ԱՄԻՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արսեն Բայրամյանի դատավարությունը: Բայրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Բայրամյան» սոցիալական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 2011թ. սեպտեմբերի 16-ին եւ 2013թ. փետրվարի 12-ին «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Տավուշի տարածքային մասնաճյուղից ստացել է հումանիտար օգնության բաշխման ցուցակ եւ պաշտոնական դիրքն օգտագործելով, ստորագրությունները կեղծելու միջոցով յուրացրել է 76 հազար 290 դրամ:
Ա. Բայրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Սույն հոդվածով կատարված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Նախկինում չդատված Ա. Բայրամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով դատական առաջին նիստը կայացել է հուլիսի 4-ին: Այդ նիստին դատախազը պետք է հանդես գար մեղադրական ճառով, սակայն այն չի հնչել: Մեղադրողը ճառով հանդես կգա հուլիսի 10-ի նիստում: Կարելի է ակնկալել, որ դատական գործը կավարտվի տուգանքով: Նշենք, որ Ա. Բայրամյանը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատն է: Ի դեպ, Իջեւան քաղաքում «Վորլդ վիժն»-ի Տավուշի տարածքային կազմակերպության գործունեության հետ կապված՝ բնակչության մեջ խոսակցություններ կան, որ այդ կազմակերպության նախկին 2 ղեկավարներն Իջեւանից հեռացել են «թափ հավաքած» եւ իրենց նյութական բարեկեցությունն էապես բարելաված:
ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԼԱՎՆ Է
Հայ-վրացական սահմանում՝ Սադախլոյի մաքսակետում, հանդիպեցինք իրանական բեռնատարների, որոնք բեռնված էին իրանական հեղուկ գազով: Իրանցի վարորդները մեզ ասացին, որ հեղուկ գազն իրացվում է Վրաստանում: Վրաստանի բնակիչներից տեղեկացանք, որ այդ երկիրը նախկինում հեղուկ գազ էր ներմուծում Ադրբեջանից, սակայն ադրբեջանական գազն իր որակով ու գնով զիջում է իրանականին, ուստի հիմա նրանք նախապատվությունը տալիս են իրանական հեղուկ գազին: Իսկ Հայաստանում տարբեր տրամաչափի չինովնիկներ փորձում են մեզ համոզել, որ իրանական գազն անորակ է` հավանաբար այդպիսով փորձելով արդարացնել հայ-իրանական գազատարը լիարժեք օգտագործելու իրենց անկարողությունը:
Տավուշ