ՓԱՍՏՈՐԵՆ` Ե՛Վ-Ե՛Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հայտարարել է, թե Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Եվրամիության հետ ստորագրվելիք  Ասոցացման համաձայնագիրը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խոչընդոտելու նպատակ չունի եւ չի սահմանափակի  Հայաստանի հնարավորությունները. «Դուք ստիպված չեք ընտրել` ում հետ համագործակցել, մենք երբեք չենք ասել՝ դադարեցրե՛ք  Ռուսաստանի հետ համագործակցությունը, հակառակը` մենք չենք ուզում, որպեսզի Արեւելյան գործընկերության մեջ մտնելով` ձեր ստանձնած որեւէ պարտավորություն  բացասական ազդեցություն  ունենա Ռուսաստանի հետ  ձեր  հարաբերությունների վրա»: Սա, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է, քանի որ մինչ այդ տարբեր եվրոէմիսարներ եւ Հայաստանում պաշտոնավարող եվրոպացի դիվանագետներ նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու ուղղություններով զարգացնել ինտեգրացումը: Հիշեցնենք՝ այդ մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են  Հայաստանում Գերմանիայի եւ Արեւելյան գործընկերության ծրագրի համակարգող երկրի` Լեհաստանի դեսպանները: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ` հունիսի 25-ին, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հակադարձել էր վերջինիս հայտարարությանը, թե «մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ի, այլ «ե՛ւ-ե՛ւ»-ի  սկզբունքի վրա»: «Դուք չեք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական գոտիներում: Դուք պետք է ընտրություն կատարեք»,-շեշտել էր Կոմորովսկին: Իսկ դրանից առաջ էլ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ փոխնախագահ Էլմար Բրոկն ասել էր. «ԵՄ-ն չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել»: Եվ ահա այս ամենից հետո Շտեֆան Ֆյուլեի երեկվա հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ի՞նչ է փոխվել, որ ԵՄ-ն սկսել է այսպիսի հանդուրժողականություն ցուցաբերել. այն էլ` այսօր Մոլդովայում կայանալիք ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովից առաջ, որին մասնակցելու համար Քիշնեւ է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ ամենայնի, հատկապես Ռուսաստանի կողմից մեր երկրի նկատմամբ  վերջին ոչ բարեկամական քայլերից հետո ԵՄ-ում հասկացել են, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի եւ այսպես թե այնպես ստիպված է լինելու ենթարկվել Ռուսաստանի կամքին: Ուստի եւ որոշել են, որ ավելի լավ է քիչ, քան ոչինչ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը Եվրամիության համար կարեւոր նշանակություն ունի, ինչը, իհարկե, ուրախալի  փաստ է:




Լրահոս