«Վախենում եմ`այդ շենքերի տեղն էլ իմանան, գնան` քանդեն». մտավորականները կազմել են նախարարի պահանջած ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր այն մասին, որ մի խումբ մտավորականներ միավորվել են` կոչ անելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք այդ կապակցությամբ «Քաղաքացիական պահանջագիր» էին հանձնել Երեւանի քաղաքապետարանին: Օրերս էլ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել էր մտավորականների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Նախարարը նրանցից պահանջել էր ցանկ, որտեղ նշված կլինի, թե մտավորականները որ շենքերի քանդումն են համարում անթույլատրելի: Մենք հանդիպման մասնակիցներից մեկից` երգիչ Արթուր Իսպիրյանից, հետաքրքրվեցինք` արդյոք իրենք արդեն կազմել են այդ ցանկը, ինչ սկզբունքով են ընտրվել շենքերը, եւ երբ է ցուցակը ներկայացվելու նախարարին:

Ա. Իսպիրյանը տեղեկացրեց, որ ցանկն արդեն կազմվել է. «Ես նույնիսկ լուսանկարել եմ բոլոր այդ շենքերը եւ լուսանկարներն էլ կցել ցուցակին: Հանդիպման ժամանակ ես իմ մտավախությունը հայտնեցի նախարարին, հարցրի` արդյոք Երեւանի պատմական շենքերը չեն քանդվելու, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացնեք, նախարարն էլ հարցրեց, թե այդ որ շենքերը նկատի ունեմ: Դրա համար էլ լուսանկարել եմ, որ ցույց տամ: Բայց լավ կլիներ ոչ թե նկարեի, այլ իրենք քայլելով գային, անձամբ տեսնեին դրանց վիճակը, թե չէ իրենք հաճախ չեն գնում այդ կողմերը… Մենք ընտրել ենք մշակութային արժեք ներկայացնող հին շենքերը, որոնց վրա արդեն ժանգոտվել է խորհրդային տարիներից մնացած ցուցանակը. «Պահպանվում է պետության կողմից»: Ցանկը մարտի 10-ին արդեն ուղարկվել է նախարարի մամուլի քարտուղարին»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ցուցակի ներքո քանի հոգի են ստորագրել, Ա. Իսպիրյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց, որ շենքերի քանդմանը դեմ է շուրջ 3 միլիոն մարդ, կողմ` 10 հոգի (հյուրանոցների ու էլիտար շենքերի սեփականատերերը): Նա ներկայացրեց նաեւ այն շենքերը, որոնք ընդգրկված են ցուցակում. «Այդ շենքերից մի մասը սեփականատերեր ունեն, բայց, միեւնույն է` փտում են: Ցանկում ընդգրկել ենք Պուշկին-Տերյան խաչմերուկում գտնվող Դերասանի տունը, Տերյան-Արամի փողոցների խաչմերուկում գտնվող կլոր շենքը, որի պատշգամբները փլվում են, ԱՕԿՍ-ի շենքը, որի տանիքն ահավոր վիճակում է, Աբովյան փողոցում փայտե դռնով գեղեցիկ մի շինություն, որի պատշգամբն ու վերեւի հարկը փլվելու եզրին են, Թումանյան 25 հասցեում գտնվող շենքը եւ մի շարք այլ կառույցներ»:

Մենք հարցրինք` տարօրինակ չէ արդյոք նախարարի առաջարկը` ներկայացնել այն շենքերի ցանկը, որոնք չեն ուզում, որ քանդվի, արդյո՞ք այդ հարցը մտավորականների որոշել-չորոշելու արդյունքում է լուծվում. «Մենք շատ ենք ուշացել, հիմա պետք է գոնե փրփուրներից կախվենք, որ գոնե այն, ինչ մնացել է, փրկենք: Մյուս կողմից էլ վախենում եմ՝ այդ շենքերի տեղն ասեմ, կարող է` բաներ կան, որոնց տեղը չգիտեն, հիմա իմանան, գնան, դրանք էլ քանդեն»,-եզրափակեց Արթուր Իսպիրյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս