ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԼՐՏԵՍՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նախօրեին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակել էր «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացրել էր ՀՀ եւ ԼՂ զինված ուժերի վերաբերյալ մի շարք գաղտնի տեղեկություններ:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանի եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան
-Պարո՛ն Պապյան, նախօրեին ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց Ա. Խրամչիխինի «Ֆորպոստ` հարցերով» հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացվեց ՀՀ եւ ԼՂ զինված ուժերին վերաբերող գաղտնի տեղեկություններ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք Ռուսաստանն այսկերպ փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին:
-Հարցը պետք է բաժանենք երկու մասի. մի մասը այն է` արդյոք նման հրապարակումը բացահայտում է ռազմական գաղտնիքներ, թե ոչ: Պետք է ասեմ, որ լայն առումով չի բացահայտում: Վիեննայում կենտրոն կա, որտեղ պարբերաբար ներկայացնում ենք այդ տվյալները: Այսինքն՝ այդ հրապարակումների զգալի մասը բաց են, եւ շատ հեշտ է դա գտնելը: Հարցի երկրորդ մասը հետեւյալն է՝ ինչքան էլ որ դա այդպես է, բնավ ցանկալի չէ, որ դաշնակիցը եւ նրա մասնագետը նման հրապարակումներ անեն: Սրա մեջ ոչ թե տեսնում եմ որեւէ գաղտնիքի բացահայտում, այլ հրահրելու միտում: Մեր պաշտպանության նախարարությունն այս ամենին արձագանքեց եւ ճիշտ արեց: Ընդհանրապես պետք է ՀՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն ցանկացած հրապարակումից, ելույթից հետո, որը մեր շահերին է վերաբերում, արձագանքեն: Պաշտոնյա մարդիկ են հարցազրույցներ տալիս, Հայաստանի հասցեին ինչ-որ բաներ են ասում, բայց մեր մոտից արձագանք չի լինում: Անպայման պետք է արձագանքեն:
-Այնուամենայնիվ, այդ հրապարակումը ռուսական մամուլում հայտնվեց Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, արդյո՞ք սա ինչ-որ ուղերձ էր Ռուսաստանի կողմից, եւ որքանո՞վ պետք է դրա կապակցությամբ հայկական կողմը մտահոգվի:
-Ռուսները ունեն 100 տեսակի օրինական ճանապարհ այս ամբողջն իմանալու, որովհետեւ այդ զենքի մեծ մասն իրենք են մեր վրա ծախում: Չմոռանանք նաեւ, որ ռուսները Հայաստանում ունեն լրտեսներ: Ինչու եք կարծում, որ ռուսները չեն լրտեսում Հայաստանում, կամ մեր պաշտոնյաների զգալի մասը ռուսական լրտես չի` լինի «կագեբեի», լինի ռազմական հետախուզության եւ այլն: Ես վստահ եմ՝ եթե համեմատենք ուրիշ երկրների հետ, ապա կտեսնենք, որ ամենաշատ լրտեսները Ռուսաստանը ունի Հայաստանում: Այնպես որ, ռուսների համար դա հարց չէ:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյան
-Պարո՛ն Սաֆարյան, նախօրեին ռուսական լրատվամիջոցներում հայտնվեց Ա. Խրամչիխինի «Ֆորպոստ` հարցերով» հոդվածը, որտեղ ՀՀ եւ ԼՂ զինված ուժերին վերաբերող մի շարք գաղտնի տեղեկություններ հրապարակվեցին: Ձեր կարծիքով` ի՞նչ էր ուզում այդ հրապարակումով ասել ռուսական կողմը:
-Հայկական կողմին հասկացնում են, որ եթե Ադրբեջանը միայնակ հարձակվի, ապա ԼՂ բանակի հետ միասին կկարողանաս նրա հարցերը լուծել, բայց եթե Ադրբեջանը եւ Թուրքիան հարձակվեն, ապա այդ դեպքում կկորցնես ամեն ինչ: Եւ հետեւաբար առաջարկ է արվում, քանի որ քո դժբախտությունների պատճառը Թուրքիան է, բնականաբար մենք կարող ենք միասին քո տարածքը ռազմական թատերաբեմ դարձնելով՝ այդ համաձայնության դիմաց լուծել Թուրքիայի խնդիրները մեկընդմիշտ: Եթե Թուրքիան չլինի, բնականաբար Ադրբեջանը չի էլ մտածի քո վրա հարձակվելու մասին. սա է հիմնական մեսիջը: Այս կոնտեքստում, իհարկե, անթույլատրելի է հասցեների, զորամասի համարների հրապարակումը:
-Ըստ Ձեզ՝ նման տեղեկություններն ինչպե՞ս կարող են հայտնվել լրատվամիջոցում:
-Ամեն տարի զորամիավորումների եւ այլնի տվյալները փոխանցվում են Միացյալ ազգերի կազմակերպությանը` Վիեննայի պայմանագրի հիմքի վրա: Բայց եթե մտնեք այդ կայքերի էջերը, չենք տեսնի հասցեներով տեղադրված որեւէ ինֆորմացիա. որ գյուղում, որ լանջի փեշին, որ սարի տակ… Կտեսնենք հիմնական ցուցանիշների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք որ պահանջվում են եւ որոնք որ հրապարակվում են: Այսինքն՝ այս տվյալների նկատմամբ միջազգային թափանցիկությունը ապահովված է: Այլ բան է, երբ ռազմաարդյունաբերական համալիրի սուրհանդակում տեղադրվում է նյութ, որը փաստացի ցույց է տալիս ռուսական կիսապաշտոնական, եթե չասեմ՝ պաշտոնական շրջանակների հաստատումը: Այս առումով, իհարկե, մտահոգիչ է:
Հ.Գ. Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ Արտակ Դավթյանից, սակայն ապարդյուն: Արտակ Զաքարյանը խուսանավեց` ասելով. «Այդ թեմայով վաղը կխոսենք», իսկ Արտակ Դավթյանը ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանություն տալ: Ըստ ամենայնի, հարգարժան ՀՀԿ-ականները պարզապես ասելիք չունեին:

 

 
ԳԱԶԻ ԳԻՆԸ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ

Երեկ կառավարության հերթական նիստում հավանության արժանացան «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունների կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագծերը:

Այդպիսով` պարզ դարձավ, որ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլարի չափով, այլ կերպ ասած՝ առայժմ գազի գնի էժանացում չի սպասվում:
Երկու որոշումները կառավարությանը ներկայացրած էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը, սակայն, նշեց, որ ՌԴ-ի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: «Հաշվի առնելով, որ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռեւս շարունակվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. առաջին եռամսյակում պահպանել նախորդ տարվա համար հաստատված 1000 խմ բնական գազի համար 165 ԱՄՆ դոլար գինը, ինչի համար ՀՀ կառավարությունը համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը»,-ասաց Իսայանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ եզրափակեց. «Մենք համաձայնություն ենք տալիս, որ այս արձանագրությունը նախարարությունը ստորագրի»:
Փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությամբ էլ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման եւ «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով:
«Հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել եւ հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում, եւ ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- պարզաբանեց Իսայանը:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է` ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ ավելի էժան գնով գազ ձեռք բերելու նպատակով, սակայն արդյունքներն առայժմ հուսադրող չեն:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ԴԱՀԿ-Ի «ՆՎԵՐԸ» ԿԱՆԱՆՑ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որոշել է յուրահատուկ նվեր անել կանանց միամսյակին: ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել տարբեր տեսակի եւ որակի օգտագործված բիժուտերիա, որը խառը լցված է մեկ մետաղյա տարայի մեջ: Բիժուտերիան գտնվում է «Մետէքսիմ» մաքսային պահեստում, ընդհանուր քաշը 3 կգ է, վաճառվում է մեկ ամբողջական լոտով: Այս 3կգ բիժուտերիան Միհրան Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ն կանանց առաջարկում է գնել 2 հազար 250 դրամով: Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նաեւ տարբեր տեսակի եւ որակի օգտագործված գոտիներ եւ պայուսակներ՝ խառը լցված ստվարաթղթե արկղերի մեջ: Պայուսակներն ու գոտիները վաճառվում են քաշով: Այսպես վաճառվում է 25 կգ գոտի ու պայուսակ, որոնց գինը կազմում է 18 հազար 750 դրամ:

 

 

ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻՆ ԷԼ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՍՈՒՄ
«Ժողովուրդ»-ը երեկ անդրադարձել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացրած դիմումին, որով նա պահանջել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին: Դատախազության կողմից դիմումը ստանալուց անցել է 18 օր: «Ժողովուրդ»-ը Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք ինքը դատախազությունից որեւէ գրություն ստացել է եւ տեղյակ է, թե իր դիմումը ինչ ընթացքում է գտնվում: «Բացարձակապես ոչ մի գրություն, ոչ մի տեղեկություն առայժմ չեն ուղարկել, որ մենք իմանանք՝ ինչ են կատարում: Նրանք պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնեին հաղորդման հիման վրա: Կան հստակ օրենսգրքի պահանջներ, կա քննչական գործողությունների կատարման հստակ անելիքը, եւ պետք է կատարել օրենքի պահանջները: Կարող ենք արձանագրել, որ հարցը երբ վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը սկսում է դադարել գործել: Գլխավոր դատախազությունն իր անգործությամբ, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս դա»,- ասաց Սաքունցը:

 

 

ՔՆՆԻՉԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը ՀՀ գլխավոր դատախազություն բողոք են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշման դեմ: Բողոքում, մասնավորապես, նշվում է. «Գտնում ենք, որ քննիչի որոշումն անհիմն է եւ իրականում հետապնդում է այլ նպատակներ, քան դրանով վկայակոչվածն ու քրեադատավարական օրենքով նախատեսվածը: Քննիչի որոշումից պարզվում է, որ բացի վերը նշված հանգամանքներից՝ կան նաեւ այլ հիմքեր պարոն Վ. Գասպարիի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնելու համար, որոնք սակայն նա չի բացահայտում որոշմամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան դատավարական օրենքի եւ պարոն Վ. Գասպարիի իրավունքների խախտում»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում որոշել են բավարարել փաստաբանների բողոքը:




Լրահոս