ՆՈՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՐՑԸ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԷՐ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԿԱԲԻՆԵՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության քննարկումը, ապա տեղի ունեցավ փակ քվեարկություն, որի արդյունքում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ընտրվեց ՀՀ չորրորդ ՄԻՊ:

Նշենք, որ փակ քվեարկությանը մասնակցեցին 107 պատգամավոր, որոնցից Թաթոյանի օգտին քվեարկեցին 96-ը, դեմ՝ 7-ը: 4 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Մինչ քվեարկությունը ԱԺ մի շարք պատգամավորներ հանդես եկան ելույթներով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում անդրադարձավ մշակութային արժեքների պահպանության խնդիրներին:
Խոսելով Երեւանի Ամիրյան 2 հասցեում Իսահակյանի անվան նախկին գրադարանի շենքի ճակատային մասի քանդման փորձից՝ Մանուկյանն ասաց, որ իշխանությունները մշակութային արժեքները «գաղտագողի», կիրակի օրերին են փորձ անում քանդել, ինչը նոր տակտիկա է:
«Այն, ինչ իշխանությունն այսօր անում է մեր մշակույթի հետ, կոչվում է վայրագություն, ցեղասպանություն մեր մշակույթի պատմական արժեքների նկատմամբ… Քաղաքական բանտարկյալները, ինչպես Շանթն է, Գեւորգ Սաֆարյանը, Վարդգես Գասպարին, մի տարի հետո, մի քանի ամիս հետո ազատ են արձակվելու, եւ ինչ-որ բան կարելի է վերադարձնել այդ դաշտում, իսկ մշակութային արժեքների վերականգնումը անվերադարձ է»,-ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՄԻՊ թեկնածուի քվեարկությանը, քանի որ արդյունքներն արդեն կանխորոշված են: «Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ նոր օմբուդսմենի ընտրությունը կանխորոշված է Սերժ Սարգսյանի կաբինետում: Պետք է սթափ վերլուծել կատարվածը: Կարեն Անդրեասյանի հրաժարականը պարտադրված էր Սերժ Սարգսյանի կողմից, սա միանշանակ է»,-ընդգծեց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, դիմելով Արման Թաթոյանին, ասաց. «Ընդդիմությունն ամեն ինչ անելու է Ձեզնից «Ռեմբո» կերտելու՝ հայաստանյան ընդդիմադիր սոուսով: Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Դուք դառնաք իր կամքի արտահայտողը եւ բավարարվեք «լայթսոտ» քննադատությամբ: Ընտրությունը Ձերն է լինելու, պետք է այնպես անեք, որ այս երկու բեւեռների պատանդը չդառնաք»: ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք խմբակցության անդամների քվեարկությունը թողել են ազատ եւ յուրաքանչյուր պատգամավոր ինքը կորոշի ինչպես քվեարկել:
Այնուհետեւ քվեարկությունից հետո տեղի ունեցավ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանի երդման արարողությունը: «Նախընտրական գործընթացում ինչպես ասել եմ, հիմա էլ եմ հայտարարում, որ անհապաղ սկսելու եմ իրականացնել բոլոր լիազորություններս»,- հայտարարեց ՄԻՊ-ը:
Նա հրաժարվեց որեւէ կոնկրետ դեպքի վերաբերյալ որեւէ գնահատական հնչեցնել: «Այս պահին որեւէ գնահատական տամ, ժամ ասեմ, սխալ կլինի եւ կոռեկտ չի լինի, այնպես որ հարցերը իմ ուշադրության կենտրոնում են»,-նշեց նա եւ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին` պնդեց, որ ո՛չ Վարդգես Գասպարիի, ո՛չ Գեւորգ Սաֆարյանի գործից տեղեկություն չունի եւ նրան ժամանակ է պետք ծանոթանալու գործին, որպեսզի գնահատականներ հնչեցնի՝ արդյոք նրանք քաղբանտարկյալ են, ինչպես հայտարարում են իրավապաշտպանները, թե ոչ:
Խոսելով ԱԺ-ում իր հասցեին հնչեցրած բացասական գնահատականների մասին՝ Արման Թաթոյանը վստահեցրեց, որ դրանք իր մոտ որեւէ նստվածք չեն թողել. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ, եւ բացառված է որեւէ նստվածք: Այն, ինչ հայտարարել եմ իմ ելույթներում, այն էր, ինչ ես մտածում եմ, ոչ թե մտածում եմ մի բան եւ այլ բան ասում»,-հավաստիացրեց Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԲՈՒԼԿԻ ԱՐԱՄԸ ՊԱՐՏՔԵՐ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՈՒՄ

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ կհատկացնի: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում առաջացել են էլեկտրաէներգիայի գծով եւ «Սեւան-Հրազդանյան ջրառ», «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց կրեդիտորական պարտավորություններ:

Ըստ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ վերը նշված պարտքերի վճարումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով:
Այսինքն՝ ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն եւ նրանց անունից կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին համապատասխանաբար էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունների դիմաց կվճարի մոտ 610 մլն դրամ: Նշված գումարից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կվճարվի ավելի քան 609 մլն դրամ: Իսկ «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-երին ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով կվճարվի 1.5 մլն դրամ:
Նշենք, որ այս նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:
Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, որովհետեւ ոչ մի ձեւ չկա վերահսկելու, պարզելու, թե ինչպես են կարողանում ՋՕԸ-երը պարտքեր կուտակել: Չէ որ հատկապես վերջին տարիներին, գարնան, ամռան եւ աշնան ամիսներին Արարատի, Արմավիրի մարզերի գյուղացիները բողոքում են ջուր չլինելուց: Բոլորին է հայտնի, որ ՋՕԸ-երի ղեկավարները պարտադրում են գյուղացիներին վճարել իրենց ծառայության դիմաց վարձավճարները:
Իսկ գյուղացիներն էլ պարտադիր վճարում են, որովհետեւ այլ ելք չունեն: Պարզապես չեն կարող չտալ, քանի որ իրենց բերքը կփչանա առանց ջրելու: Այնուամենայնիվ, ջրի ոռոգման համակարգը Հայաստանում ամենամութ եւ փակն է, նաեւ ամենակոռումպացվածը: Հավանաբար սա է պատճառը, որ ՋՕԸ-երի աշխատանքը թափանցիկ չէ:
Ջրի ոռոգման համակարգը գործող իշխանության համար գյուղացիների վրա ազդելու հսկայական լծակ է, որը, պարբերաբար, քաղաքական նպատակներով օգտագործվում է: Սա է պատճառը, որ այս համակարգը միշտ պահում են կոռումպացված: Եւ հենց գալիս է ընտրությունների ժամանակը, այն անմիջապես կիրառում են: Այստեղ տարօրինակն այն է, որ գյուղացին վճարել է իրեն վաճառած ոռոգման ջրի դիմաց, սակայն, չգիտես թե ինչու, ՋՕԸ-երը պարտքեր են կուտակել: Որտե՞ղ են գյուղացիների վճարած գումարները: Ո՞ւմ կողմից են դրանք գրպանվել: Ինչո՞ւ պետք է կառավարությունը մարի ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքի հետեւանքով կուտակված պարտքերը: Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ պատասխաններ չունեն:
Ի դեպ, գյուղացիների հետ ջուր վաճառելու դեպքում ՋՕԸ-երը նույնիսկ պայմանագիր չեն կնքում, եւ ոչ էլ կտրոն են տրամադրում վճարած գումարի դիմաց: Չի վերահսկվում ոչինչ:
Իսկ Արամ Հարությունյանը, ով նախկինում բնապահպանության նախարար էր, կրկին խայտառակ իրավիճակ էր ստեղծել ջրի ոլորտում: Վերջինս անխնա ջրօգտագործման թույլտվություններ էր տրամադրել ձկնաբուծական տնտեսություններին: Ինչի արդյունքում Արարատյան դաշտավայրը այսօր կանգնած է ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման ջրի կորուստի վտանգի առաջ: Ավելին՝ այն ջրազրկվել է: Հուսանք՝ այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մանրամասն կհետաքրքրվի ՋՕԸ-երի աշխատանքով, ապա կորոշի՝ տրամադրե՞լ գումար, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԽՈՍՔԵՐՈՎ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ
Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Տավուշի ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 190-200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով: Մեքենատերերը գնից առավել դժգոհ են գազի լիցքավորման որակից: Նոյեմբերյանցի վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ում 2700 դրամի գազ լիցքավորելու դեպքում իր ավտոմեքենան անցնում է 150 կմ, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում նույնքան գումարի գազ լիցքավորելիս վառելիքը բավարարում է 235 կմ երթեւեկելու համար: Տավուշի մարզի ավտոմեքենաների տերերը դժգոհում են այն բանից, որ ռուսական բնական գազի խողովակաշարը Հայաստան է մտնում Տավուշի մարզի տարածքով, սակայն Ադրբեջանին սահմանակից մարզի տարածքում գազի գինն ավելի թանկ է, քան Սեւանում: Տավուշի մարզում գործող ԱԳԼՃԿ-ներից մեկի սեփականատերն իր անունը չհրապարակելու պայմանով ասաց, որ Սեւանում գործող ԱԳԼՃԿ-ները օգտագործում են մայր գազատարից վերցվող, սակայն չհաշվառվող գազ, ուստի ավելի էժան գնով են լիցքավորում ավտոմեքենաներին: Վաղուց հարկն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԱԳԼՃԿ-ներում ստուգումներ կատարելով՝ հստակություն մտցնի այդ հարցում:

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ` ՎՐԱՍՏԱՆԻՑ
Վրաստանում բջջային հեռախոսները, պլանշետները, դեղորայքը եւ շատ այլ իրեր Հայաստանի համեմատ զգալիորեն էժան են, ինչի պատճառով հարեւան երկրից այդ ապրանքների մաքսանենգությունը շարունակվում է: Երեւան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Գոռ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 13-ին Վրաստանից գնել է խոշոր չափի՝ 2 միլիոն 520 հազար դրամ շուկայական արժեքով 8 հատ «Այֆոն 5 Ս» տեսակի բջջային հեռախոսներ, դրանք պահել իր կողմից վարվող «Մերսեդես Բենց 180» մակնիշի ավտոմեքենայի սրահի եւ բեռնախցիկի տարբեր հատվածներում եւ նույն օրը մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Սակայն նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, բջջային հեռախոսները հայտնաբերվել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից: Գ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն հոդվածը նախատեսում է 1-3 միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս