Գործարարները հաճախակի են բողոքում, որ տարատեսակ տեսչական ստուգումներն անտեղի են ու չհամակարգված: Այս խնդիրը կարգավորելու համար անցած տարվա հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կես տարով տնտեսվարողների գործունեությանը չմիջամտել եւ տեսչական ստուգումները դադարեցնել: Վարչապետի այս հանձնարարականից անցել է ուղիղ 7 ամիս: Սակայն «Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացավ, որ տեսչական ստուգումները վերսկսվելու են միայն այս տարվա հուլիսի 1-ից:
ՀՀ վարչապետն իր այս որոշումը պայմանավորեց նրանով, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ բողոքում են անհարկի տեսչական ստուգումներից, որոնք ավելորդ խոչընդոտներ են ստեղծում իրենց գործունեության համար: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009-2010 թվականներին եւս արգելվեց բոլոր տեսչական ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում: Որոշման նպատակն էր աջակցել փոքր եւ միջին բիզնեսին եւ նրանց համար ստեղծել հարկային վարչարարության բարենպաստ միջավայր: Սակայն 2013թ-ին այս արգելքը հանվեց՝ այն հիմնավորմամբ, որ մի շարք մարմիններում ներդրվել են ռիսկի վրա հիմնված համակարգեր:
Ի դեպ, ստուգումների կասեցման ժամանակահատվածում անվտանգության նկատառումներով սահմանվել են այն ռիսկային ոլորտները եւ դեպքերը, որոնց ուղղությամբ շարունակվում են ստուգումները: Որպես օրինակ տեղեկացնենք, որ ստուգումները շարունակվում են մանկապարտեզներում եւ դպրոցներում՝ երեխաների անվտանգ եւ որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտութունից ելնելով: Ստուգումներ իրականացվում են նաեւ այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմում են տնտեսվարող սուբյեկտները:
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ստուգումները տեսչությունների կողմից կիրառվող գործիքներից մեկն են հնարավոր ռիսկերի կանխարգելման եւ անվտանգության ապահովման տեսանկյունից, եւ տեսչությունների աշխատակազմերը չեն կարող կազմավորվել՝ ելնելով միայն ստուգումներ անցկացնելու սկզբունքից: Դեռեւս 2009 թվականից Հայաստանում մեկնարկած տեսչական համակարգի բարեփոխումների գործընթացը համակարգվում է ՀՀ վարչապետին կից տեսչական բարեփոխումների խորհրդի կողմից: Իրականացվող բարեփոխումների շրջանակներում տեսչություններում ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, որի արդյունքում տեսչությունները ստուգումներ են իրականացնում բացառապես ստուգաթերթերի միջոցով՝ հաշվի առնելով տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն եւ հետաքրքրվեց՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2015 թվականի հուլիսի 23-ի նիստում հնչեցրած տեսչական ստուգումները մինչեւ նույն տարվա վերջը կտրուկ նվազեցնելու մասին հանձնարարականն արդյոք մնում է ուժի մեջ եւ տարածվում նաեւ տեսչությունների՝ 2016 թվականի գործունեության վրա: Մեր այս հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին հետեւյալը. «Համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, 2016 թվականի հունվարի 16-ին ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որը փոփոխություններ է նախատեսում ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիս 30-ի որոշման մեջ, մասնավորապես՝ «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինվել է «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերով»: Այսինքն՝ մեր գործարարներին ընդամենը մնացել է 4 ամիս հանգիստ շունչ քաշելու, որովհետեւ հուլիսի 1-ից կվերսկսվեն տեսչական ստուգումները:
Այնուամենայնիվ, վարչապետի հանձնարարականը այս պահին էլ դեռ շարունակում է ուժի մեջ մնալ: Հետեւաբար տեսչությունների աշխատակազմի մի զգալի մասը շարունակելու է մնալ պարապուրդի մատնված:
ՀՀ կառավարությունից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետը հանձնարարի կրճատել տեսուչների աշխատակազմի մի մասին, առավել եւս, որ բազմիցս հայտարարվել է պետբյուջեի ծախսերը կրճատելու անհրաժեշտության մասին:
Մեր այս հարցին գրավոր պատասխանեց էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը: «Բարեփոխումների այս փուլում աշխատանքներ են տարվում տեսչությունների օպտիմալացման եւ տեսչական մարմինների ձեւավորման ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում: Սակայն այս գործընթացը պայմանավորված է իրականացվող տեսչական բարեփոխումներով, որի վերաբերյալ դրույթներն ամրագրված են ՀՀ կառավարության կողմից հաստատված տեսչական բարեփոխումների իրականացման հայեցակարգերում, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում»:
ԷԼԻՏԱՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԱՆՋՈՒՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Հրազդանի կիրճի հարեւանությամբ գտնվող Ձորափ բնակելի համալիրի, մասնավորապես Ձորափի 40 հասցեի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանք չնայած պարտաճանաչ վճարել են սպառած գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի կոմունալ վարձերը, այնուամենայնիվ, չեն ջեռուցվում:
Տեղեկացնենք, որ Ձորափի 40 հասցեի էլիտար շենքի կառուցապատող «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են Արմեն Մկոյանը, Ամատունի Տոնոյանը եւ Հայկազ Բախշեցյանը: Իսկ շենքի համար սպասարկման ծառայություններ իրականացնում է «Էլիտ սերվիս» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Լարիսա Մկոյանը, Հայկ Ֆարմանյանը, Արմեն Մարկոսյանը եւ Ռոման Ստեփանյանը: Ի դեպ, վերոնշյալ երկու ընկերությունները պատկանում են նույն Մկոյաններին:
Պարզվում է՝ կառուցապատողը մի շարք թերություններով է շահագործման հանձնել շենքը, ինչի հետեւանքով սպասարկումն էլ է թերություններով ընթանում:
Օրինակ՝ շենքն ունի կաթսայատուն, որը նախատեսված է մեծ թվով բնակիչների համար, բայց քանի որ շենքում քիչ թվով մարդ է բնակվում, դրա համար էլ նրանք հսկայական գումարներ են վճարում: «Ժողովուրդ»-ին դիմած բնակիչների խոսքերով՝ եթե շենքն ամբողջությամբ բնակեցված լիներ, ապա նման խնդիրներ չէր առաջանա: Օրինակ՝ շենքն ունի ավելի քան 100 բնակարան (որոնք, ի դեպ, վաճառված են), բայց փաստացի այնտեղ 31-32 բնակարան է բնակեցված: Եւ 31-32 բնակարանատեր վճարում է ավելի քան 100 բնակարանատիրոջ համար:
Սակայն արդեն մի քանի օր է, ինչ նշված շենքի բնակիչները նոր խնդրի առաջ են կանգնել. վերջիններս հրաժարվում են շենքի սպասարկման վարձը վճարել, քանի որ պնդում են, որ շենքում մաքրությունն ու անվտանգություն ասվածն ընդհանրապես չի պահպանվում: Բայց միաժամանակ նրանք պարտաճանաչ կերպով վճարում են սպառած գազի, էլէներգիայի եւ ջրի վարձերը: Սակայն «Էլիտ սերվիս»-ը վճարված գումարից առանձնացրել է իր սպասարկման վճարը եւ «Գազպրոմ Արմենիա»-ին վճարումներ չի արել, ինչի հետեւանքով դադարեցվել է գազամատակարարումը:
Սպասարկող ընկերության՝ «Էլիտ սերվիս»-ի ներկայացուցիչ Հասմիկ Մկոյանը խնդրի առնչությամբ խճճված պատասխան տվեց մեզ. «Չենք միացնելու, մինչեւ չվճարեն: Իրենք հրաժարվում են գազի, էլէներգիայի վարձերը վճարելուց»: Երբ նրան փոխանցեցինք բնակիչների պնդումները, որ իրենք գազի եւ էլէներգիայի վարձերը վճարել են, չեն վճարել միայն սպասարկման վարձը, տիկին Մկոյանն անդրդվելի մնաց:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ բնակիչների իրավաբան Վահե Մնացականյանի հետ: «Բնակիչների կողմից պետք է առանձին համատիրություն ստեղծվի: Եւ որոշեն՝ եթե իրենց ընդհանուր ջեռուցում անհրաժեշտ չէ, ապա հրաժարվեն դրանից եւ անհատական գազ քաշեն: Իրենք չեն համարվում ո՛չ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ո՛չ «Գազպրոմ Արմենիա» եւ ո՛չ էլ «Երեւան ջուր» ՓԲԸ-ների բաժանորդներ: Այստեղ «Էլիտ սերվիսը» գնում ու այն վաճառում է բնակիչներին: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է «Էլիտ սերվիս»-ը հանդես գալիս միջնորդի դերում»,- նկատեց Վ. Մնացականյանը: Ի դեպ, բնակիչների համար չկա էլէներգիայի համար սահմանված գիշերային եւ ցերեկային սակագինը: Նույնն է, թե` «լեւի լույս են» օգտագործում:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ շենքը չունի վերջնական ենթակայան, որը կկարողանա շենքի բնակիչներին առանձին էլէներգիա մատակարարել: Շենքը էլեկտրաէներգիայով սնվում է այլ աղբյուրներից:
Պազվում է` «Էլիտ սերվիս»-ը բնակիչներին յուրաքանչյուր ամսվա վերջին հաշիվ է ներկայացնում, բայց երբ բնակիչը պահանջում է ներկայացնել կատարած ծախսերը, որպեսզի հասկանա, թե ինչի համար է վճարում, սպասարկող ընկերությունը հրաժարվում է այն տրամադրել: Եւ բնակիչների համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե որ ամսին կոնկրետ ծառայությանը որքան գումար է տրամադրվել:
Այս պահին, կարծես թե, այս հարցը օդում է կախված, բնակիչներն էլ ո՛չ տաք ջուր ունեն, ո՛չ ջեռուցում: Մենք կհետեւենք այս պատմության հանգուցալուծմանը. ի վերջո, կարող էին դատի տալ բնակիչներին, այլ ոչ թե հաշվեհարդար տեսնել:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԳՈՂԱՑՎԱԾ ԳԱԶՈ՞Վ Է ՏԱՔԱՑՎՈՒՄ
Գյումրիից «Ժողովուրդ»-ը ուշագրավ տեղեկություն ստացավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել:
Այսպես, իր խոսքերով ասած՝ 540 քմ մակերեսով պալատը ջեռուցելու համար 2016 թվականի հունվարին, պարզվում է, սպառել է ընդամենը 59.000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ՝ 51.000-ի, անցյալ ձմռան թվերն ավելի «տպավորիչ» են՝ 51.000 հունվարին եւ 46.000 փետրվարին: Սա այն դեպքում, երբ Գյումրիի պայմաններում այդքան վճարում են միջին 60-70 քմ տների բնակիչները, այսինքն՝ պատգամավորը վճարում է 8-10 անգամ պակաս: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ մենք գործ ունենք հանճարեղ մի ֆիզիկոսի հետ, որը գտել է միավոր մեթանից 10 անգամ ավել ջերմություն ստանալու ձեւը, կա՛մ էլ, ինչը շատ ավելի հավանական է, սովորական գողի հետ:
Իսկ ի՞նչ է լինում կորած գազը: Բնական է՝ չվճարված գազը ձեւակերպվում է որպես կորուստ, ինչն էլ մտցվում է սակագնի մեջ, այսինքն՝ Մարտունի պալատական շքեղության համար վճարում ենք մենք բոլորս, նաեւ այն գյումրեցիները, որոնք երկու գուլպայով անցկացրին ամբողջ ձմեռը, քանի որ տնտեսմամբ էին գազ վառում:
Բայց ուշագրավ է, որ «ձրի գազի» նկատմամբ մոլուցքը միայն պատգամավորը չէ, որ ունի: Պարզվում է՝ նրանից հետ չեն մնում իր բազմաթիվ ազգականները: Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11.000: Շատ ավելի հետաքրքիր է տեղամասի պետ, պատգամավորի ազգական Վարդան Եդիգարյանի պարագան. նա դեկտեմբերին սպառել է մի հսկայական գումարի՝ 900 դրամի գազ, իսկ հունվարին շռայլորեն տաքացրել է իր սեփական տունը ամբողջ 3700 դրամով: Նման պատկեր է նաեւ մեր հերոսի քեռու տան պարագայում:
Եւ այս պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե նման մտածելակերպի ու ախորժակի տեր մարդիկ ինչ կանեն, եթե իրենց ձեռքն ընկնի Գյումրու բազմաչարչար բյուջեն:
Իսկ թե ինչպիսի պալատ ունի Գյումրեցի պատգամավորը կարող եք տեսնել այստեղ: http://cheinspasum.am
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել այս իրավիճակի մանրամասները: «Նման խնդիր գոյություն չունի: Ոնց էլ ես մեկնաբանեմ կարեւորը նյութի աղբյուրը ինչ նպատակով, որ այդ ինֆորմացիան հասցրել է ձեզ, ինքն իր նպատակին հասել է, ու պատգամավորի անունը կապելու են մի հատ անհնար, ծախված թեմայի հետ: Սուտ լուրեր են»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:
ԱՆՈՒՇԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ
Գյումրի