Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղ վաղուց հասարակական տրանսպորտ չի մեկնում: Բարեկամավանցիները տարածաշրջանի կենտրոն Նոյեմբերյան, Տավուշի մարզկենտրոն Իջեւան հասնում են պատահական ավտոմեքենաներով, շատ գումար ծախսելով: Անցած 25 տարիներին Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: Մարդիկ հեռացել են՝ չկարողանալով մշակել գյուղի 500 հա վարելահողերը ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով: Նույն պատճառով բարեկամավանցիները չեն կարողանում օգտվել շուրջ 50 հա խոտհարքներից, 170 հա արոտավայրերից:
Համեմատաբար անվտանգ է գյուղի բարձրադիր հատվածը, որտեղ գյուղացիները քիչ քանակությամբ հող են մշակում, անասուններ արածեցնում: Բարեկամավանում ընդհանրապես ոռոգման ջուր չկա, խմելու ջրի խնդիրը եւս սուր է: Բնակիչները հայտնեցին, որ նախկինում գյուղում 5 առանձնատուն քանդել են շինանյութի համար՝ դրսում ապրող դրանց տերերին քիչ գումար վճարելով:
ՀՀ իշխանությունները վերջին տարիներին Տավուշի սահմանագոտում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացրել, մարզի սահմանամերձ 24 գյուղերին հարկային արտոնություններ են տրվել, սակայն դրանից սահմանագոտու բնակիչների կյանքն էապես չի բարելավվել: 2 տարի առաջ գազաֆիկացվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջեւան գյուղերը, սակայն գյուղացիներն իրենց տներում գազ չունեն. վճարունակ չեն, այդ գյուղերում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ