ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԼԱՎ ԲԱՆ ՄԻ ԱԿՆԿԱԼԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խորհրդային էստրադայի լեգենդ, հանրահայտ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսն անդրադարձել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի տեղափոխելու որոշմանը, վերհիշել, թե ինչպես էր Յուրմալայի հանրահայտ դահլիճում պատանեկան տարիներին լսում հայկական ջազ երաժշտություն եւ պատմել, թե ինչով է հիմա զբաղվում:

-Մաեստրո՛, նաեւ Ձեր ջանքերով խորհրդային տարիներից հետո վերականգնված «Նոր ալիք» երգի մրցույթը ինչ-ինչ քաղաքական պատճառներով որոշվեց Յուրմալայից տեղափոխել Սոչի: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, արդյո՞ք պատճառը զուտ քաղաքական էր, թե՞ կային նաեւ այլ խնդիրներ:
-Այնտեղ, որտեղ հայտնվում է քաղաքականությունը, այլեւս ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Բոլորը խոսում են այդ փառատոնի` «Նոր ալիքի» մասին: Պատահական չէ, որ դուրս եկա եւ ասեմ ինչու. զուտ մասնագիտական տեսանկյունից պետք էր մտածել վերափոխման մասին, քանի որ անցած տասը տարիների ընթացքում մենք պարզապես կրկնվում էինք` անընդմեջ նույն բանը, նույն կատարողներին ցուցադրելով: Անունները Դուք արդեն գիտեք, չեմ նշի: Բացի այդ` ինքնին այդ մրցույթը վաղուց արդեն հայտնվել էր երկրորդ, երրորդ պլանում, իսկ առաջին տեղում այն էր, թե ով ինչ ժամացույց է կրում, ինչ սեփականություն ունի Ամերիկայում կամ Լոնդոնում, այսպես ասած` առաջին տեղում «տուսովկան» էր: Եվ վերջապես. հաջորդ պատճառը քաղաքականությունն է. չեմ սիրում, երբ մշակույթը խառնում են քաղաքական գործընթացներին: Գիտեք, մենք միանգամայն այլ հարաբերություններ ունենք ե՛ւ ռուս, ե՛ւ ուկրաինացի, ե՛ւ հայ երաժիշտների հետ: Սակայն մեզ մշտապես ներքաշում են ձախ կամ աջ: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ այս շրջանը կհաղթահարենք եւ դրանից ողբերգություն չենք սարքի, պետք է սպասել: Վստահ եմ, որ իրավիճակը կհանդարտվի, ես այդպես եմ կարծում: Ամեն դեպքում, ես միշտ կողմ եմ եղել, որ նորմալ վերաբերմունք ցուցաբերենք մեր հարեւանի` Ռուսաստանի հանդեպ, եւ ես միշտ լավատեսորեն եմ մտածել եւ այդպես էլ կշարունակեմ:
-Այսինքն՝ կարծում եք, որ մրցույթը կվերադառն՞ա Յուրմալա:
-Տեսնենք, չեմ կարող ասել՝ կլինի, թե ոչ, տեսնենք, թե այս տարի ինչ համերգներով կհամալրեն: Իմ մասնագիտական դիրքորոշումն արդեն ասացի, որ պետք է ինչ-որ բան փոխել, իսկ նրանք հետեւեցին այդ ստանդարտին: Սակայն երիտասարդ սերունդն այլ վերաբերմունք ունի: Օրինակ՝ իմ տարիքի երգիչները նրանց մոտ ոչ մի զգացմունք չեն առաջացնում:
-Իսկ ի՞նչ կասեք տարբեր տարիներին մրցույթին մասնակցած հայ կատարողների մասին:
-Դուք միշտ լավ եք հանդես գալիս: Շատ լավ: Ես նույնիսկ զարմացած եմ, միշտ լավ երգիչներ են հանդես գալիս: Եվ եթե դուք ձեր ուժերով չեք կարողանում հաղթահարել, ապա հրավիրում եք, օրինակ, Ամերիկայից, քանի որ հայերն ամենուր են: Այնուամենայնիվ, միշտ ժամանակակից համարներ են լինում: Ի դեպ, ժամանակին, երբ մենք երիտասարդ էինք, Յուրմալայի փոքր դահլիճում գիտեք, թե ինչ նվագախումբ էինք լսում՝ հայկական: Ես մինչ օրս հիշում եմ, որ լսում էինք Այվազյանի, եթե չեմ սխալվում` Արտեմի Այվազյանի նվագախմբի հրաշալի ջազ երաժշտությունը:
-Մաեստրո՛, Ձեր երաժշտությունը շատ սիրված է Հայաստանում: Երեւանում կայացած Ձեր վերջին համերգը հիշարժան էր, հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեր արվեստի հայ երկրպագուներին ուրախացնեք եւս մեկ երեւանյան համերգով:
-Գիտեք, այսօր հեշտ չէ համերգներ կազմակերպելը: Ինչպես միշտ, ես փորձում եմ ինքս ինչ-որ բաներ անել, բայց, դե, կոմերցիայի մասին պետք չէ մոռանալ: Թեեւ ես չեմ կարող զբաղվել նման հարցերով, ինքս հանդիսատես չեմ հավաքի, հասկանում եք… Այդ իսկ պատճառով ես փորձում եմ շատ տանը մնալ: Չնայած առաջիկայում Մոսկվայում՝ «Կրոկուս սիթի»-ում, պլանավորվում է հավաքել նախկին սովետական աստղերին՝ սկսած Պուգաչովայից, Լեոնտեւից եւ այլն, եւ այլն, տեսնենք:
-Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ մարդիկ հեռանում են, որ աշխատանք չկա: Հայաստանում եւս այդ խնդիրն արդիական է, շատ են արտագաղթողները, ինչպես եւ Լատվիայից: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում միգրացիային Լատվիայից եւ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա դադարեցման համար:
-Այդ թեման շատ բարդ է: Այդ ամենը շատ գեղեցիկ է՝ Եվրամիություն, ՆԱՏՕ, սակայն Լատվիայի կենսամակարդակը խիստ տարբերվում է, օրինակ, Գերմանիայի կենսամակարդակից: Եվ տրամաբանական է, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ եթե այստեղ ստանում են 450 եվրո աշխատավարձ, ապա Գերմանիայում կարող են ստանալ 2-3 հազար: Գերմանիան տնտեսապես հարուստ երկիր է, սոցնպաստները բարձր են, իսկ մե՞նք ինչ ունենք՝ ոչինչ: Ո՛չ գազ, ո՛չ նավթ:
Եվ եթե դու տնտեսապես թույլ ես, մարդիկ արտագաղթում են: Անցած տարիներին պաշտոնական թվերով 300.000 հոգի հեռացել է, դա մեծ թիվ է: Պետք է ռեալ մտածել՝ ինչն է մեզ ձեռնտու, ինչը՝ ոչ: Մենք, ինչպես եւ Հայաստանը, պետք է սեփական եկամուտներն ունենանք, իսկ մենք արտադրություն չունենք:
-Մաեստրո՛, իսկ ինչո՞վ եք հիմա զբաղվում, ի՞նչ պլաններ ունեք:
-Գիտեք, ես նվագում եմ, ուղղակի զբաղվում եմ երաժշտությամբ:
-Իսկ Ձեր հեղինակած երգերից հատկապես ո՞րն եք ամենից հաճախ կատարում եւ ո՞րն եք ինքներդ ամենից շատ սիրում:
-Դժվարանում եմ կոնկրետ նշել: Կան մոտիվներ, որոնք դարձել են իմ այցեքարտը համերգների ժամանակ: Սակայն ակնհայտորեն ամենասիրվածը «Երկար ճանապարհ դեպի ավազաբլուրներ» ֆիլմի մոտիվն է:
-Ասելով Լատվիա՝ առաջին հերթին մտաբերում ենք Ռայմոնդ Պաուլս: Ինչպե՞ս եք ապրում՝ գիտակցելով, որ Դուք լեգենդ եք:
-Այստեղ ոչ բոլորն են նման կարծիքի: Ես գիտեմ մի շատ հայտնի երգչի, ում իր հայրենիքում տանել չէին կարողանում: Այդ թեման միշտ տհաճ է, միշտ խանգարում է, սակայն ես այն եմ, ինչ կամ:
-Մաեստրո՛, բոլորովին վերջերս տոնեցիք Ձեր 80-ամյակը, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում` ստեղծագործելու եւ լինելու այսքան կենսախինդ: Ո՞րն է երիտասարդության գաղտնիքը, որտեղի՞ց է գալիս այդ ուժը:
-Իսկ Շառլ Ազնավուրը, որն 90 անց է, որտեղից է ստանում այդ ուժը: Ոչ ոք չգիտի: Ես նույնպես չգիտեմ, ես այդպես եմ ստեղծված: Ես գիտեմ, որ նա եւս բարդ ուղի է անցել, նրան ոչ ոք չէր ընդունում, սակայն նա անցել է այդ ամենի միջով: Իմ կյանքում եւս նման դժվարություններ են եղել, եւ ես նույնպես չեմ հանձնվել:

Զրուցեց Ա. ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

 
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏՔ ԵՆ ՈՒ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ

Ավելի քան 24 տարի հրուշակեղենի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Սոնանուշ» ընկերությունը այս տարվա հունվարի 8-ին սնանկ է ճանաչվել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անցած տարվա դեկտեմբերի 1-ին դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Սոնանուշ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: ՖՆ-ն դատարանին հայտնել է, որ ընկերության ունեցած հարկային պարտավորությունները վերջինիս կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն կատարվել: Նշենք, որ «Սոնանուշ»-ի վճարային պարտավորությունը պետբյուջեի նկատմամբ անցած տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 1 մլն 800 հազար դրամ: Եւ, ահա, այս պարտավորությունները չկատարելու հիմքով դատարանը հունվարի 8-ին «Սոնանուշ» ընկերությանը ճանաչել է սնանկ:
Համաձայնեք, որ 1 միլիոն 800 հազար դրամն այնքան մեծ գումար չէր, որպեսզի դրա դիմաց 24 տարի գործունեություն ծավալած ընկերությունը սնանկ ճանաչվեր: Ուշագրավն այն է, որ դեռեւս 2012 թվականին ընկերության հիմնադիրները վաճառքի են հանել ընկերության ե՛ւ ապրանքանիշը, ե՛ւ արտադրամասը:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ սնանկացավ «Սոնանուշ»-ը: Այս հարցին ի պատասխան՝ «Սոնանուշ»-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանն ասաց. «Այդ արտադրամասը գործել է Երեւանում՝ ինչ-որ վարձակալած տարածքում: Այն 3 տարուց ավելի է` ոչ մի տեսակի գործունեություն չի ծավալում: Արտադրամասը այս պահին հոսքագծեր, սարքավորումներ չունի: Տնօրենները 2012 թվականին փոխվել են»: «Սոնանուշ»-ի նախկին տնօրեն Երեմ Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ինքը դեռեւս 2012 թվականից որեւէ կապ չունի ընկերության հետ: Նշենք, որ ընկերության հիմնադիրներն են Աշոտ Խաչատրյանը եւ Աննա Միրոյանը: Ա. Հարությունյանից տեղեկացանք, որ հիմնադիրներն այժմ Ռուսաստանում են: Կարճ ասած՝ պետությանը գցել են ու թռել ՌԴ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ ԵՆ ՁԳՁԳՈՒՄ
2015թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր.օր. 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Նույն գործով ՀՀ քր.օր. 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման: Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան` խնդրելով կայացված դատավճիռները բեկանել: Այդ բողոքները ՀՀ վերաքննիչ դատարանում լսվում են 2015թ. հոկտեմբերի 5-ից` գրեթե կես տարի, սակայն նիստերը տարբեր պատճառաբանություններով՝ դատարանի կազմի չհամալրվելու, դատավորների վերապատրաստման մեկնելու եւ այլն, հետաձգվում են: Հերթական նիստը նշանակված է մարտի 24-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստ են ազատ արձակել Ա. Ազիբեկյանին, պայմանով, որ վերջինս ներման խնդրագիր գրի Սերժ Սարգսյանին: Սակայն Ազիբեկյանը իրեն մեղավոր չի համարում: Ա. Ազիբեկյանի հարազատները համոզված են, որ Անդրանիկի «գլխին սարքել են», եւ նրան պաշտոնանկ անելու օրը շտապել են Իջեւանի ոստիկանապետ նշանակել Կարեն Հակոբյանին: Նշենք, որ սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը՝ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից Արմեն Ազիբեկյանը, 1991թ. մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակումից Ոսկեպարի անտառում զոհվել է: Նա իր ծառայակից ընկերների հետ գնում էր սահմանը պաշտպանելու: Անդրանիկ Ազիբեկյանի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ: Նա 3 որդի ունի, որոնցից ավագը ժամկետային զինածառայող է, կրտսերը` 2 տարեկան: Տեղեկություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նիստերը հետաձգելով՝ իշխանությունները ցանկանում են ճնշում գործադրել Ա. Ազիբեկյանի վրա, որպեսզի նա ներման խնդրագիր գրի:

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Իջեւանի տարածաշրջանի բնակիչները «Ժողովուրդ»-ին ահազանգեցին այն մասին, որ արդեն 2 շաբաթ է` Իջեւան քաղաքից շուրջ 10 կմ հյուսիս` Բերդ եւ Նոյեմբերյան տանող ճանապարհների խաչմերուկում գտնվող Մայիսյան կամրջի վրա խողովակ է պայթել, որից հոսող ջուրը հեղեղել է կամուրջն ու այն քանդման վտանգի առաջ կանգնեցրել: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ ջրի պատռված խողովակը սնուցում էր ավտոմոբիլային կամրջի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը: Գյուղապետն ասաց, որ զինվորականները սկսել են խողովակի նորոգումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս