Քաղաքական ուժերը ներկա փուլում առավել կենտրոնացած են 2017 թվականին կայանալիք ընտրությունների վրա` բացառությամբ իշխանությունների, որոնք մինչ այդ ծրագրում են ընդդիմությանը «միջանկյալ» թուլացնել:
Բանն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս քաղաքները Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ կարեւոր նշանակություն ունեն, ինչը բնական է: Ի վերջո, հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներն են, ու դրանցում տիրող տրամադրությունները չեն կարող իրենց մարզերի եւ, ընդհանրապես, հանրապետության ընդհանուր տրամադրությունների վրա չազդել: Մյուս կողմից Գյումրիում եւ Վանաձորում վերջին բոլոր համապետական ընտրություններում, ինչպես նաեւ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ մշտապես հաղթել է ընդդիմությունը: Օրինակ՝ հանրաքվեի ժամանակ «այո»-ի քվեները Վանաձորում կազմել էին 12 հազար 678, այն դեպքում, երբ «ոչ»-ը եղել է 21 հազար 944, Գյումրիում «այո»-ի քվեները կազմել էին 16 հազար 701, «Ոչ»-ինը՝ 21 հազար 818:
Այսինքն՝ ակնհայտ է, որ Գյումրիում եւ Վանաձորում, եթե սեպտեմբերին քաղաքապետի ընտրություններ տեղի ունենան, ապա ընդդիմությունը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Բնականաբար ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ իրադարձությունների զարգացման նման ընթացք թույլ չտալու համար: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ համակարգը: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Գյումրիում եւ Վանաձորում եւս քաղաքապետներն այլեւս ուղղակի չեն ընտրվի, այլ նրանց կընտրի ավագանին, ինչպես Երեւանում: Այսինքն՝ ԸՕ նախագծով նախատեսվում է սեպտեմբերին հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում ոչ թե քաղաքապետի այլ միայն ավագանու ընտրություններ անցկացնել, որոնք տեղի կունենան համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ դրանց մասնակցելու իրավունք կունենան միայն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:
Ի տարբերություն Երեւանի, որի ավագանին կազմված է 65 անդամից, Գյումրիի եւ Վանաձորի դեպքում առաջարկվում է ավագանիների թիվը սահմանել 33: Այսինքն՝ այս քաղաքներում իշխանափոխություն իրականացնելու համար ընդդիմությունը պետք է կարողանա քվեարկության արդյունքներով մեծամասնություն կազմել: Ավելին՝ ընդդիմադիր ուժերից մեկը պետք է միանշանակ առաջատար լինի, այսինքն՝ ավելի շատ քվե ստանա, քան ՀՀԿ-ն կամ որեւէ այլ իշխանական ուժ: Բանն այն է, որ ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, Գյումրիի եւ Վանաձորի պարագայում եւս գործելու է, այսպես կոչված, «բոնուսի» գաղափարը: Ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու են այն կուսակցությունները, որոնք նվազագույնը 6 տոկոս քվե են ստացել, իսկ դաշինքների դեպքում 8 տոկոս: Եթե ավագանու տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է մեկ կուսակցություն, բայց նրա մանդատները բավարար չեն բացարձակ մեծամասնություն ունենալու համար, ապա այդ կուսակցությունը ավտոմատ ստանում է մանդատների կեսից ավելին: Իսկ եթե երկու կուսակցություն, կուսակցությունների դաշինք են ստանում ձայների 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ:
Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը պետք է կարողանա իր մարտավարությունն այնպես կազմակերպել, որպեսզի եթե իրենց չհաջողվի էլ 40 տոկոսից ավել քվե ստանալ, ապա գոնե առաջինը չլինի ՀՀԿ-ն կամ որեւէ այլ իշխանական ուժ:
Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին ընդդիմության չմասնակցելը կլինի նվեր իշխանություններին, քանի որ այդ դեպքում մի քանի ամսից կայանալիք ԱԺ ընտրություններով իրենց ցանկալի խորհրդարան ձեւավորելը նրանց համար կդառնա խաղ ու պար: ՀՀ իշխանությունների հիմնական հաղթաթուղթը ընտրողների հուսալքվածությունն է: Այսինքն՝ քանի դեռ հանրության շրջանում գերիշխող են «ոչինչ չի փոխվի», «ընտրություններով հարց չի լուծվի», «ով ինչ ուզի, ընտրի, իրանք իրենց ուզածն են գրելու» եւ համանման մտքերը, ապա իշխանությունների համար ընտրությունները ցանկալի ելքով կազմակերպելը զուտ տեխնիկայի հարց է: Իսկ բավական է՝ ընտրողների մեծամասնությունը սկսի հավատալ իր ուժերին, անմիջապես իրավիճակը փոխվում է ի վնաս իշխանությունների: Գյումրիի եւ Վանաձորի նշանակությունն այս տեսանկյունից անգնահատելի է: Եթե իշխանություններն այս քաղաքների ՏԻՄ ընտրություններում կարողանում են իրենց ցանկալի արդյունքն ապահովել, ապա հուսալքության հերթական ալիքը կբարձրանա, որը կտարածվի ողջ հանրապետությունով մեկ եւ 2017 թվականի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում այն հաստատ ցրված չի լինի:
Բնականաբար, եթե իշխանությունները Գյումրիում եւ Վանաձորում տապալվեն, ապա դա նրանց համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Հենց այս գիտակցումն է նրանց ստիպում այդ քաղաքներում ՏԻՄ ընտրությունների եւ կառավարման կարգը փոխել: Ինչեւէ, ժամանակը ցույց կտա, թե ով կհաջողի ապագա քաղաքական գործընթացներում, բայց փաստ է, որ Գյումրին եւ Վանաձորն ընդդիմության համար լուրջ հեռանկարներ են ստեղծել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ «ԽՂՃՈՒԿ» ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դրամական միջոցներն անցած տարվա ընթացքում ավելացել են 2 մլն դրամով: 2015 թվականի եկամուտների եւ գույքի վերաբերյալ հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար եւ 8.5 մլն դրամ: Մինչդեռ նա ամսական ստանում է 650 հազար դրամ աշխատավարձ: Դավիթ Հարությունյանի կնոջ՝ Նորինե Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 50 հազար դոլար: Նախարարի կինն անցած տարվա ընթացքում վարձակալության դիմաց ստացել է 2 մլն 800 հազար դրամ: Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը պատկանում է այն պաշտոնյաների շարքին, որը պաշտոնապես հայտարարագրել է միանգամից 6 բնակարան, մեկ այգետնակ, մեկ հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն:
ՏԱՐԵԼ ԵՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող երկու գազալցակայանների գազահաշվիչներն անակնկալ տարել են ստուգաչափման: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հակադարձեց. «Զարմանալի բաներ եք ասում: Զարմանում եմ, թե ինչ ես ասում, աղջիկ ջա՛ն: Շփոթվել ես»: Իսկ, ահա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց վերը նշված տեղեկությունը` ասելով, որ Ղուկասյաններին պատկանող գազալցակայանների գազահաշվիչները հանվել եւ տարվել են ստուգաչափման: «Անակնկալ չեն տարվել: Ոչ միայն Ղուկասյաններինն է տարվել, այլեւ Մարտիրոսյաններինը եւս: Որտեղ անհրաժեշտություն է առաջացել ստուգաչափելու, բոլորի գազահաշվիչներն էլ հանվել են»,- հայտարարեց Ամիրբեկյանը: Նրա խոսքերով՝ գազալցակայաններում փոխարինող գազահաշվիչներ են տեղադրվել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 1-ին գրել էր, որ Գյումրիի մի շարք բնակարաններում գազը «լեւի» է:
ԹՈՇԱԿԻ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ՀՀ ԱԺ աշխատակազմի այն աշխատակիցները, ում թոշակի տարիքն արդեն լրացել է, սկսել են ծանուցումներ ստանալ այն մասին, որ իր հետ կնքված պայմանագիրն այլեւս լուծարվում է: «Ժողովուրդ»-ն այս լուրի իսկությունը փորձեց պարզել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս ասաց. «Այդ պրոցեսը օրենքով է կարգավորվում, այսինքն՝ եթե աշխատակցի աշխատելու իրավունք ունեցող տարիքը լրանում է, պետք է նրան գնա ծանուցագիր, որ այսպես, այսպես… Սովորաբար մինչեւ 69 տարեկանի դեպքում է լինում, բայց նայած. պետք է պաշտոնները, խմբերը նայվի: Բայց պետական ծառայության մասին օրենքով տարիքը լրանալուց հետո անձը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետ է կանչվել Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Մկրտչյանը:
ՀԱՄԱՉԱՓ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին եւ համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «ՀՀ կառավարությունը փոխել է տարածքների կառավարման ձեւը. եթե մենք չենք հզորացնում մեր մարզերն ու համայնքները, ապա չենք կարող խոսել երկրի տնտեսական զարգացման մասին: Մենք պետք է իրականացնենք հստակ ռազմավարություն մարզերի եւ համայնքների զարգացման համար: Այս ընթացքում մարզում եւ Գյումրիում շատ բան է արվել, բայց այդ աշխատանքը պետք է համակարգվի: Պետք է գործել այնպես, որ մտածենք ոչ միայն Գյումրու փողոցների վերականգնման մասին, այլ նաեւ տուրիզմի: Երեւանում նստած հաճախ շատերը չգիտեն, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին: Ես արդեն հանձնարարել եմ, որ մարզպետն աշխատի այս ուղղությամբ»,¬ ասել է Լոքյանը: Հիշեցնենք, որ տարածքների համաչափ զարգացման ծրագիրը հանդիսանում էր Սերժ Սարգսյանի` դեռեւս 2008 թ. նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մասը: Մինչդեռ հիմա այնպես են խոսում տարածքների համաչափ զարգացման մասին, ասես` դրա անհրաժեշտությունը նոր են բացահայտել եւ Ս. Սարգսյանի նախընտրական խոստումներն էլ երբեւէ չեն եղել:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Փարիզում կայացել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նախարարները հույս են հայտնել, որ մինչեւ հունիսի վերջ Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն: BBC-ի փոխանցմամբ` 4 երկրների ներկայացուցիչները կոչ են արել ազատ արձակել գերիներին եւ անօրինական ճանապարհով ձերբակալված անձնանց մինչեւ ապրիլի 30-ը: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն իր հերթին հայտարարել է բանակցությունների ավարտի մասին եւ նշել, որ հանդիպումն արդյունքներ չի տվել:
ԿԺԱՄԱՆԵՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը քննարկելու համար Երեւան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները: Այցը տեղի կունենա մարտի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ
ArmLur.am-ի տեղեկացմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ընթացքում մթերող ընկերություններին հորդորել է մինչեւ ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումների կատարումը: