդեռ ՀՀ-ում այս ընթացքում կարծես թե առայժմ ավելի շատ խոսում են, քան կոնկրետ գործ անում: Անցած հունիսից` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման որոշման ընդունումից ի վեր, մեր իշխանություններն անվերջ խոսում են այն մասին, թե ինչպիսի հսկայական հնարավորություններ է Իրանի ապաշրջափակումը ստեղծում ՀՀ-ի համար` այդպես էլ ոչինչ չանելով այդ հնարավորություններից օգտվելու հարցում:
Փոխանակ հնարավորինս արագ ձեռնամուխ լինելու Իրանի նախագահի` ՀՀ կատարելիք այցի կազմակերպմանը (ինչի մասին խոսվում է ավելի քան մեկ տարի) եւ տրանսպորտային, էներգետիկ հարցերի շուրջ ամենաբարձր մակարդակով եւ շատ արագ բանակցությունների անցկացմանը, Երեւանում տարբեր նախարարներ հանդես են գալիս իրանցի պաշտոնյաների այս կամ այն հայտարարությունների հերքմամբ` ըստ էության, վերջիններիս ստախոս անվանելով: (Օրինակ` Երվանդ Զախարյանի հերքումները ավելի էժան գազ մատակարարելու` իրանցի պաշտոնյաների հայտարարության շուրջ):
Մեր իշխանավորները սիրում են կրկնել, որ Հայաստանը Իրանի համար ունի առանձնահատուկ նշանակություն` մոռանալով, որ պատժամիջոցների վերացումից հետո ՀՀ-ի նշանակությունն Իրանի համար զգալիորեն նվազել է: