ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել: Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նոր ԸՕ-ով հերթական ընտրությունները պետք է անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 60 եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Ըստ այդմ, ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից ապրիլի 2-ը եւ 9 կիրակի են, հետեւաբար այդ օրերից մեկին էլ կնշանակվեն ԱԺ ընտրությունները:
Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017-ի մայիսին պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու ընտրություններ: Նոր ԸՕ նախագծով նախատեսված ժամանակացույցով Երեւանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 8-ից 18 ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից մայիսի 14-ն է միայն կիրակի, ուստի կարելի է ենթադրել, որ հենց այդ օրը, այսինքն՝ ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս անց էլ կնշանակվեն Երեւանի ավագանու ընտրությունները: Բայց մինչ վերը նշված երկու կարեւոր իրադարձությունները, այս տարվա սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ վերջին տարիներին մշտապես հաղթել է ընդդիմությունը, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այսինքն՝ իրականում 2017-ի խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հիմնականում պայմանավորված կլինեն նրանով, թե 2016-ի սեպտեմբերին ինչպես կհանգուցալուծվեն Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները:
Այսօր Սպարապետ, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը կդառնար 57 տարեկան: Վազգեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենավառ դեմքերից մեկն է: Այսօր արդեն բոլորի համար է ակնհայտ. եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, եւ Վազգեն Սարգսյանի կյանքն այդպիսով չընդհատվեր, ու նա շարունակեր այն գործը, որը սկսել էր դրանից չորս ամիս առաջ` 1999-ի հունիսի 11-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով, ապա այսօր Հայաստանը բոլորովին այլ իրականության մեջ կլիներ: Հայաստանը վաղուց արդեն դուրս եկած կլիներ իրար հաջորդող եւ անվերջ թվացող այս «անցումային» փուլերից: Իսկ իշխանական վերնախավի ներկա կազմի մեծամասնությունն էլ հաստատ իշխանական լծակների մոտ չէր լինի: 1999-ի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանից նրա կյանքը խլեցին, իսկ Հայաստանից էլ խլեցին արագ զարգանալու եւ աշխարհասփյուռ հայերի համար ամենաապահով վայրը դառնալու` այդ պահին առկա ռեալ հնարավորությունը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: Ավելին, ըստ լուրերի՝ ԱԱԾ-ի ղեկավար կազմի մյուս գեներալների շրջանում եւս ճամպրուկային տրամադրություններ են տիրում: Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը, թերեւս, ազդանշան կլինի մյուսներին, որ ժամանակն է թոշակի գնալու: «Ժողովուրդ»-ը իրադարձությունների նման ընթացքը կանխատեսել էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱԱԾ գեներալիտետին Սերժ Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցրել` նրանց ղեկավարի պաշտոնում նշանակելով նախկինում համակարգի հետ կապ չունեցող անձի: Այսինքն՝ եթե գեներալիտետը չի ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու է մի քանի օր առաջ շարքային մի երիտասարդ, որն իրենց երեխայի տարիքին է, ապա պետք է հրաժարական ներկայացնեն: Ըստ լուրերի՝ լուրջ անցյալ ունեցող գեներալները նախընտրում են երկրորդ տարբերակը:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ Blognews.am կայքէջի հիմնադիր Արամ Անտինյանը 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններում, ըստ ամենայնի, հենց ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվեն: ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցին Անտինյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա, չի եղել»: Եթե առաջարկեն, կհամաձայնի՞ հարցին նա պատասխանեց. «Չեմ պլանավորում, չեմ մտածում դրա մասին: Իմ ներկա գործունեությունը քաղաքական չէ, եւ դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ քաղաքականությունում չեմ պատկերացնում: Այդ խոսակցությունն ինձ համար տարօրինակ է»: Նազենի Հովհաննիսյանը թեկնածու դառնալու մասին ասաց. «Իմ անունը, խնդրում եմ, որեւէ քաղաքական կուսակցության հետ այլեւս մի՛ կապեք: Երբեւէ որեւէ առնչություն չեմ ունեցել եւ չեմ էլ պատրաստվում ունենալ քաղաքական կուսակցությունների հետ: Անհեթեթ են այդ տեղեկությունները»: Ի դեպ, փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանի կողմից Արամ Անտինյանը պարգեւ ստացավ ինչ-որ կարիքավորների օգնելու համար:
ԺԱՄԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ
Շարունակելով դեսպանների հետ հանդիպումների շարքը` երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մինչ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի զեկույցը` Սերժ Սարգսյանը ինքն է ներկայացրել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ մի զեկույց. «Սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավել ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում,- ասել է Սարգյանը` որպես հաջողված օրինակ առանձնացնելով,- հիշատակենք Վեդիի ջրամբարի կառուցումը: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման գործում: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների եւ ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարեւորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք»,- նշել է Սարգսյանը:
Իր հերթին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Չիտեչյանն էլ վերհիշել է այն բարեբեր տարիները` 2011-2012թթ., երբ Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով:
Ուշագրավ է, որ ո՛չ Չիտեչյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հիշատակել այն փաստը, որ ֆրանսիական կապիտալով Հայաստանում գործող խոշորագույն ընկերությունը` «Օրանժ»-ը, նախորդ տարի ստիպված եղավ իր կատարած ներդրումներից մի քանի անգամ ցածր գնով վաճառել ընկերությունը եւ հեռանալ երկրից: Նույն կերպ եւ խոսք չի գնացել տարիներ շարունակ ձգձգելուց եւ ամենատարբեր փոխզիջումներ պարտադրելուց հետո, ի վերջո, Հայաստան եկած ֆրանսիական «Քարֆուր»-ի ներկայիս ոչ այնքան հաջող գործունեության մասին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ «Քարֆուրը» պատրաստվում էր մասնաճյուղ բացել նորաբաց «Ռոսիա Մոլ»-ում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ընկերության գործերը լավ չեն, եւ չի բացառվում, որ առաջիկայում ֆրանսիական հայտնի այս ընկերությունը եւս հեռանա Հայաստանից:
Իսկ եթե նման կարեւոր իրողությունները չեն վերլուծվում այսպիսի խորհրդակցությունների ժամանակ, փոխարենը փորձ է արվում միմյանց ուրախացնել դրական ցուցանիշների ներկայացմամբ, ապա այդ խորհրդակցություններն ընդամենը ժամավաճառություն են: Ի վերջո, որքան էլ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն ունենա հզոր առեւտրային ներկայացուցչություն, հենց նույն «Օրանժի» եւ «Քարֆուրի» օրինակն աչքի առաջ ունենալով` դժվար թե ֆրանսիական ընկերությունները ցանկանան այստեղ ներդրումներ կատարել: