ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԱԿՏԻՎ ԼԻՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք մարզերում` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք եւ Վայոց ձոր, տեղի են ունենալու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդդիմադիր կուսակցություններից շատերը, սակայն, այս անգամ եւս որեւէ հետաքրքրություն չեն դրսեւորում ՏԻՄ ընտրությունների հանդեպ, եւ դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանք առաջադրելու են իրենց թեկնածուներին առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, «Հայ ազգային կոնգրես»-ն այժմ քանի՞ տարածքային կառույցներ ունի:
-2008 թվականից մենք ստեղծում ենք դրանք: Սկզբից մազկենտրոններում ստեղծեցինք, հետո մտանք ամեն շրջան: Կարելի է ասել՝ նախկին սովետական բաժանման շրջաններում մենք կառույցներ ունենք, բացառությամբ մի քանիսի: Ընդհանուր 5000 մարդ է, բայց ռեալ, ոչ թե փուչիկ: Հիմա որ կուսակցությանը հարցնես, կասեն՝ կա՛մ 150.000 մարդ են, կա՛մ 50.000, կա՛մ 200 000: Վստահ եղեք, որ նման մեծությունների կուսակցություններ չկան, գոյություն չունեն Հայաստանում: Միգուցե ֆորմալ առումով միայն ՀՀԿ-ն կարողանա համարվել այդպիսի մեծ կուսակցություն, բայց այն պատճառով, որ մարդիկ մտնում են այդ կուսակցություն պաշտոններ ստանալու համար, որովհետեւ շատերին նման պայմաններ են առաջարկում:
-Իսկ ՀԱԿ տարածքային կառույցներն ինչպիսի՞ ակտիվությամբ են այժմ գործում:
-Վերջին ակտիվ գործողությունը հանրաքվեն էր, որտեղ միայն ՀԱԿ-ի տարածքային կառույցներն են աշխատել: Դա համատարած կարծիք է, բոլորը, այդ թվում օտարերկրյա դիվանագետները, ովքեր դիտարկել են ընտրությունները, ասել են, որ կեղծիքներին դիմադրել են քաղաքացիական հասարակությունը եւ ՀԱԿ-ի տարածքային կառույցները: Մեր կառույցները կան, երեւացող են, գործ անող են, այլ ոչ թե փուչիկ, ինչպես շատ ամպագոռգոռ խոսացող քաղաքական ուժերի կառույցները:
-Պարո՛ն Զուրաբյան, ապրիլի 17-ին ՀՀ տարբեր մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Արդյո՞ք ՀԱԿ-ը թեկնածուներ կառաջադրի այդ ընտրություններում:
-Մենք հասկանում ենք, որ ամենամեծ իմաստն ունի մասնակցել նախագահական ընտրություններին, որովհետեւ այդ ժամանակ ժողովուրդը, այնուամենայնիվ, ինչ-որ շանս տեսնում է եւ գնում է լուրջ պայքարի: Երկրորդ նշանակությունն ուներ Ազգային ժողովի ընտրությունները: Մինչեւ մենք երկրում չփոխենք իշխանությունը, ՏԻՄ ընտրություններին իմաստ չունի մասնակցել, որովհետեւ ակնհայտ է, որ ժողովուրդը չի գնա ռիսկի եւ աջակցի ընդդիմությանը, քանզի գիտի, որ դրա համար հետո հալածվելու է, գիտի, որ իշխանությունները հետո պրոբլեմ են ստեղծելու ընդդիմադիր համայնքի կամ նրա ընդդիմադիր ղեկավարի համար: Բայց հիմա կարծես ինչ-որ պլան կա, որով ցանկանում են վերանայել ընտրական օրեսգիրքը եւ համայնքներում մտցնել կուսակցական սկզբունքը: Տեսնենք նոր ԸՕ-ն ինչ կանոններ է սահմանել քաղաքական պայքարի համար, այդ ժամանակ միգուցե իմաստ լինի ակտիվորեն մասնակցելու արդեն կուսակցական սկզբունքով անցկացվող ՏԻՄ ընտրություններին: Առավել եւս, որ դա բերում է մեզ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, եւ շատ կարեւոր է, որ քաղաքական ուժը ակտիվ լինի նաեւ տեղական մակարդակով:
-Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Սասուն Միքայելյանին: Դուք պաշտպանելո՞ւ եք նրա թեկնածությունը:
-Նման հարց մենք ընդհանրապես չենք քննարկել:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան
-Պարո՛ն Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցությունը տարածքային քանի՞ կառույց ունի, եւ որքանո՞վ են դրանք այժմ ակտիվ գործում:
-«Ժառանգություն»-ն ունի տարածքային կառույցներ բոլոր մարզերում եւ բոլոր քաղաքներում: Ներկա դրությամբ «Ժառանգություն»-ը Հայաստանում տիրող ստի, կեղծիքի, այս իշխանական հանցագործության պայմաններում արտահերթ իրավիճակի դիմաց արտահերթ լուծում է սպասարկվում «Նոր Հայաստան»-ի եւ շարքային քաղաքացիների միջոցով: Մենք մասնակցել ենք բոլոր հնարավոր ընտրական միջոցառումներին նույնիսկ ամենաանհավասար պայմաններում, երբ մյուսները դիտորդի կարգավիճակում էին: Բայց մենք չենք դիտարկում այս իշխանության վերարտադրումը հերթական ընտրությունների միջոցով: Պետք է տրվի արտահերթ լուծում: Իսկ եթե մենք գանք հաջորդ տարվա շեմին, ապա «Ժառանգություն»-ը ներքին լուծումները կգտնի, մենք մեզ կգտնենք պայքարի բոլոր ճակատներում:
-Ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը իր թեկնածուներին առաջադրելո՞ւ է:
-Ցանկությունը բնական է, որ մեր քաղաքները եւ մեր գյուղերը ունենան իրենց բնակիչներին, իրենց ընտրողներին համապատասխանող վստահության քվեն վայելող իշխանություն: «Ժառանգություն»-ը, վստահ եմ, կմասնակցի նաեւ մեծ քաղաքներում այդ գործընթացներին:
-Հրազդան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի ընտրություններին առաջադրել է Սասուն Միքայելյանին: «Ժառանգություն»-ը պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունը:
-Մեզ չեն դիմել: Սասուն Միքայելյանին մենք զորակցել ենք նախորդ ընտրություններում եւ հաջորդին ենք զորակցելու: «Ժառանգության» ներկայացուցիչները տեղում կլինեն՝ ընտրական հանձնաժողովներում պաշտպանելու համար Հրազդանի ժողովրդի քվեն:

 

 

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ՀՈՍՔԻ ՎՐԱ

Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցվող տրանսֆերտները շարունակում են կտրուկ նվազել:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել էր, որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների ներհոսքը կազմել է 29 մլն 372 հազար դոլար, 2015-ի հունվարին` 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին` 78 մլն 614 հազար: Այս թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը հետզհետե ավելի դժվարին վիճակում է հայտնվում:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները տարեցտարի շարունակվում են նվազել: Սա ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ, եւ ինչի՞ արդյունքում է այս բացասական միտումը խորանում:
-Իշխանությունը չի կարող փոխել տրանսֆերտների վիճակը, որովհետեւ տրասֆերտները գալիս են մեկ ուրիշ երկրից, եւ այնտեղ տնտեսական իրավիճակը, իհարկե, վատթարացել է: Եւ այս պարագայում, իհարկե, տրանսֆերտների քանակը ոչ միայն Հայաստան, այլեւ այլ երկրներում էապես կրճատվել է: Սակայն դա վերաբերում է ընդամենը մեկ ամսվան, հունվար ամսվա ցուցանիշներով դժվար է ասել, թե ամբողջ տարվա ընթացքում ինչպիսին կլինի հոսքը: Մեկ ամիսը էական նշանակություն չի կարող ունենալ, ես չեմ կարծում, որ այդ իրավիճակը կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում:
-Չնայած ծանր տնտեսական վիճակին՝ պետական գերատեսչությունները շարունակում են շռայլորեն վատնել բյուջեի միջոցները: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանն ընթացիկ տարում 1 միլիոն դրամ է հատկացրել շոկոլադի գնմանը…
-Բոլոր ծախսերը իրականացվում են բյուջեներին համապատասխան եւ այդ բյուջեները հաստատվում են: Եւ այս երկու խնդիրները իրար հետ կապելը, կարծում եմ, իմաստ չունի: Նրանց հոսքերը, նրանց ծախսերը, նախապես որոշված են եղել իրենց համապատասխան մարմինների կողմից:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ԿՐԿԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒՄ
Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ժամը 15.20-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 40-ամյա դատապարտյալ Մ. Ս.-ն: ՔԿՎ հանրային կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքը եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 65 խցում: Դատապարտյալին հայտնաբերելուց հետո խցակիցներն ու հիմնարկի բժիշկներն ամեն կերպ փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ապարդյուն: Դեպքի փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, ինքնասպան եղած տղամարդը ազատազրկման էր դատապարտվել 5 ամիս ժակետով, իսկ նրա պատժի ժամկետի ավարտին մնացել էր 20 օր: Այս փաստն ինքնին կասկածի տակ է դնում ինքնասպանության «ինքնակամ» լինելու հանգամանքը: Արդյոք իրավապահները կբացահայտեն այս դեպքը, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

 

 

ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկվանից սկսել էր Հայաստանում հանդիպումների շարքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս երեկ արդեն հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր գործիչների հետ: Ի դեպ, այդ հանդիպումներն անցել են փակ դռների ետեւում, եւ դրանց բովանդակության մասին ոչինչ չի հրապարակվում: Ըստ լուրերի՝ այդ հանդիպումների ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հարցը, ընտրական նոր օրենսգրքի թեման: Նշենք, որ Ֆեդերիկա Մոգերինին ընդդիմադիր գործիչներից հանդիպել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՕԵԿ-ից Մհեր Շարգելդյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

 

 

ՎԱՐԿ՝ ԱՂԲԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության վաղվա նիստում ֆինանսների նախարարությունը գործադիրի հաստատմանը կներկայացնի մի նախագիծ, որով նախատեսվում է նոր վարկ վերցնել՝ աղբավայր կառուցելու համար: Ըստ այդմ, կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ անցած տարվա դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին: Այս ծրագրով ՎԶԵԲ-ը խոստացել է Հայաստանին տրամադրել 8 մլն եվրոյի վարկ: Նոր աղբավայրը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարեւանությամբ: Նշենք, որ ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրոն տրամադրելու է ՎԶԵԲ-ը, 8 մլն եվրո վարկ էլ կհատկացնի Եվրոպական ներդրումային բանկը, եւ եւս 8 մլն եվրո էլ, իբրեւ դրամաշնորհ, նախատեսվում է, որ կտրամադրի Եվրամիությունը:




Լրահոս