Ամառն արդեն ամբողջովին մտել է իր իրավունքների մեջ, ու երեւանյան տոթը շատերին ստիպում է գոնե որոշ ժամանակով լքել մայրաքաղաքը, գնալ հանգստանալու, բայց…
Բայց մարդկանց գերակշիռ մեծամասնությունը երկրից դուրս գալու կամ էլ երկրի ներսում, ասենք՝ Սեւանում, Ծաղկաձորում հանգստանալու հնարավորություն` գումար չունի: Վերջին հանգամանքը կարեւոր է ոչ միայն մեր քաղաքացիների հանգիստն ապահովելու, այլեւ զբոսաշրջությունը զարգացնելու առումով: Զբոսաշրջիկներից շատերին հետաքրքրում է մեր պատմությունը, ազգային մշակույթը, իսկ ի՞նչ ենք ներկայացնում: «Կարին» ազգագրական համույթի հիմնադիր, ղեկավար Գագիկ Գինոսյանը նշել է. «Ցանկացած մշակութային արժեք ներկայացնող նմուշ, երբ համատեքստից պոկված է ներկայացվում, կարող է շատ աղոտ պատկերացում տալ զբոսաշրջիկին մեր երկրի մասին, իսկ այդ կցկտուր պատկերացումը կարող է հանգեցնել նրան, որ երկրորդ անգամ այդ նույն զբոսաշրջիկը չի ցանկանա եւ իր մտերիմներին էլ խորհուրդ չի տա այցելել Հայաստան»:
Ըստ Գ. Գինոսյանի՝ զբոսաշրջությունը պետք է լինի ոչ թե սպասարկման ոլորտ, ինչը հաճախ հնչում է մեր պետական այրերի շուրթերից, այլ պետության կողմից վարվող արտաքին քաղաքականություն` միտված տարբեր երկրների բարեհաճությունը եւ բարեկամությունը շահելուն: Պետությունը զբոսաշրջության միջոցով պետք է աշխարհին ներկայացնի այն, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն աշխարհում: Բայց Հայաստանում ազգային կոլորիտի, տեսակի, ինքնության ու ինքնագիտակցության առումով լուրջ խնդիրներ ունենք, իսկ առաջնային զարգացող բիզնեսը հյուրանոցայինն է, որը պետք է լիներ վերջինը: Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր ազգային մշակույթը զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնելու հարցին: Գ. Գինոսյանը տուրիզմի զարգացման գործում կարեւոր է համարում նաեւ մատչելիությունը, որը բացակայում է Հայաստանում` սկսած չվերթերի գներից մինչեւ հյուրանոցային համալիրների սպասարկում: Ըստ նրա, օրինակ, բեյրութահայերի առնվազն կեսը Հայաստանում չի եղել: Նրանք գնում են Ավստրալիա. Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում ծախսվելիք գումարով այնտեղ կարող են անցկացնել 2 ամիս:
Եթե այդ ամենին ավելացնենք զբոսաշրջիկների լսած երաժշտությունը, ապա պատկերը կամբողջանա. ռեստորաններում, փողոցներում, ավտոմեքենաներում հնչում են հիմնականում թուրքաադրբեջանական, արաբապարսկական հնչերանգներով երգեր: Ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանում որեւէ տեղ զբոսաշրջիկները կարող են ունկնդրել, ասենք, Կոմիտաս կամ հայկական ժողովրդական երաժշտություն: Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահը հյուրերին ոչ թե ժողովրդական երաժշտություն, այլ ջազ լսելու էր տանում «Առագաստ», իսկ այսօր էլ նույնիսկ պետական տոնական միջոցառումների ժամանակ, որոնց ներկա է լինում երկրի բարձրագույն ղեկավարությունը, հնչում են հիմնականում անճաշակ ու ռաբիս երգեր: Ուրեմն ի՞նչ կարելի է պահանջել, ասենք, ռեստորանի, հյուրանոցի տիրոջից կամ ավտոմեքենայի վարորդից:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ