Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի մահվան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի ժողովրդական «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։
Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին` շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների։
Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ «Անուշ» (1912) և «Ալմաստ» (1930) օպերաները նույնպես հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։ Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։
Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։