«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք դատավորների շրջանում անարդարության դեմ ընդվզումներ կարող են լինել: Բանն այն է, որ դատական իշխանության ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով մասնակցում են կրթական ծրագրերին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բայց, կարծես թե, այդ ճամփորդությունները բավականին թանկ են նստում դատավորների վրա:
Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ դատական օրենսգրքի 77 հոդվածի համաձայն, որը վերաբերում է դատավորի կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքին, սահմանում է. «Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի՝ դատավորն իրավունք ունի մասնակցելու, այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների»:
Ավելին՝ ըստ օրենքի՝ աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ հինգ օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին. «Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի, աշխատավարձի պահպանմամբ»:
Այն, որ ՀՀ դատական օրենսգիրքը սահմանում է, որ դատավորները կարող են մասնակցել տարբեր դասընթացների, դա կլինի Հայաստանում թե արտերկրում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Նույն հոդվածի համաձայն՝ դատավորները մասնակցելով դասընթացներին եւ հետ վերադառնալով՝ պահպանում են իրենց աշխատանքը, եւ ավելին` կարող են ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Սակայն հիմա դասընթացներին մասնակցելը շատ դատավորների համար դարձել է պատուհաս:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորները, մասնակցելով տարբեր դասընթացների, հետ են վերադառնում աշխատանքի, տհաճ անակնկալի են հանդիպում: Երբ դատավորի պատմուճանը հանելուց հետո նրանք մոտենում են որեւէ բանկոմատ` աշխատավարձը ստանալու, սարքավորումը «պատասխանում է», թե ձեր հաշվեկշռին բավարար գումար չկա: Բնական է՝ այս իրավիճակը հասել է ընդհուպ մինչեւ պատասխանատու մարմիններին, սակայն դատավորներին, ըստ էության, դատական դեպարտամենտից բացատրել են, որ դուք, օրինակ, 2 կամ 3 ամիս մասնակցել եք դասընթացների, ըստ էության, չեք աշխատել, դրա համար Արման Մկրտումյանը հրահանգել է գումար չփոխանցել:
Պարզվում է՝ դատավորներին չի փրկում անգամ ՀՀ դատական օրենսգիրքը: Բայց քանի որ դատական իշխանության ներկայացուցիչները սովորաբար ընդվզելու համարձակություն չունեն, իրավիճակը դեռ խմորվում է ներսում: Նրանցից շատերը կարծում են, որ եթե բողոքեն, դա կարող է ավելի թանկ նստել իրենց վրա, քան ստացած աշխատավարձը: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին դատավորները քննարկում են դասընթացների առաջարկների չմասնակցելու հարցը: Այսինքն` չի բացառվում, որ նրանք հրաժարվեն վերապատրաստման դասընթացներից, ճամփորդություններից, որպեսզի աշխատավարձ ստանան: Ինչպես հայտնի է՝ դատավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում` սկսած կես միլիոնից մինչեւ 1,5 միլիոն:
Ինչո՞ւ դատավորները չեն ստանում իրենց հասանելիք աշխատավարձը, եւ, ի վերջո, ո՞ւմ գրպանն է գնում, կամ ի՞նչ նպատակով են ծախսվում դատավորներին չվճարված աշխատավարձերը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանին, ով, սովորության համաձայն, ասաց, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Դատավորները օրենքով սահմանված կարգով ստանում են իրենց հասանելիք աշխատավարձը»:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտում ֆինանսական չարաշահումները նոր երեւույթ չեն: Դեռեւս 2014 թվականից ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների աշխատավարձը յուրացնելու գործով կալանքի տակ է գտնվում ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Բացի այդ, դեռեւս 2015 թվականի հուլիսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատական դեպարտամենտում պետական միջոցների վատնման յուրահատուկ համակարգ էր սկսել գործել: Խոսքը փաստաթղթերի թարգմանության համար հատկացվող միջոցների արհեստական ուռճացման մասին էր: Մինչեւ 2014 թվականը թարգմանությունների համար դատական դեպարտամենտը վճարել է էջի հաշվարկով, իսկ 2014-ից` նիշերով: Եւ այս տարբերակում գումարը հաշվարկվում է «ներառյալ բացատները» (պրաբելները): Դրա արդյունքում նիշերի թիվն արհեստական ավելանում էր, եւ իրական 30 հազար նիշանոց փաստաթուղթը ներկայացվում էր որպես 45 կամ 50 հազար նիշանոց` ստանալով հավելավճար:
Մեր այս բացահայտումից հետո ՀՀ քննչական կոմիտեում նյութեր նախապատրաստվեցին, իսկ, ահա, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մասնավոր ընկերությունները, որոնք ուռճացրել էին նիշերը եւ ավել գումար ստացել, վերադարձրեցին գումարները:
Իսկ թե ինչ կլինի դատավորների աշխատավարձերի դեպքում, ժամանակը ցույց կտա:
Քնար Մանուկյան