Էլինար Վարդանյանը դատական համակարգում դրական տեղաշարժեր չի տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»ը զրուցել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ` նոր Սահմանադրության ընդունումից հետո դատաիրավական համակարգում ակնկալվող բարեփոխումների եւ ՔԿՀ-ներում առկա իրավիճակի շուրջ: Էլինար Վարդանյանի գնահատմամբ` Նոր Սահմանադրութան ընդունումից ամիսներ անց` իշխանությունների տարանջատման եւ հատկապես դատական իշխանության անկախության բարձրացման հարցում տեսանելի տեղաշարժեր չկան:

-Տիկի՛ն Վարդանյան, չնայած Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին եւ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված առաջընթացի մասին պնդումներին` այսօր էլ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը անմխիթար է` թե՛ գերբեռնվածության, թե՛ սննդի հետ կապված, եւ, ամենակարեւորը, մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Տակավին վերջերս դրա ցցուն օրինակին ականատես եղանք ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեպքում, երբ միայն հանրային հնչեղության եւ պատգամավորների ստորագրահավաքի արդյունքում հնարավոր եղավ հասնել Վարդգես Գասպարիի ազատ արձակմանը: Իսկ ինչ պետք է լինի ՀՀ մյուս քաղաքացիների դեպքում, որոնք հնարավորություն չունեն իրենց իրավունքների ոտնահարման շուրջ նման աղմուկ բարձրացնել:

-Եթե ասենք, որ դրա մասին չի խոսվում, ճշմարտությունը չի լինի, որովհետեւ այդ մասին անընդհատ բարձրաձայնվում է, այդ մասին ֆիքսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, այս մասին խոսվում է նաեւ ՀՀ Աժ ամբիոնից եւ տարբեր հարցազրույցներում: Այո՛, մենք իրականում ունենք լրջագույն խնդիր, եւ իմ գնահատմամբ այդ խնդիրներից մեկը գնահատվում է կալանքը որպես խափանման միջոց օգտագործելու ինստիտուտը, որը կիրառվում է տեղին եւ անտեղին: Գրավի ինստիտուտը գրեթե չի գործում, եւ դա, բնականակար, բերում է նրան, որ այնպիսի անձանց դեպքում է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց, երբ գործի նյութերով կամ քննության արդյունքներում բավարար հիմքեր առկա չեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Եվ, հետեւաբար, ասել, որ այդ մասին միայն աղաղակող դեպքերում է, որ անդրադառնում ենք, այնքան էլ ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է արվի, ասեմ՝ խնդիրը նրանում է, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բազմաթիվ անգամ հարցերին անդրադառնալուց հետո կարեւորագույն մտահոգությունները, որոնք բարձրացվում են, դրանք պարզապես հնչեցվում են, եւ պատասխանատու մարմինները, որոնք իրականում պետք է միջոցներ ձեռնարկեն խնդիրները վերացնելու համար, այդպես էլ ոչինչ չեն անում:

-Այնուամենայնիվ, տիկի՛ն Վարդանյան, կան այնպիսի ակնհայտ, աղաղակող դեպքեր, երբ դատավորներն ակնհայտորեն ոչ իրավաչափ որոշումներ են կայացնում, սակայն դրա արդյունքում նրանք որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյոք դատավորի անկախությունն այն աստիճան անձեռմխելի արժեք է, որ նրանք պետք է բացարձակ ազատված լինեն որեւէ պատասխանատվության ենթարկվելուց:

-Իրականում, եթե նայենք, թե քանի կարգապահական վարույթ է հարուցվել, եւ քանիսին են կարգապահական պատասխանատվության ենթարկել, այս դեպքում վիճակագրությունը կխոսի այն մասին, որ մեզ մոտ դատական համակարգը հիմնական օղակն է հանդիսանում, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն: Որովհետեւ դատական օղակում տարբեր տեսակի կամայական գործողությունները բերում են նրան, որ անվստահության մթնոլորտ է ստեղծվում նաեւ դատական համակարգի նկատմամբ: Եվ նաեւ դատական համակարգի գործունեության արդյունքն է հանդիսանում, որ իրավունքների պատշաճ պաշտպանվածության վերաբերյալ խոսք չի կարող գնալ: Մենք մինչեւ չունենանք քաղաքական կամք, ի վերջո, ունենալու ենք անկախ դատական համակարգ, որը զերծ կլինի տարբեր տեսակի ազդեցություններից, տեղին չի խոսել իրավունքների պաշտպանվածության մասին:

-Իսկ Վ. Գասպարիի հարցում դատավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ իրականցվո՞ւմ է:

-Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ կարգապահական վարույթ հարուցված է, թէ ոչ: Ինքս տվյալներին չեմ տիրապետում, բայց բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նաեւ ՄԻՊ-ի միջնորդությունն է եղել կարգապահական վարույթ հարուցելու, որոնք կա՛մ մերժվել են, կա՛մ հարուցվելուց հետո այդպես էլ որեւէ էական արդյունք չեն ունեցել:

-Իսկ չե՞ք պատրաստվում այս կապակցությամբ դիմել մարդու իրավունքների նոր պաշտպանին:

-Բնականաբար: Անկախ նրանից, թե ինչպիսի գործ կլնի՝ հնչեղություն ունեցող, թե ոչ, հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ակտիվ աշխատում է: Եվ նաեւ այս հարցն է, որ եղել է եւ շարունակում է մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, եւ, բնականաբար, հետեւողական ենք լինելու, որպեսզի հասկանանք, թե, ի վերջո, ինչպիսի քայլեր են արվելու, որ դատական համակարգը իրականում անկախ լինի եւ կատարի իր կոչումը. այն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, խախտված իրավունքների վերականգնումը եւ այլն: Նոր Սահմանադրության փոփոխություններից առաջ որպես լրջագույն ձեռքբերում նշվում էր այն, որ, ի վերջո, Սահմանադրությունը հնավարություւն է տալու, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը արդյունավետ գործի եւ այլն: Սահմանադրության ընդունումից ամիսներ են անցել, բայց ես կոնկրետ այս ոլորտում այդպես էլ չեմ տեսնում, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում, որոնք կբերեն իշխանությունների տարանջատմանը եւ հատկապես դատական իշխանության անկախացմանը:

Տեսնենք, միգուցե այդքան թմբկահարվող փոփոխությունները մի օր կյանքի կոչվեն, եւ իրականում մի օր մենք ունենանք վստահելի դատական համակարգ:

Քնար Մանուկյան




Լրահոս