ԳՅՈՒՂԱՑԻՆ ՄՆՈՒՄ Է ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիները ստիպված վերավարկավորվում են: Նրանց մի մասը ցանկություն է հայտնել մեկ տարով երկարաձգել վարկի մարումը, մյուս մասը` երկու կամ երեք տարով: Մինչդեռ նույն մարզի Շենավան համայնքը լքող տղամարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է. 90 տղամարդ կարկտահարությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Գյուղապետ Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատակեց՝ ասելով. «Գյուղում ես ու չոբանն ենք մնացել. ես՝ գյուղապետ, ինքն էլ՝ ինձ տեղակալ»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրում տեղացած ուժեղ կարկուտից հետո կառավարությունը որոշել էր աջակցել տուժած գյուղացիներին եւ մասամբ փոխհատուցել նրանց կրած վնասը: Կառավարությունը պետք է 4 տոկոսով սուբսիդավորի տուժած գյուղացիների՝ գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկերի տոկոսադրույքները, բացի այդ, տարադրամով վարկերը պետք է փոխվեն  դրամայինի: Նշենք, որ կարկտահարությունից տուժել է 46 համայնք, ընդհանուր՝ 17 հազար հա ցանքատարածություն:
Հայկավան համայնքն ունի 300 ընտանիք, որոնցից 180-ն ունեն գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկեր: Հիմա նրանք ստիպված երկրորդ անգամ են վարկավորվում, որպեսզի կարողանան գոյատեւել ու վարուցանք անել: «Իսկ «Արեգակ» «Ֆինքա» եւ «Կամուրջ» վարկային կազմակերպությունների կողմից տրամադրած վարկերի 24% տոկոսադրույքները պետությունը չի սուբսիդավորելու: Այդ 24 տոկոսը վճարելու է միայն գյուղացին: Հայկավանցիների մեծ մասը ե՛ւ դոլարով վարկ ունի փակելու, ե՛ւ դրամով»,-ներկայացրեց Հայկավանի համայնքապետ Մամիկոն Գեւորգյանը:
ՀՀ կառավարությունը հայկավանցիներին բաժանել է բազուկի, լոլիկի, առվույտի, վարունգի, ձմերուկի, արեւածաղկի ու եգիպտացորենի սերմեր: Սակայն` ուշացած, ինչի պատճառով գյուղացիները չեն սպասել ու իրենց սեփական միջոցներով են ցանքսը կատարել: «Բայց, ամեն դեպքում, այդ սերմը հասավ մարդկանց: Եթե այս տարի չօգտագործեն, ապա մյուս տարի անպայման կօգտագործեն: Գյուղացիները պարապ չեն մնա, ճիշտ է, կարող է բերքը մի քիչ ուշ հավաքեն ու վաճառեն, բայց ինչ արած: Լավ կլինի»,-հուսադրեց Հայկավանի գյուղապետը:
Նրա կարծիքով՝ տեղացած կարկուտից ժողովուրդն ավելի շատ օգտվեց, քան տուժեց: «Գյուղացիների մոտ ծանր իրավիճակ էր: Ճիշտ է, իրենց բերքից գումար կունենային, բայց, ամեն դեպքում, երբ գար վարկը մարելու ժամանակը, իրենց վիճակն ավելի կբարդանար: Վերավարկավորումը գյուղացիների համար շատ մեծ բան էր, որ կառավարությունն արեց: Հավատացե՛ք, որ այդպես է, չկա չարիք` առանց բարիք,-նշեց Հայկավանի լավատես գյուղապետը, այդուհանդերձ, չժխտելով, որ այս տարի գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացել է,-ամեն տարի 15 հոգի գյուղից գնացել է, բայց այս տարի 25 մարդ գնաց: Կարկտահարությունից հետո գնացողների թիվը մի փոքր ավելացավ»:
Շենավանում նույնպես սերմերն ու սերմացուները տրվել են ուշ, ինչի պատճառով շենավանցիներն էլ բերքն ուշ են հավաքելու: «Ուղղակի հիմա ցանողները շատ ուշ կհավաքեն: Իսկ որ գյուղացին էլ հիմա չի ցանել, պահել է, որ գարնանը ցանի: Նույնիսկ իրենց վարուցանքը պարտքով են արել: Տրակտորիստին էլ են պարտք  մնացել: Բերքը հավաքելու ժամանակ կվճարեն»,-ներկայացրեց Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը:
Ըստ նրա՝ կարկտահարությունից հետո գյուղից արդեն 90 տղամարդ է մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի: «Գյուղում մնացել ենք ես ու չոբանը. ես՝ գյուղապետ, ինքն էլ՝ ինձ տեղակալ»,-կատակեց Շենավանի գյուղապետը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ գյուղացիներն իրենց կարկտահարված ծիրանը 50 դրամով վաճառել են տեղական հյութ արտադրող գործարաններին:
ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ գյուղացու կորստի բեռը պետությունն ամբողջությամբ չի վերցնում իր վրա, մեծ մասը, միեւնույն է, մնում է գյուղացու ուսերին:
«Պետությունն ամբողջովին չկարողացավ գյուղացուն օգնել: Առաջին պատճառներից մեկն այն է, որ գյուղատնտեսությունն ապահովագրված չէ, ամենամեծ խնդիրը դա է, երկրորդը՝ պետությունը ֆինանսական միջոցներ չունի, որ օգնի: Այն օգնությունը, որ առաջարկել են, դա նորմալ է, բայց գյուղացու հոգսը դրանից չի թեթեւանում: Նա ավելի ծանր բեռի տակ է ընկնում: Կարելի էր գյուղատնտեսական վարկ տրամադրել, բայց ցածր տոկոսադրույքներով: Ինչ-որ լուծում պետք է գտնեին. վճարման ժամկետները պարզապես երկարացնեին: Այն, ինչ արվում է, գյուղացուն չի օգնի, որովհետեւ նրան հիմա գումար է պետք, որ կարողանա այդ վիճակից դուրս գալ: Հաջորդ տարի պետությունը գոնե պետք է գյուղացու կողքին կանգնի: Մյուս նորմալ երկրներում գյուղացիներին գարնանն օգնում են դիզվառելիքով, սերմերով, իսկ աշնանը գյուղացին ցածր տոկոսով փոխհատուցում է: Իսկ մեզ մոտ այս ամբողջ պատմության մեջ գյուղացին մնում է կոտրած տաշտակի առջեւ: Այսօր նա բերք չունի, եկամուտ չի ստացել, իր վնասները չեն փոխհատուցվել, դրան գումարած՝ պետք է գյուղում ապրի ու հաջորդ տարի շարունակի իր աշխատանքները: Փաստորեն, կառավարությունը սուբսիդավորում է ոչ թե գյուղացուն, այլ բանկին: Սուբսիդավորումը պետք է լինի հասցեական»,-նշեց տնտեսագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս