Նախօրեին Վարդենիսի շուրջ երկու տասնյակ բնակիչներ դիմել էին «Ժողովուրդ» օրաթերթին՝ հայտնելով, որ իրենք «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղից ոսկու գրավի դիմաց վարկեր են վերցրել, ամիսներ անց մարել, սակայն երբ եկել է ոսկին վերադարձնելու պահը, պարզվել է, որ վճարումների դիմաց տրված բոլոր կտրոնները կեղծ են եղել: Բացի այդ, բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը սպառնացել է, որ եթե դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն, ուրեմն «Ընդհանրապես ոսկիները չեք ստանա: Ումից ուզում եք, պահանջե՛ք: Չկա»:
Ավելի քան մեկ ամիս է, ինչ խաբված քաղաքացիները գնում են բանկ, սակայն բանկի կառավարիչը նույնիսկ չի բարեհաճում հանդիպել մարդկանց: «Ես 750 հազար դրամի ոսկի եմ գրավ դրել եւ մի անգամ 500 հազար դրամ վճարել եմ՝ մարելով վարկը: Ի դեպ, ունեմ բոլոր վճարումների կտրոնները: Եվ այսօր պարզվում է, որ 500 հազար դրամ վճարելու ժամանակ բանկի աշխատակիցն ինձ կեղծ կտրոն է տվել: Կտրոնի վրա ո՛չ աշխատակցի անուն է գրված, ո՛չ էլ ազգանուն, ընդամենն այն, որ 500 հազար դրամ գումար եմ վճարել»,- ներկայացրեց բանկի կողմից խաբված քաղաքացին:
Իսկ մեկ այլ խաբվածի` Քրիստինե Բարսեղյանի պատմելով՝ մոտ տասն օր առաջ ինքը փորձել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանից հետաքրքրվել իր ոսկեղենի ճակատագրով, սակայն կառավարիչը հանգստացրել է քաղաքացուն՝ ասելով, որ բանկի տվյալ աշխատակիցն անասուններ ունի, կվաճառի դրանք ու գումարը կվերադարձնի. «Բացի այդ, կառավարիչն ասաց, թե մենք ձեր ոսկին կտանք, մոտեցե՛ք հուլիսի 10-ին, բանկը գարանտ կկանգնի: Իսկ այսօր էլ նայում է քաղաքացիների աչքերին եւ հայտարարում, թե ես նման բան չեմ ասել, տեղյակ չեմ՝ այդ աշխատակիցը մուծելու է գումարները, թե ոչ: Մոտ 18 միլիոն դրամի կեղծ կտրոն են տվել»:
«Կառավարիչն ինքն իրեն հակասում է. մե՛կ ասում է՝ բանկը գարանտ կկանգնի, մե՛կ՝ այդ կինն անասուն կվաճառի ու կվճարի, մե՛կ էլ, թե գնացե՛ք ու իրենի՛ց պահանջեք գումարները: Իսկ հիմա էլ սպառնում է մեզ՝ ասելով, որ ձեր ոսկեղենը չենք տալու, քանի որ ահազանգել եք «Ժողովուրդ»-ի խմբագրություն»,-ներկայացրեց մեկ այլ քաղաքացի:
Մեզ հետ զրույցում բանկի կողմից խաբված քաղաքացիները նաեւ պատմեցին, որ կեղծ կտրոն տվող աշխատակիցը՝ Օլգան, մոտ օրերս բանկ մտնելուն պես բնակիչների ներկայությամբ բարձրաձայն հայտարարել է, թե «փողերը մենակով չեմ կերել»:
Օլգան Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի բնակիչ է: «Ժողովուրդ»-ն Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի մարդ է նա, արդյոք ունակ է նման մեքենայությունների: «Ծանր ընտանիք է, ունի չորս երեխա, ամուսինը հաշմանդամ է: Ինքն էլ գիշեր-ցերեկ աշխատում է, ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է այդ կնոջ ուսերին: Չեմ հավատում իրենից նման բան»,-ներկայացրեց Ղարիբյանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ նմանատիպ դեպքերում Կենտրոնական բանկն իրավասություն չունի միջամտելու բանկի եւ քաղաքացու փոխհարաբերություններին: «Բանկի ու հաճախորդի փոխհարաբերությունը բանկն ինքն է կարգավորում, ու Կենտրոնական բանկը չի միջամտում:
Իսկ «Ֆինանսական հաշտարարի գրասենյակ»-ի հանրային կապերի պատասխանատու Հրանուշ Աղայանը տեղեկացրեց, որ իրենք այս պահին միայն կարող են քաղաքացուն օգնել համապատասխան դիմում-բողոք գրել` ուղղված բանկին: Եվ եթե բանկը տասն օրվա ընթացքում չպատասխանի կամ պատասխանը չգոհացնի քաղաքացուն, ապա այդ ժամանակ քաղաքացին նախատեսված կարգով հիմք ունի դիմելու «Ֆինանսական հաշտարարի գրասենյակ»:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը կապվեց նաեւ «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի հետ: «Ես ոչ մի գումարի հետ կապ չունեմ, բանկը ոչ մի խնդիր չունի: Քաղաքացիներն ինձանից գումար չեն պահանջում: Ես կառավարիչ եմ ու իմ գործով եմ զբաղվում: Ես ոչնչից էլ տեղյակ չեմ»,-անդաստիարակի տպավորություն թողնելով ասաց կառավարիչը ու հեռախոսը փոխանցեց ոմն Տիգրանի: Վերջինս խուսափեց նշել իր ազգանունը` ասելով. «Դիմե՛ք «Արդշինինվեստբանկ»-ի հանրային կապերի բաժին: Մենք իրավասու չենք ինֆորմացիա տալ: Հնարավոր է, ես ոչ մի բան չեմ բացառում, բայց բանկը ոչ մի բնակչի չի գցել»:
Ավելի ուշ խմբագրություն զանգահարեց մի տղամարդ, որը նույնպես չներկայացավ. «Ինչի՞ համար է իմ անուն-ազգանունը ձեզ պետք, ես ձեզ զանգել եմ բանկի անունից եւ ասում եմ, որ եթե դուք հարցեր ունեք, գրավո՛ր ուղարկեք: Ես անվտանգության վարչությունից չեմ, ուղղակի բանկի ներկայացուցիչ եմ, ուզում եմ ասել, որ բանավոր զանգերին բանավոր պատասխան չեմ կարող տալ: Ես տարածքային կառավարման գծով պատասխանատուն եմ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը բանկի կողմից խաբված բնակիչներին «Ժողովուրդ»-ի միջոցով խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն, քանի որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Նույն խորհուրդը տվեց նաեւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը՝ ասելով թե քաղաքացիները պետք է անպայման դիմեն ոստիկանական բաժանմունք եւ հայտնեն իրենց դժգոհությունը, որից հետո ոստիկանությունը կզբաղվի հարցով:
Հ.Գ. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ: Ե՞րբ է «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղը վերադարձնելու բնակիչների ոսկեղենը. չէ՞ որ նրանք բարեխղճորեն մարել են վարկը եւ ունեն բանկից տրված համապատասխան կտրոններ: Արդյո՞ք բանկը պատասխանատվություն չի կրում իր աշխատակիցների արարքների համար: Երեկ այս հարցերը գրավոր ուղարկել էինք բանկին, սակայն դեռ պատասխան չենք ստացել: «Ժողովուրդ»-ը խոստանում է հետամուտ լինել այս պատմությանը՝ պարզելու, թե իրականում ով է «կերել այդ փողերը»: Եվ վերջում՝ մի ուշագրավ տեղեկություն եւս. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ձեւակերպել էր կեղծ վարկեր: Այժմ նախկին կառավարիչը կալանքի տակ է. 9 տարի է շալակել: Ու կարծես թե Արտյոմն էլ է գնում Բաղդասարյանի հետեւից, եթե 18 մլն չվճարի:
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ՈՒՄ ԽԱԲԵ՞Լ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ