ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից կլրանա երեք տարին, ինչ Հայաստանն ազգային փոխադրող չունի: Նախկին ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն իր չվերթները դադարեցրեց 2013 թվականի ապրիլի 1-ից:

Այնուհետեւ «Արմավիան» սնանկ ճանաչվեց, եւ այժմ այս ընկերությունից մնացել են միայն պարտքերը: «Արմավիայի» սնանկանալուց եւ պաշտոնապես «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին հայտարարելուց հետո որոշ ժամանակ ազգային փոխադրողի տեղը փորձեց զբաղեցնել «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Սակայն մի քանի ամիս թռիչքներ իրականացնելուց հետո՝ 2014-ի հոկտեմբերից, այս ավիաընկերությունը եւս չվերթները դադարեցրեց եւ մինչ օրս դրանք չի վերականգնել:
«Էյր Արմենիան» ներկայումս գտնվում է սնանկության գործընթացում եւ փորձում է դրսից ներդրողների ներգրավմամբ առողջացման ծրագիր ներկայացնել ու շարք վերադառնալ: Այս պահին դժվար է ասել, թե «Էյր Արմենիայի» առողջացումը որքանով կհաջողվի, բայց փաստ է, որ մինչեւ այս ընկերության սեփականատերերը փորձում են իրենց խնդիրները կարգավորել, Հայաստանի ավիացիոն շուկայում սկսեց գործել մեկ այլ ավիաընկերություն` «Արմենիա» անվանումով:
Պաշտոնապես «Արմենիա» ավիաընկերության սեփականատերերը վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայաշվիլին է եւ նույն ավիաընկերության գործադիր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է «Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Նոր ավիաընկերությունը, որը հավակնում է զբաղեցնել Հայաստանի ազգային փոխադրողի թափուր տեղը, ծրագրում է արդեն ապրիլից սկսել թռիչքներ իրականացնել: Արդյոք այս ավիաընկերությանը կհաջողվի Հայաստանի ավիացիոն շուկայում հաստատվել եւ նախորդների ճակատագրին չարժանանալ, ցույց կտա ժամանակը:
Այս պահին միայն ակնհայտ է, որ ավիացիայի մասով ՀՀ իշխանությունները չափից ավելի ազատական են եւ պատրաստ են ցանկացած մեկի հնարավորություն տալ, ով ներդրում կանի եւ ավիաընկերություն կգործարկի: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի շուկան ավիաընկերություն պահելու համար շատ փոքր է, շրջանառությունն էլ՝ սահմանափակ: Նախկինում, երբ Հայաստանը չէր հայտարարել «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին, շուկայի սահմանափակ լինելը փոխհատուցվում էր Երեւանից իրականացվող չվերթների քվոտավորմամբ: Այլ կերպ ասած՝ դրսի ավիաընկերությունները չէին կարող ազատ եւ որքան ցանկանային չվերթներ իրականացնել: Եթե այն ժամանակվա ազգային փոխադրող «Արմավիան» ցանկանում էր որեւէ ուղղությամբ չվերթ իրականացնել, ապա համապատասխան երկրի ավիաընկերության հետ չվերթների քանակը կարող էր հավասար կիսել` մի հատ մենք, մի հատ իրենք սկզբունքով:
Թամազ Գայաշվիլին օրերս արդեն իր հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Հայաստանի շուկայում մշտապես գործող ազգային փոխադրող լինի, ապա պետք է հրաժարվեն «բաց երկնքի» քաղաքականությունից եւ սկսեն կանոնակարգել չվերթների թույլտվությունները: Այլ կերպ ասած՝ խոսքը նախկին համակարգի վերադարձման մասին է:
Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նույնիսկ եթե ցանկանան էլ, ապա, միեւնույն է, նման բան չեն կարող անել: Բանն այն է, որ ժամանակին Հայաստանը հենց այնպես չի հայտարարել «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: Այդ քաղաքականության դիմաց ՀՀ իշխանությունները բավականին կլորիկ գումարի դրամաշնորհ եւ վարկ են ստացել: Այսինքն՝ եթե այժմ հայտարարեն իրենց մոտեցումը փոխելու մասին, ապա կստացվի, որ նրանք փորձում են միջազգային կառույցներին եւ մի քանի գերտերությունների «քցել»:
Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին ամեն քայլափոխին «քցել», խոստումներ տալ, չկատարել, սուտ խոսել եւ այսպես շարունակ, բայց նույնը չեն կարող անել նաեւ միջազգային կառույցների եւ գերտերությունների հանդեպ, որոնք այս դեպքում դաշնակիցներ են, քանի որ մեր ավիացիոն շուկան փաստացի իրար մեջ կիսել են:
Այսինքն՝ այս նոր «Արմենիա» ավիափոխադրողը եւս ստիպված է լինելու աշխատել նույն պայմաններում, ինչպես ժամանակին գործում էր «Էյր Արմենիան»: Արդյոք «Արմենիային» կհաջողվի իր հաստատուն տեղը զբաղեցնել, թե ոչ ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է միայն մեկ բան, որ եթե նոր ավիաընկերությունը չի ցանկանում նախորդների պես սնանկանալ, ապա չվերթների ցանկում ռուսական ուղղությունները պետք է որոշիչ չլինեն: Նախորդ հայկական ավիաընկերությունները ձախողվեցին հենց այն պատճառով, որ իրենց չվացուցակի մեծ մասը կազմում էին դեպի ՌԴ տարբեր քաղաքներ իրականացվող չվերթները: Արդյունքում, Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները շատ հեշտությամբ կարողանում էին հայկական ավիաընկերություններին խնդիրների առաջ կանգնեցնելով՝ իրենց ընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այլ կերպ ասած՝ նորերը կհաջողեն, եթե նախորդների սխալները չկրկնեն եւ ռուսական շուկայից մաս «պոկելու» անհեռանկար գայթակղությամբ չտարվեն:
Ի դեպ, լուրեր շրջանառվեցին, որ այս նոր՝ «Արմենիա» ավիաընկերությունն ինչ-ինչ օղակներով կապված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բայց նույնիսկ այդ դեպքում ուրախալի է, որ Հայաստանը կունենա ազգային փոխադրող: Միայն թե հաջողենք, այլապես իսկապես անհարմար է, որ մի ողջ երկրում ավիաչվերթ իրականացնող գոնե մի ընկերություն գոյություն չունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Չնայած, պաշտոնապես հայտարարվել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, եւ կարող է աշխատանքի գնալ, սակայն նա շարունակում է չգնալ խորհրդարան: Աժ-ում նրան միայն նախօրեին են տեսել՝ այգում զբոսնելիս: Թեեւ Աժ-ում խոսվում է այն մասին, որ Գալուստ Սահակյանն ամբողջությամբ չի ապաքինվել, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, նա կարծես թե դժվարությամբ է հաղորդակցվում: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից փորձեց պարզել Սահակյանի վիճակի վերաբերյալ լուրերի իսկությունը: Հայթայանն ի պատասխան՝ ասաց. «Ես նման ինֆորմացիա չունեմ: Ես երեկ իր տղային եմ հարցրել, ասել է շատ նորմալ է, աշխատանքի է գնում»: Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նրա որդու` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ, սակայն ապարդյուն:

 

 

ՑՈԼԱԿՅԱՆԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵ՞Տ
Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»: Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում եւ ինչպես ինքն է ասում՝ «հանգստանում է»:

 

 

 

ՔՆՆԻՉԻ ԴԱՏԱՎՈՐ ՈՐԴԻՆ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 29-ին Արսեն Սարդարյանը նշանակվեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինիս դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ: Բացի այդ՝ նա ինչ-որ ընկերությունում բաժնեմաս ունի, որը նրան տարեկան մի քամի միլիոն դրամի եկամուտ է ապահովում՝ շահաբաժնի տեսքով: Արսեն Սարդարյանի անունը գուցե հանրությանը ոչինչ չասի: Բայց նրա հայրը ՀՔԾ նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանն է: Վերջինիս պաշտոնավարման ժամանակ նրա անունը հաճախակի էր կապվում տարբեր աղմկոտ գործերի հետ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
«Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է», – երեկ ԵՊՀ-ում անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը` ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Դավութօղլուն օրերս ասել էր, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ` դրանով հիմնավորելով քրդերի դեմ ներկայումս իրականացվող գործողությունները: «Փաստորեն, պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր եւ ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաեւ քրդերի նկատմամբ»,- ընդգծել է Նալբանդյանը։ Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

 

ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հետախուզության կոմիտեի նախագահ Դեւին Նունեսը եւ հատկացումների հանձնաժողովի անդամ Դեւիդ Վալադաոն միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: «Անցյալ դարի ընթացքում հայ ժողովուրդը շատ ծանր ժամանակներ է վերապրել՝ Հայոց ցեղասպանությունից ու խորհրդային ժամանակաշրջանի բռնաճնշումներից մինչեւ Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում հայերի դեմ գործված ջարդերը: Կոչ ենք անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը պայքարում է նույն բանի համար, ինչի համար 200 տարի առաջ պայքարել է Միացյալ Նահանգները կյանքի, ազատության եւ երջանկության ձգտման համար»,- ասված է կոնգրեսականների` մարտի 2-ին տարածած հայտարարության մեջ:

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
«Պետք է ասեմ, որ իշխանություններն այս անգամ էլ կարողացան ինձ բացասական առումով զարմացնել, թե իրենց մտքի պայծառությունը որքան խորն է սեփական իշխանությունը վերարտադրելու գործիքներ ստեղծելու առումով»,- 168.am-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծին: Ա. Մարտիրոսյանի գնահատմամբ` սա ոչ թե ընտրական օրենսգիրք է, այլ հատկապես Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրելու տակտիկական կամ տեխնիկական ծրագիր:




Լրահոս