Ձկնաբույծներին առաջարկվել է նվազագույնի հասցնել ջրառը. վիճակը խիստ մտահոգիչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ վիճակը խիստ մտահոգիչ է: Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ստորերկրյա ավազանների մակարդակի նվազման եւ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի չկարգավորված օգտագործման հետեւանքով Արարատի եւ Արմավիրի մարզերի մոտ 30 գյուղ մնացել է առանց խմելու եւ ոռոգման ջրի:

Սակայն ձկնաբույծները պնդում են, որ իրենք ոչ մի կապ չունեն Արարատյան դաշտի ստորեկրյա արտեզյան ջրերի պաշարների աղետալի վիճակի հետ: Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը. «Արարատյան արտեզյան ավազանում առաջացած խնդիրը բազմագործոն է՝ կապված ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետ բոլոր բնագավառներում… Խնդիրն առավել սրվեց 2007-ից հետո, երբ աննախադեպ ծավալներով սկսեցին զարգանալ ձկնաբուծական տնտեսությունները. տեղի ունեցան ինչպես խորքային հորերի ապօրինի հորատումներ, այնպես էլ օրինական հորերի գերշահագործում»:

Հիշեցնենք, որ 2007թ մինչեւ 2014թ ՀՀ ԲՆ նախարար էր Արամ Հարությունյանը: Ստացվում է, որ ԲՆ-ի այժմյան ղեկավարույթունը խոստովանում է, որ հենց Հարությունյանի պաշտոնավարման տարիներին է Արարատյան դաշտավայրում ստեղծվել նման աղետալի վիճակ:

Ըստ ԲՆ-ի՝ 2013-ի սեպտեմբերի 6-ին մշակվել է Արարատյան դաշտում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման պլան` առաջնահերթությունը տալով ձկնատնտեսություններում առկա հորերին: 2014-2015թթ ընթացքում ԲՆ նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքների արդյունքում խնայվել է 41867.8 լ/վրկ կամ տարեկան 1մլրդ 320.3 մլն մ3 ջուր:

2016-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել նաեւ Արարատյան ջրավազանային կառավարման պլանի նախագիծը, որը թույլ կտա հետագայում արդյունավետ կերպով իրականացնել ստորերկրյա ջրային պաշարի կառավարումը: «Ժողովուրդ»-ը ԲՆ-ից տեղեկացավ, որ ձկնաբուծական տնտեսությունների առջեւ խնդիր է դրվել չվնասել իրենց տնտեսության զարգացման հեռանկարները, ներդնել ջուր եւ էներգիա խնայող ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նվազագույնի հասցնելով իրականացվող ջրառը, ինչպես նաեւ օգտագործել ջրի ծախսը հսկող ավտոմատ համակարգեր: Արդյոք ԲՆ-ի առաջարկին կհամաձայնեն ձկնաբույծները, ցույց կտա ժամանակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս