Նոր ընտրական օրենսգրքի նախագծի ամենախնդրահարույց դրույթներից մեկն էլ 65 -րդ հոդվածի 7-րդ կետն է, որը վերաբերում է ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակմանն ու գործունեության կարգին: Անցած օրերին արդեն իսկ ընդդիմադիր գործիչները, լրագրողական կազմակերպություններն ու փորձագետները նշել են, որ սա լրջագույն հետընթաց է գործող օրենսդրությունից: Թե ինչու են նոր ԸՕ հեղինակները որոշել սահմանափակում մտցնել այս եւ այլ հարցերում` «Ժողովուրդը» փորձել է պարզել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից:
-Պարո՛ն Մուկուչյան, նոր ԸՕ նախագծում ներառված չեն ընդդիմության հիմնական առաջարկները, որոնցից ամենաառանցքայինը, թերեւս, ստորագրված ընտրացուցակների հրապարակումն է: Որպես ԿԸՀ նախագահ՝ որն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
-Ցանկացած պարագայում պետք է նայենք հետեւյալ տարբերակով, որ յուրաքանչյուր փաստաթուղթ, երբ ստեղծվում է, չի կարող միանշանակ կատարյալ լինել: Մենք այսօր իրականացնում ենք այս նախագծի քննարկումը, նախագիծ, որտեղ ամրագրել ենք մոտեցումներ, նոր լուծումներ: Եվ բնական է՝ շատ կարեւոր են այսպիսի հասարակական քննարկումները, որովհետեւ այդ ժամանակ ի հայտ են գալիս դրանում առկա ոչ լիարժեք լուծումները, թերությունները: Քննարկումների ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մենք լսենք առաջարկություններ, որոնք, բնական է, հնարավորություն կտան առկա նախագծի կատարելագործմանը:
Ցուցակների հրապարակման հետ կապված չգիտեմ՝ ինչպիսի լուծումներ կընդունի խորհրդարանը, բայց ես իմ սոսկ անձնական կարծիքը կարող եմ ներկայացնել, որը միշտ անփոփոխ է: Ես կարծում եմ, որ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում է, եւ այդ ցուցակների հրապարակում չպետք է տեղի ունենա:
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես այդ ցուցակներին ծանոթանալուն, թե՛ քվեարկության ընթացքում դրան հետեւելու միջոցով, թե՛ վերահաշվարկի ժամանակ, կա նման հնարավորություն իրավասու սուբյեկտների համար: Այս լուծումները ոչ թե պահպանվել են նախագծում, այլեւ կատարելագործվել են. այս նախագիծը պարունակում է եւս մեկ նոր լուծում, որը հնարավորություն է տալիս դիտորդին եւ վստահված անձանց, ներկայացնելով դիմումներ, այդ ցուցակներին ծանոթանալ: Սա լրացուցիչ եւս մեկ հնարավորություն է:
-Տարաբնույթ դժգոհություններ եւ պահանջներ կան նաեւ ընտրատեղամասերում քվեարկության ամբողջ ընթացքը տեսանկարահանելու հետ կապված: Ըստ Ձեզ՝ ընտրակեղծիքներից խուսափելու համար ճիշտ չի լինի՞ այս պահանջն իրագործել:
-Ցանկացած պարագայում, երբ առաջարկվում են տեխնիկական նոր լուծումներ, դրանք պետք է անցնեն բավականին լուրջ քննարկումներ` ընկալելու համար բոլոր դրական եւ բացասական գործոնները: Ինչքանով կարող են դրանք նպաստել, ինչքանով են իրատեսական, ինչպիսի հնարավոր ռիսկեր են դրանք պարունակում, ինչպիսի խաթարումներ կարող են տեղի ունենալ քվեարկության ընթացքում:
Նկարահանման հնարավորությունը տրված է վստահված անձանց, դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին , որոնք ազատորեն կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել ամբողջ քվեարկության ընթացքը: Ես կարծում եմ՝ այդ հնարավորությունը լիարժեք ծավալով արդեն իսկ վերապահված է, եւ լրացուցիչ նոր ինստիտուտ, նոր մոդել մշակելու եւ ներդնելու կարծես թե անհրաժեշտությունը առկա չէ:
-Պարո՛ն Մուկուչյան, ԸՕ նոր նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր կուսակցության ընտրացուցակում պետք է ներգրավված լինեն եզդի, ռուս, ասորի, քուրդ ազգի երկուական ներկայացուցիչներ: Որքանո՞վ է իրատեսական այդքան թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավումը, եւ, առհասարակ, որն է դրա նպատակը:
-Ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրը դեռեւս քննարկումների փուլում է: Կան որոշակի լուծումներ, նոր մոտեցումներ, նոր առաջակներ…Կարծում եմ՝ քննարկումներ կլինեն, եւ թե արդյունքում ինչպիսի տարբերակ կընդունվի, դա խորհրդարանի որոշելիքն է: Ներկայիս տարբերակով նախատեսված է այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին եւս ընդգրկվել ընտրողների ցուցակներում: Այստեղ խնդիրը ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների ներկայացվածությունը խորհրդարանում ապահովելն է որպես հիմնական նպատակ:
-Եվ վերջում` այս օրերին, թերեւս, ամենից շատ քննադատված դրույթի մասին` նախագծի 65 հոդվածի 7 կետի, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Այս սահմանափակմամբ ի՞նչ խնդիր եք փորձում լուծել:
-Պատճառը, որը հիմք է հանդիսացել նման լուծում ամրագրելու օրենսգրքում, այն է, որ տարբեր անձինք լրագրողների կամ դիտորդների անվան տակ մուտք չգործեն տեղամասային կենտրոններ, այն դեպքում, երբ վերջիններս առօրյա կյանքում որեւէ առնչություն չունեն լրագրության հետ: Այսինքն՝ քողարկված լրագրողական անցաթղթով մուտք չկարողանան գործել ընտրատեղամաս` խոչընդոտելով իրական լրագրողների գործառույթները: Կարծում եմ՝ քննարկումների ընթացքում այս հարցին եւս կտրվի լավագույն լուծում:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ