Ով չի ալարում, խոսում է կուսակցությունների չափից ավելի շատ լինելու մասին. որն է Հայաստանի խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ Հայաստանին զարգացման համար լրջագույն քաղաքական փոփոխություններ են հարկավոր, ընդունում են բոլորը, նույնիսկ իշխանությունները: Ավելին՝ ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե իրենք պատրաստ են այդ փոփոխություններն ապահովել:

Հայաստանի անկախացման առաջին տարիներից քաղաքական դաշտում իշխանությունները պարբերաբար ներդրել են իրենց կողմից վերահսկվող տարբեր կուսակցություններ, որոնք հերթով ասպարեզը լքել են: Այս տարբերակի ամենաարտահայտված օրինակը 2006-ին ԲՀԿ-ի ստեղծումն էր: 2012-ի ԱԺ ընտրություններից հետո թվում էր, թե իշխանությունները հասել են իրենց նպատակին. մարդիկ այլեւս զրկված էին ընտրելու հնարավորությունից, քանի որ ընդդիմությունը եւս իշխանությունն էր: Սակայն 2015 փետրվարի 12-ի հայտնի դեպքերով, երբ Սերժ Սարգսյանը «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ազդարարվեց, որ տապալվել է իշխանությունների` երկու մեծ կուսակցությունով «խաղալու» ծրագիրը: Արդյունքում, քաղաքական դաշտում առկա վաակումը, որը վերջին տասը տարիներին արհեստականորեն քողարկվում էր, այլեւս անհնար էր թաքցնել:

Անցած տարվա հունիսին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բողոքի ալիքը փաստեց, որ այդ վաակումը իշխանությունների համար ավելի վտանգավոր է: Եթե խնդիրները քաղաքական հարթություններում չեն բարձրաձայնվում եւ լուծվում, ապա դրանք օրերից մի օր կարող են ինքնաբուխ կամ ինչ-որ ուժի դրդմամբ դուրս պրծնել փողոց եւ դառնալ անկառավարելի մի գործընթաց, որը նույն իշխանություններին կարող է սրբել, տանել՝ տեղը չբերելով ոչինչ: Ի վերջո, երբ մարդիկ կոնկրետ քաղաքական ուժի ետեւից են փողոց դուրս գալիս, այդ գործընթացի ելքերը եւ զարգացումների տրամաբանությունը շատ հստակ է. կողմերից մեկը` իշխանությունները կամ զանգվածներին առաջնորդող քաղաքական ուժը, պարտություն է կրում:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են «Կուսակցությունների մասին» նոր օրենք ընդունել, որը, այսպես կոչված, սահմանադրական օրենք պետք է լինի, այսինքն՝ պետք է ընդունվի խորհրդարանի ձայների 2/3-ով: ԿՄ նոր օրենքի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը, այն պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ հաջորդ գումարման խորհրդարանի լիազորությունների մեկնարկը, այսինքն՝ մինչեւ 2017 թվականի մայիսը:

Հայաստանում գրանցված կուսակցությունների թվի մեծ լինելը բազմիցս է քննադատվել: Այս տարվա փետրվարի դրությամբ Հայաստանում կա 79 գրանցված կուսակցություն: Ով չի ալարում, խոսում է կուսակցությունների չափից ավելի շատ լինելու մասին: Սակայն իրականում քաղաքական դաշտի խնդիրները ոչ թե կուսակցությունների շատ լինելու մեջ է, այլ խոշոր քաղաքական ուժերի բացակայության: Տվյալ դեպքում խոսքը այնպիսի կուսակցությունների մասին է, որոնք իրականում կարող են հավակնել իշխանության: Փաստն այն է, որ ՀՀ իշխանություններն արդեն մեկուկես տասնամյակ է՝ ամեն ինչ անում են, որ քաղաքական դաշտի` իշխանության ազդեցությունից դուրս կուսակցությունները չկարողանան հզորանալ: Իհարկե, կուսակցությունների ներքին խնդիրները, ներքին ժողովրդավարության բացակայությունը եւս նպաստել են, որ նրանք անընդհատ բզկտվեն եւ այդպես էլ չկայանան:

Մյուս կողմից այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀ իշխանությունների կամքից անկախ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե իշխանություններն այդ գործընթացին չխանգարեն, ապա դրանք բավական կարճ ժամանակում կհանգեցնեն նրան, որ Հայաստանում ընդդիմադիր նոր քաղաքական ուժեր կձեւավորվեն, որոնք շատ արագ թափ կհավաքեն: Սակայն նման հեռանկարն ինքնին կնշանակի լուրջ սպառնալիք ներկա իշխանություններին, քանի որ այդ դեպքում իշխանափոխությունը կդառնա իրական եւ ոչ այդքան հեռու ապագայում լուծվելիք խնդիր:

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները զարգացումների նման ընթացք չեն կարող թույլ տալ: Բայց իշխանությունների կողմից նախկինում ստեղծած կուսակցությունները եւս անցած տարիներին իրենց վարկաբեկել են եւ այլեւս չեն կարողանա հանրությանն առաջվա պես մոլորեցնել: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն: Այսինքն՝ իշխանությունները գործնականում փակուղային իրավիճակում են հայտնվել, առանց քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունների երկիրն այլեւս չի կարող զարգանալ: Մյուս կողմից էլ քաղաքական դաշտում հնարավոր լուրջ փոփոխություններն անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանափոխության:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս