Համաժամանակյա (սինքրոն) թարգմանությունը բարդ գործ է և, բացի երկու լեզվի փայլուն իմացությունից, պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական ունակություններ: Համաժամանակյա թարգմանիչները սովորաբար աշխատում են մինչև 30-35 տարեկանը: Բացառություններ, անշուշտ, լինում են: Պրոֆեսիոնալ թարգմանիչը պետք է ունենա նյարդային ամուր համակարգ, ինքնատիրապետման և ուշադրության կենտրոնացման, արագ կողմնորոշելու կարողություն ու ոչ մի դեպքում խուճապի չմատնվի: Թարգմանությունը մի կողմից ոգեշնչում է, մյուս կողմից` ծայրաստիճան լարում նյարդերը: Իսկ արտգործնախարարության համակարգում թարգմանչի աշխատանքը կրկնակի դժվար, պատասխանատու և ոչ միշտ շնորհակալ գործ է: Որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես նրանք, ովքեր չեն տիրապետում օտար լեզուների, թարգմանչին նայում են վերևից` որպես սպասարկող անձնակազմի ներկայացուցչի:
Տանջալից է եղել, օրինակ, Ստալինի և Խրուշչովի թարգմանիչների աշխատանքը. առաջինի հետ` ֆիզիկական վախի, երկրորդի հետ` ոչ կանոնակարգված լեզվի պատճառով:
…Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլ դը Գոլն այցելում է Ստալինին: Զրույցը խիստ գաղտնի էր` ռազմական գործողությունների շուրջ: Թարգմանում է երիտասարդ դիվանագետ Ալեքսեյ Պավլովը: Վերջում դը Գոլն ընդգծում է, որ խիստ կարևոր է, որ այդ զրույցի թեման իրենցից` երկուսից բացի, ոչ ոք չիմանա: Տրոյանովսկին փոխանցում է գեներալի ասածը, ապա սարսափով` Ստալինի պատասխանը.
-Մենք առանց այդ էլ երկուսով ենք:
Իմաստուն դը Գոլը շնորհակալություն է հայտնում գաղտնապահության հավաստիացման համար ու նկատում, որ Պավլովը մեծապես նպաստում է կարծիքների փոխանակմանը, և ավելացնում.
– Ես շատ ուրախ կլինեի հետագա հանդիպումների ընթացքում էլ օգտվել հենց ա՜յս թարգմանչի ծառայություններից…
Դը Գոլի նախազգուշական ցանկությունը ամենևին էլ ավելորդ չի եղել, և բացառված չէ, որ փրկել է ապագա անվանի դիվանագետի կյանքը:
…Արաբերենը ամենադժվար թարգմանվող լեզուներից է ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են արաբագետները, “սովորողին դիմադրում է առաջին քսան տարում”, այլ որ գրական լեզվին տիրապետողները չեն հասկանում տարբեր երկրների արաբերենը: Արդյունքում` նրանց ներկայացուցիչները հանդիպելիս պարզապես դառնում են խուլ ու համր:
Խորհրդային ԱԳՆ-ում եղել են ընդամենը մի քանի արաբագետդիվանագետներ, որոնք անգերազանցելի թարգմանիչներ էին: Նրանցից էր Զանգեզուրի Տեղ գյուղից հրաշքով Մոսկվայում հայտնված Սերգեյ Առաքելյանը, որը թարգմանում էր պետությունների ղեկավարների խոսքն արաբերենից ռուսերեն ու հակառակը: Բացի Առաքելյանից` Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերն այլ թարգմանիչ չէր ընդունում:
Ինստիտուտն ավարտելուց հետո Սերգեյ Առաքելյանն աշխատել է Ասուանում (Եգիպտոս)` որպես փոխհյուպատոս: Նա միակ թարգմանիչն էր, որ հասկանում էր երկրի հարավային բարբառը: 1964 թվականի մայիսին Ասուանի ջրանցքի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Եգիպտոս են ժամանում Նիկիտա Խրուշչովը և բոլոր արաբական երկրների ղեկավարները: Հանդիսությունից առաջ, իր կողքին տեսնելով Իրաքի կոմունիստների դահճին` նախագահ Արիֆին, Խրուշչովը բարկանում է.
– Հայտնեք Նասերին, որ Արիֆի հետ ես զուգարան էլ չեմ գնա (Передайте Насеру, что я рядом с Арифом срать не сяду!):
Այդ “նուրբ” առաքելությունը բաժին է ընկնում Սերգեյին: Նա, որ, ի տարբերություն Խրուշչովի, դիվանագետ էր, հետևաբար` անհամեմատ բարեկիրթ, Նասերին հավանաբար փոխանցում է ժողովրդական բանահյուսության այս ,գոհարիե գրական – Դա Խրուշչովի իրավունքն է: Ես պարզապես ուզում էի նրանց հաշտեցնել,– պատասխանում է Նասերը:
Երբ Առաքելյանը Խրուշչովին փոխանցում է Նասերի բացատրությունը, նա ձեռքը թափ է տալիս.
– Թող ռադը քաշի…Ասա` չեմ հաշտվի, և վերջ (Да пошел он… Скажи, не буду мириться, и все!):
Սակայն Սերգեյի համար փորձությունը դեռ առջևում էր: Խրուշչովը ողջունում է պետությունների ղեկավարներին` բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս ավելացնում է Արիֆի անունը: Ինչո՞ւ: Դա պահանջում էր դիվանագիտական էթիկա՞ն, քաղաքական նկատառո՞ւմ էր, թե՞ թարգմանչի սայթաքում: Դժվար է ասել: Սակայն եղածը եղած էր: Եվ Խրուշչովից ոչ հեռու կանգնած պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոյի ռազմական հետախուզության թարգմանիչը նրա ականջին փսփսում է, որ Առաքելյանը թարգմանելիս ինքնակամ ողջունել է “մեր թշնամուն”:
Մարշալն առանց շուռ գալու հրամայում է իրեն ուղեկցող զինվորականներին.
– Թարգմանչին դատե՜լ (Переводчикa под трибунал!):
50 տարի առաջ Նեղոսի ափին խաղացված այս տեսարանը թերևս առաջացնի ընթերցողի ժպիտը: Սակայն երբ պատվիրակությունը, ըստ այցի ծրագրի, ժամանում է Ալեքսանդրիա, Սերգեյի և նրա ընկերների սրտին, ինչպես ասում են, դանակ խփեիր, արյուն չէր կաթի: Գահընկեց արված թագավոր Ֆարուքի պալատում Խրուշչովին և Նինա Պետրովնային տրամադրված թագավորական շքասենյակները խորհրդային առաջնորդին առանձնապես չեն հուզում: Նա, արագ հանելով կոստյումը, վրան է քաշում ուկրաինական ոճով ասեղնագործած վերնաշապիկը և դուրս գալիս զբոսնելու: Տեսնելով միջանցքում հերթապահող դեսպանության երրորդ քարտուղար Պողոս Հակոբովին` Խրուշչովը հետաքրքրվում է պատերին փորագրված գրառումներով:
Հակոբովը կամ դժվարանում է թարգմանել, կամ որոշակի նկատառումով թարգմանությանը մասնակից է դարձնում ոչ հեռու տխուր-տրտում կանգնած Սերգեյին: Վերջինս համապատասխան մեկնաբանություններով հրաշալիորեն ներկայացնում է սուրահների բարդ, փիլիսոփայական բովանդակությունը:
Իջնում են բակ: Հետաքրքրասեր Խրուշչովն արաբ պարտիզպանին հարցուփորձ է անում շրջապատի փարթամ բուսականության մասին: Նիկիտա Սերգեևիչը նկատում է, որ նա կարգին բան չի ասում, իսկ Սերգեյը երկար-բարակ պատմում է յուրաքանչյուր ծառ ու ծաղկի մասին, տալիս գիտական բացատրություններ: Խրուշչովի այն հարցին, թե որտեղի՞ց գիտե այդ ամենը, Առաքելյանը համեստորեն բացատրում է, որ երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսում:
Այնուհետև երկու հայ երիտասարդներն անում են ձիու քայլը: Հակոբովն Առաքելյանին հայերեն ասում է, որ նա հեռանա, և Խրուշչովին հայտնում է, որ նրան դուր եկած հեռանկարային երիտասարդ դիվանագետը մարշալ Գրեչկոյի կարգադրությամբ շուտով կանգնելու է զինվորական դատարանի առաջ: Եվ պատմում է կատարված միջադեպի մասին:
– Ի՜նչ հիմարություն (Что за ерунда!),- ասում է Խրուշչովը:
Նիկիտա Սերգեևիչը մոտ է կանչում ստվերի նման իրեն հետևող ,Իզվեստիայիե գլխավոր խմբագիր, իր փեսա Աջուբեյին և կարգադրում, որ Գրեչկոյին դուրս կանչի պատշգամբ, իսկ Հակոբովին` որ մենակ թողնի իրեն: Թե ինչ խոսակցություն է տեղի ունենում Խրուշչովի և պաշտպանության նախարարի միջև, պատմությանը հայտնի չէ: Սակայն 15 րոպե անց սպասարկող խմբին հայտնի է դառնում, որ հարցը փակված է:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am
Նկարի հեղինակ՝ Վահե Գասպարյան