Վարդենիսի ոստիկանապետի համար խոսքն օդում թողած պղպջակի նման է. սուտ զեկուցելու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երևանի Հյուսիսային ավտոկայանում ազատամարտիկի որդուն դաժան ծեծի ենթարկելու գործով կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչները հանդիպել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ եւ պատիվ պահանջել նրանից:

Ինչպես արդեն գրել էինք՝ մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին:Բանն այն է, որ Արման Խչեյանը Երեւան-Վարդենիս եւ հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ Ֆառի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Ասել է, թե ազատամարտիկի որդին նրանցից ուղեւոր է խլում:

Ծեծկռտուքը տեղի էր ունեցել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում: Այնուհետեւ Ֆառի թիկնապահները տաքսու վարորդ Արման Խչեյանին ուժով եւ բռնությամբ նստեցրել են իրենց ավտոմեքենան, տարել քաղաքի ավտոկայանատեղիներից մեկը, որտեղ էլ ազատամարտիկի որդուն դաժան ծեծի են ենթարկել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, տեղյակ չլինելով կատարվածից, ավելին՝ դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է իր վերադասին, թե լուրջ բան չկա, «հարբեցողի տղու են ծեծել», «շոֆերի կռիվ է», «ինչ ազատամարտիկ»:

Երբ սա հրապարակվեց, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանի հարազատները գնացել են ոստիկանության Վարդենիսի բաժին եւ պատիվ պահանջել ոստիկանապետ Ղամբարյանից: Բնականաբար, ոստիկանապետը համարձակություն չի ունեցել խոստովանելու իր արածը եւ պատասխանել է, թե ինքը նման բան չի ասել:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ:

-Պարո՛ն Ղամբարյան, տեղյակ չլինելով, թե ինչ միջադեպ է եղել Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, Ձեր վերադասներին սուտ տեղեկություններ եք զեկուցել, ինչո՞ւ:

-Դուք սխալ եք այդ տեղեկությունը հրապարակել, իսկ ինչ հարց ունեք, դիմեք մեր լրատվական վարչություն:

-Ինչպե՞ս թե սխալ: Այդ դեպքում կբացատրե՞ք, ոստիկանության առավել բարձր ատյաններում ինչպե՞ս է տեղեկություն հասել, թե լուրջ բան չկա, «հարբեցողի» թեմա է:

-Դուք սխալ տեղեկություն եք հրապարակել, մթամ ես ասել եմ՝ հարբեցող է: Չկա տենց բան:

-Դուք դեպքի օրը Վարդենիս քաղաքում չեք եղել:

-Դա ինչ կապ ունի:

-Չլինելով դեպքի վայրում՝ ումի՞ց եք տվյալներ ստացել կատարվածի մասին: Դուք իրավիճակին կարծես թե ճիշտ գնահատական չեք տվել:

-Ես այդպիսի գնահատական չեմ տվել, Ձեր տեղեկությունները ամբողջովին սուտ են: Դիմեք մեր լրատվական:

-Եթե անվերջ պնդում եք, որ մենք սխալ ենք հրապարակել, այդ դեպքում բարի եղեք ասել, թե Դուք ի՞նչ եք զեկուցել Ձեր վերադասներին տեղի ունեցած միջադեպի մասով:

-Ես իմ վերադասին զեկուցել եմ, էդ զեկույցը ես գիտեմ, իմ վերադասը գիտի: Ես իմ ղեկավարությանը զեկուցել եմ ճիշտ հանգամանքները:

-Հիմա Դուք չեք պատրաստվո՞ւմ հրապարակավ ներողություն խնդրել ծեծի ենթարկված ազատամարտիկի ընտանիքից՝ նրա մասին սուտ տվյալներ զեկուցելու համար:

-Ո՞վ, ե՞ս:

-Այո՛, Դուք:

-Մի րոպե, մի րոպե, ես ներողությո՞ւն պետք է խնդրեմ: Դո՛ւք պետք է խնդրեք:

– Մեր տեղեկությունները ճիշտ են, մենք հստակ գիտենք, որ ճիշտ ենք գրել:

-Դուք ոնց կարող եք իմանալ՝ ես ինչ եմ զեկուցել, որ տենց տեղեկություններ եք հրապարակել: Սուտ է:

-Լավ, արդեն անցել է 4 օր, ի՞նչ եք արել այս գործով, եթե այդքան ազնիվ եք զեկուցել ամեն ինչ:

-Մենք գործով համապատասխան նյութեր ենք նախապատրաստում, մեր անելիքը մենք գիտենք:

Հուսանք, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, ի վերջո, համարձակություն կունենա եւ իր հայտարարության համար ներողություն կխնդրի ազատամարտիկի ընտանիքից: Այլապես տղամարդուն վայել չէ ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից:

Ի դեպ, երեկ ոստիկանապետը նաեւ մեր թերթի մասին է պաշտոնյային ոչ հարիր ձեւով արտահայտվել, բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց նաեւ իր այդ խոսքերից: Ինչ արած, նրա համար խոսքն օդում թողած պղպջակի նման է: Իսկ մենք տեր ենք կանգնում օրաթերթում հրապարակված յուրաքանչյուր բառին:

Քնար Մանուկյան




Լրահոս