ՆՈՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՎ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011 թվականին, երբ օմբուդսմեն ընտրվեց Կարեն Անդրեասյանը, նրան ոչ ոք չուղեկցեց ՄԻՊ գրասենյակ: Անդրեասյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացավ միայնակ: Իսկ նորանշանակ Արման Թաթոյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ուղեկցությամբ մտավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Շուրջ մեկուկես ամիս է անցել այն օրից, երբ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Նախկին օմբուդսմենի հրաժարականի պատճառների մասով տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Որոշ փորձագետներ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառը տեսնում են նոր Սահմանադրության ընդունման մեջ, մի մասն էլ կարծիք հայտնեցին, որ Կարեն Անդրեասյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո արձանագրված խախտումների մասով պատրաստվում էր զեկույց հրապարակել, ինչը հրաժարականով կանխվեց: Իսկ, ահա, ամենագլխավոր եւ հավանական պատճառը, որը դրդեց հրաժարականի, կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների հետ:
Ինչեւէ: Նախօրեին ԱԺ պատգամավորների 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների չորրորդ պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը: Նորանշանակ օմբուդսմենը, առաջին աշխատանքային օրը անդրադառնալով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստներին այցելելու իր մտադրության թեմային, ասել էր, թե ինքը չի ուսումնասիրել Վարդգես Գասպարիի եւ այլոց գործերի բոլոր հանգամանքները. «Նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ՝ ինչ ենք անում, ինչից ենք սկսում: Շատ հարցեր կան լուծելու»:
Այն, որ Արման Թաթոյանին դժվար աշխատանք է սպասվում, գաղտնիք չէ, իսկ, ահա, ամենագլխավոր հարցերից մեկը, թերեւս, այս օրերին մնում է օդից կախված:
Բանն այն է, որ դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո արձանագրված իրավախախտումների մասով նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր ՀՀ իրավապահ մարմիններին՝ հասկանալու համար, թե ինչ քննչական գործողություն են կատարվել արձանագրված դեպքերով: «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Կարեն Անդրեասյանը հանդիպել էր մի շարք հասարակական կազմակերպությունների, իրավաշտպանների հետ, որոնք նույնպես բազմաթիվ փաստեր էին ներկայացրել, թե ինչ խայտառակ ընտրախախտումներ էին եղել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը:
Եւ հիմա արդեն ՀՀ գրեթե բոլոր իրավապահ մարմինները պատասխանել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումներին: Մեզ հասած տեղեկություններով՝ օմբուդսմենի գրասենյակը, ուսումնասիրելով բոլոր դիմումները, վերլուծելով արձանագրված փաստերը, նախատեսել էր 2016թ. հունվարի 25-ին հրապարակել դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության անցկացման ՄԻՊ զեկույցը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց:
Ասել է, թե մինչ օրս օդից կախված է մնացել հանրաքվեի մասին ՄԻՊ զեկույցը, եւ թե, ի վերջո, ըստ այդ կառույցի, ինչպես է անցկացվել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարանքվեն: Եվ, ահա, ըստ էության, այս պատասխանատու զեկույցի հրապարակման ողջ բեռը ընկավ Արման Թաթոյանի ուսերին: Սա նրա համար կարող է ստուգարքի պես մի բան լինել:
Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Արման Թաթոյանը, արդյո՞ք կհրապարակի նախկին օմբուդսմենի վերլուծությունը, թե հերթական անգամ նոր դիմումներ պետք է ուղարկի իրավապահ մարմիններին եւ նոր ծանոթանա, դժվար է ասել: Բայց դատելով այն փաստից, թե որ կուսակցության առաջարկած թեկնածուն է Արման Թաթոյանը, կարելի է կանխատեսել Թաթոյանի վերաբերմունքը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հարնաքվեի քվեարկության մասին: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ԴԻՄԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: Ավելին՝ արդեն տեւական ժամական է, ինչ «Ժողովուրդ»-ը նկատում է, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը իր կուսակից ընկերների հետ Ազգային ժողովի միջանցքում քննարկում, թե ինչպես կարող են այդ իրավիճակից դուրս գալ: Իսկ, ահա, կուսակից ընկերները փորձում են հանգստացնել պատգամավորին՝ նշելով, թե պետք լինի, նախարարին կդիմեն, թող հանգիստ լինի: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որը վստահեցրեց, որ ֆինանսական խնդիր չունի, եթե «անգամ ունենամ, ոչ մեկի չեմ դիմի»: «Ձեզանից եմ լսում նման բան: Այսօր շատ մարդիկ կան, որ ֆինանսական խնդիր ունեն, բայց, Փառք Աստծո, ես նման խնդիր չունեմ»:
Հարցին՝ միգուցե իր կուսակից ընկերներին դիմում է այլ մարդկանց օգնելու նպատակով, Բազմասեր Առաքելյանը նշեց, որ նման բան կարող է լինել, որ այլ մարդկանց համար ինքը միջնորդի, բայց որ ինքը հայտնվի նման իրավիճակի մեջ, հուսով է, որ նման բան չի լինի. «Ամեն առավոտ իր ընկերների համար ֆինանսական սոցիալական հարցերով դիմում եմ տարբեր տեսակի վերնախավին, պատգամավորներին, օլիգարխներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց մինչեւ հիմա ինձ համար ոչ մեկի չեմ դիմել»:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԴԻՄՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մելիքյանը հայտնեց, որ իրավապահներին դիմում-բողոք է ներկայացրել ընդդեմ Հրազդանի ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանի. «Մինչ ինձ, «Հրազդան» ՔԿՀ-ից Նուբարաշեն տեղափոխելը բազմաթիվ վիրավորանքներ է հասցրել, ինչի արդյունքում ես ինքնասպանության փորձ եմ կատարել. «Հացադուլի մեջ եմ եղել, պետը ասում էր՝ ինչ ուզում ես արա, ուզում ես՝ կախվի, քեզ ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերելու: Օրեր առաջ դատախազության ներկայացուցիչներ եկան ինձ մոտ ու հայտնեցին, որ ՀՀ նախագահին ուղղված դիմումը ուղարկվել է դատախազություն, եւ իրենք այդ դիմումի հիման վրա ինձ պետք է հարցաքննեն: Նպատակս մեկն է, որ իմ նկատմամբ կիրառված բռնի ուժի համար «Հրազդան» ՔԿՀ-ի պետը պատասխան տա»:
Նշենք, որ Արթուրը ՔԿՀ-ում հայտնվել է գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործի համար: Ըստ նրա՝ իր դիմումի հիման վրա ՀՔԾ-ում քննություն է ընթանում, ու չի բացառվում՝ առաջիկայում հարուցվի քրեական գործ:

 

 

700 ԿՐԱԿՈՑ
Փետրվարի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՎՐԻՊԵԼ
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հրապարակած 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանում հիմնական իրավունքների խախտման դեպքերին` ընդգծելով խաղաղ հավաքներին ոստիկանական միջամտության, հակակառավարական բողոքի ցույցերին մասնակցած անձանց ձերբակալության, ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը: Ներկայացված են 2015-ի հունիսի 23-ի դեպքերը՝ ներառյալ լրագրողների նկատմամբ բռնությունները, Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցերը, ոստիկանական ուժի գործադրման մանրամասները, ցույցի մասնակիցներին ձերբակալելը, մինչ օրս շարունակվող քննությունը:

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի եւ այլ քաղբանտարկյալների՝ Երեւանում երեկ մի խումբ երիտասարդներ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով պառկել են նախագահական նստավայրի դիմաց եւ բողոքի ակցիա իրականացրել, ինչից կարճ ժամանակ անց նրանց բռնությամբ բերման են ենթարկել: Armlur.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ Վարդանյանը, Սիփան Փաշինյանը, Կարո Ղուկասյանը, Արտակ Գեւորգյանը, Միքայել Նազարյանը, Փայլակ Թեւանյանը: Հավելենք, որ Սիփան Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականն է:

 

 

ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ ԵՆ ՏԱՐԵԼ
Դատարանի որոշմամբ՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ տեղափոխվել է «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության։ Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, «Ազատության»-ն ասել է, որ առավոտյան է տեղեկացել ամուսնու՝ հոգեբուժարան տեղափոխելու մասին։ «Երեկ ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան՝ ասելով, որ իրավունք չունեմ։ Այսօր առավոտյան թույլատրեցին, բայց նշեցին, որ Գասպարին այնտեղ չէ, տեղափոխվել է հոգեբուժարան»։ Տեղեկացնենք, որ Գասպարին դիմել է Աժ մի շարք պատգամավորների` աջակցության խնդրանքով, քանի որ նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգում են եւ սպառնում, որ «այդտեղից կենդանի չի պրծնի»:

 

 

ԱՀԱԶԱՆԳ
Կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպանները երեկ հայտարարություն են տարածել` ահազանգելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գասպարին ենթարկվում է խոշտանգումների: Այս ահազանգին արձագանքել են ՔԿՀ-ից` հավաստիացնելով, որ փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Նշվում է նաեւ, որ Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ եւ ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է, իսկ այսօր՝ ժամը 19։10-ին, նա հացադուլը եւ ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։




Լրահոս