Այն, որ ՀՀ իշխանությունները ամեն կերպ փորձելու են պահպանել ընտրակեղծարարության՝ գործող ընտրական օրենսգրքով տրված հնարավորությունները, կասկածից դուրս է: Մյուս կողմից ՀՀ իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է միջազգային կառույցներին համոզել, որ իրենք ամեն ինչ անում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար: Այդ կառույցների բարեհաճությունն անհրաժեշտ է տարբեր ծրագրերով դրամաշնորհներ ստանալու համար, քանի որ Հայաստանի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է, եւ երկիր մտնող ամեն մի լուման էլ կարեւոր է: Այսինքն՝ իրավիճակը նպաստավոր է, որպեսզի Հայաստանի ընդդիմադիր ուժերը ընտրությունների կազմակերպման հետ կապված փորձեն իշխանություններից առավելագույն զիջումներ կորզել: Մոտ տասն օր է՝ ԸՕ նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար կրկնում են, թե ցանկացած առաջարկ պատրաստ են լսել եւ քննարկել: Երեկ ԸՕ նախագծին նվիրված առաջին լայնամասշտաբ քննարկումը տեղի ունեցավ, որը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը եւ ԵԱՀԿ-ն: Այդ քննարկումը, սակայն, անցավ տարիներ շարունակ ծեծված տարբերակով. ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններին մեղադրեցին ընտրակեղծարար լինելու, կեղծիքների համակարգն ամեն գնով պահպանելու մեջ: Զուգահեռ մատնանշվեցին նաեւ կեղծարարության գործիքները, օրինակ՝ ընտրողների ստորագրությամբ ցուցակները չհրապարակելով` բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսով մարդկանց վրա գործադրվող ճնշումները եւ այլն: Նման մեղադրանքները, իշխանությունների բանախոսների համար զուտ անձնական հարթությունում, բնականաբար, տհաճ էին, բայց այն, որ ընդդիմությունը խնդիրները բարձրաձայնելու հետ միաժամանակ լուծումներ չի առաջարկում, իշխանությունների համար դառնում է իդեալական տարբերակ: Ի վերջո, ստացվում է, որ իշխանություններն են միայն լուծումներ առաջարկում, իրենք էլ դա անում են այնքանով, որքանով կարողանում են:
«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ դեռ 2005-ին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթացել: Ավելին` քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Այսինքն՝ 2009-ի գարնանը ֆուտբոլային դիվանագիտությունը սկսելով՝ Սերժ Սարգսյանն իրականում փորձել է ավարտին հասցնել Ռոբերտ Քոչարյանի՝ դեռ չորս տարի առաջ սկսած գործընթացը, որը ընդդիմությունը որակեց որպես Հայոց ցեղասպանության ուրացման փորձ: Այսպես՝ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը Վաշինգտոն ուղարկած զեկույցներից մեկում պատմել է 2005թ. օգոստոսի 16-ին այնժամ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ իր զրույցի մասին: Դեսպանի եւ ԱԳ փոխնախարարի հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Ուզումչուի միջեւ Վիեննայում կայացած բանակցություններից հետո: Կիրակոսյանը պատմել է, որ բանակցություններում հիմնական տարաձայնությունները վերաբերել են 1915թ. «դեպքերն» ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի նպատակին ու ընդգրկման տիրույթին, ինչի պատճառներով էլ գործընթացը մտել է փակուղի:
Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երեւանի քաղաքապետարանից փորձում են ետ չմնալ: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով` այդպիսով գերազանցելով անգամ Երեւանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ է վճարել: Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում եւս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցնել: Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում է լիտրը 410 դրամով, կարելի է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետարանն արդեն 17 տարի է` Սամվել Դարբինյանի տիրապետության տակ է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրերս ԱՄՆ հայկական խոշոր համայնքներից մեկում հայտարարել էր, որ դեսպանությունը հայաստանցի ծրագրավորողներին մուտքի վիզաներ չի տրամադրում՝ իրենց երկրում աշխատատեղերը պաշտպանելու համար: «Ժողովուրդ»-ը դեսպանին խնդրել է հստակեցնել, թե «ինչպես կարող է հայաստանցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա` հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության ծավալները»: Դեսպանը մեր հարցմանը շատ օպերատիվ պատասխանել է, սակայն, ինչպես սովորաբար լինում է դիվանագետների դեպքում, բուն թեմային այդպես էլ չանդրադառնալով: Դեսպանի պատասխանում մասնավորապես ասված է. «Դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը»:
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Մարտի 10-ի երեկոյան Կրեմլում կայացած Սարգսյան-Պուտին հանիպումից ժամեր անց ԼՂՀ հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է ԼՂ պաշտպանության բանակի կողմից: Ազերիների առաջխաղացումը կասեցվել է, եւ կրելով առնվազն 2 զոհ եւ վիրավորներ` դիվերսանտները հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Նախօրեին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 5500 կրակոց, ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են նաեւ «Հաուբից» տեսակի թնդանոթներ:
Հիշեցնենք, որ ռուսական արտադրության «Հաուբից» տեսակի թնդանոթը ադրբեջանական զինուժը հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառեց անցած տարվա սեպտեմբերին, ինչն այն ժամանակ հարուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մտահոգությունը, որոնք այդ կապակցությամբ հանդես եկան հատուկ հայտարարությամբ: Եվ հիմա՝ մի քանի ամիս անց, փաստորեն, նման զինատեսակի կիրառումն էլ է դառնում արդեն սովորական պրակտիկա ադրբեջանական զինուժի համար, համենայն դեպս, այս միջադեպի հետ կապված երեկվա դրությամբ որեւէ դատապարտող հայտարարություն միջնորդների կողմից չէր արվել:
Բայց այս դեպքում ամենակարեւորն ու մտահոգիչն այն է, որ ըստ ԼՂ ՊՆ հաղորդագրության` «Հակառակորդը նշված հրանոթներից հրետակոծության է ենթարկել ոչ միայն Աղդամի ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլեւ առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում»:
Այսպիսով` Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի քննարկումներին Ադրբեջանը պատասխանում է ԼՂՀ արդեն խորքային տարածքի հրետակոծմամբ: Թե ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտինի եւ Սարգսյանի միջեւ, որը հարուցել է այսպիսի ագրեսիվ արձագանք, առայժմ հայտնի չէ:
Չի բացառվում, որ Ադրբեջանի այս պատասխանը պայմանավորված է հենց այդ պայմանավորվածության բացակայությամբ: Ի վերջո, հատկապես ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինի` Բաքու կատարած այցի ընթացքում արված հայտարարությունը, թե Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելի խորացնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը, ցույց է տալիս, որ ռուս-թուրքական լարվածության այս փուլում Ադրբեջանը պատրաստակամ է առնվազն լոյալություն հայտնել Ռուսաստանի նկատմամբ՝ դիմացը, բնականաբար, ակնկալելով վերջինիս կողմից ճնշման բանեցում Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում:
Առավել եւս, որ մյուս բեւեռում` ԱՄՆ-ում, մարտի 31-ին կայանալիք միջուկային հարցերով անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է ճնշման բանեցում Ալիեւի վրա, համենայն դեպս, Օբամային նման խնդրանքով արդեն իսկ դիմել են ԱՄՆ կոնգրեսականներն ու ամերիկյան հեղինակավոր մամուլը: