2 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԴԵՄՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ պտտվող ֆինանսական մեքենայությունների սկանդալը ոչ մի կերպ չի մարում. «Նաիրիտ»-ի գործ, կիպրոսյան օֆշորներ ու թերեւս դրանց կարելի է միացնել «Ժողովուրդ» օրաթերթի արած բացահայտումը չինական մեծածավալ անարդյունավետ ծախսերի մասին: Պարզվում է՝ ՀՀ վարչապետը 2009-ին եւ 2010-ին կառավարության որոշում է կայացրել 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):

ԻՆՉՈ՞Ւ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԵՆՑ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Բայց ամեն ինչի մասին հերթով: Շատերի համար  անհասկանալի է մնացել, թե ինչն էր պատճառը, որ ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) տարեկան հաշվետվության քննարկումներն այդքան մեծ աղմուկ բարձրացրին: Չէ՞ որ առաջին անգամը չէր, որ ՎՊ-ն հանդես էր գալիս սկանդալային բացահայտումներով: Բայց կարծես թե այս անգամ իրավիճակն այնքան լուրջ էր, որ անհրաժեշտ էր այդ մարմնի նկատմամբ ոչ միայն իշխանական, այլեւ հասարակական տրամադրությունները փոխել՝ անվստահություն սերմանելով:
Ո՞րն էր նպատակը: Իհարկե, գուցե այդպիսիք շատ են, սակայն այն, ինչ նկատեցինք ՎՊ ընթացիկ հաշվետվության մեջ ու բացահայտեցինք «Ժողովուրդ» օրաթերթի անունից արված հարցումների արդյունքում, սպասվածից ավելին էր: Եվ Սերժ Սարգսյանի ասածը, թե ինքը զզվում է բյուջեն թալանողներից, շատ մեղմ ձեւակերպում է թվում:
ՎՊ-ն այս տարվա մարտի 28-ին հրապարակել է ընթացիկ հաշվետվություն «ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման եվ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ»: Փաստաթղթում արված բացահայտումը ստվերվեց ՎՊ-ի շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին:
Եվ այսպես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, 2008-ի ապրիլին նշանակվելով այդ պաշտոնում, ՀՀ էկոնոմիկայի իր սիրելի նախարար Ներսես Երիցյանին հանձնարարել է հարազատ եղբոր՝ Արմեն Սարգսյանի համար սիրելի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայանալիք ցուցահանդեսի մասնակցության համար պայմանագիր կնքել: (Երբ Տ. Սարգսյանը վարչապետ դարձավ, նրա եղբայրը 2008-ի սեպտեմբերին նշանակվեց ՉԺՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան): Արդյունքում՝  2009-ի հուլիսի 7-ին ՀՀ կառավարությունը կայացրեց թիվ 840-Ն որոշումը՝ «2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք «բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցության պայմանագրի, ՀՀ մասնակցության միջոցառումները նախապատրաստելու եւ անցկացնելու մասին»:

ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ,
ԻՐԱԿԱՆՈՒՄ՝ ԱՂՔԱՏ

«Ժողովուրդ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից փորձեց պարզել, թե այդ ինչ կարեւորություն է ունեցել «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսը, որին մասնակցելու համար ՀՀ կառավարությունն այդքան լուրջ է պատրաստվել. ի՞նչ թեմաներ են քննարկվել, եւ ի՞նչ է ցուցադրվել այդ ցուցահանդեսի ժամանակ: Ավանեսյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին (ԶՀԳ), քանի որ նրանք են զբաղվել կազմակերպչական հարցերով:
Հետեւելով նախարարի բարի խորհրդին՝ դիմեցինք ԶՀԳ ղեկավար Ռոբերտ Հարությունյանին, որն էլ պարզաբանեց. «Համաշխարհային ցուցահանդեսները համարվում են խոշորագույն իրադարձություն տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային փոխանակման տեսանկյունից: Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է՝ ներկայացնել լայն շրջանակներին երկիրը, մշակույթը, պատմությունը, ավանդույթները, տնտեսական եւ մտավոր ներուժը, ինչպես նաեւ նորարարությունները եւ նվաճումները: Ցուցահանդեսները նաեւ տալիս են հնարավորություն ապագայի գլոբալ խնդիրների վերաբերյալ երկրի մոտեցումները ներկայացնելու համար: ՉԺՀ Շանհայ քաղաքում կայացած «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի խորագիրն էր «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք», որին ՀՀ-ն ներկայացավ «Աշխարհի քաղաք» նախագծով»:

ԱՃԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ,
 ԲԱՅՑ ՈՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Իսկ ի՞նչ տվեց այդ մասնակցությունը ՀՀ-ին, ինչքանո՞վ բարեկեցիկ դարձավ մեր երկիրը, տնտեսական ի՞նչ աճ արձանագրեց: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԶՀԳ ղեկավարը պատասխանեց. «Մասնակցությունն այդ միջոցառումներին հնարավորություն տվեց ներկայացնել Հայաստանն ավելի քան 2,5-3 մլն մարդու՝ խթանելով երկրի ճանաչելիությունը, ներկայացնելով ՀՀ ներուժը տարբեր ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հետաքրքրության մասին վկայում են վերջին ժամանակահատվածում բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտների աճի միտումները Հայաստանում»: Իսկ թե կոնկրետ քանի զբոսաշրջիկի կամ «այլ ոլորտների» աճի միտում ենք ունեցել, չմանրամասնեց:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է արժեցել այդ «կարեւորագույն» միջոցառումը կամ, ինչպես ասում են, ինչքան է «նստել» «Աշխարհի քաղաք» նախագծի ներկայացումը ՀՀ «կարկատած» պետբյուջեի վրա: Ըստ ԶՀԳ պետի պաշտոնական պատասխանի. «2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 4-ը ՉԺՀ Շանհայ քաղաքում տեղի ունեցած «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով իրականացվել են հետեւյալ ծախսերը.
* 2009թ.՝ 77,692 հազար ՀՀ դրամ (աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե)
* 2010թ.՝ 430,371.2 հազար ՀՀ դրամ (աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե)
* 250,429.5 հազար ՀՀ դրամ (աղբյուրը՝ Չինաստանի կառավարության ֆինանսական աջակցություն)
* 50,680.6 հազար ՀՀ դրամ (աղբյուրը՝ Չինաստանում հայկական ապրանքների նմուշների վաճառքից գոյացած եկամուտ)»:

ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՓՈՂԵՐՆ ՈՒ ՄԵՐ
ԵՐԿՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ

Այսպիսով՝ «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսը մեր երկրի պետբյուջեի վրա «նստել է» 508 մլն 63 հազար դրամ (մոտ 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար), որին գումարվել է նաեւ ՉԺՀ կառավարության տրամադրած 250 մլն 429 հազ. դրամը եւ Չինաստանում վաճառված հայկական ապրանքներից գոյացած 50 մլն 680 հազար դրամը: Ինչը նշանակում է, որ «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսի համար Ներսես Երիցյանը ծախսել է ընդհանուր առմամբ 809 մլն 173 հազար 300 ՀՀ դրամ (մոտ 1 մլն 960 հազար ԱՄՆ դոլար):
Իսկ թե ինչպես են ծախսվել այս գումարները, որքանն են գրպանել կամ «ատկատահարել», եւ ինչ մեթոդներով է ՀՀ ՎՊ-ն թաքցրել այս հսկայական ծախսերը, կմանրամասնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:  
Միայն հիշեցնենք, որ երբ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը եղել է 17,6 տոկոս, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը` 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս է:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս