ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Այս մեքենայի վարորդը տեւական ժամանակով իջել է մեքենայից, իսկ շունն էլ որոշել է նստել ղեկին: Հուսանք, որ տերը երկար չի սպասեցնի շանը, հակառակ դեպքում գուցե վերջինս որոշի նաեւ վարել մեքենան:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ իրավունքներ ունեն օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում:

Լիա Մանուկյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրացին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաեւ օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները: Ի դեպ, ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` աշխատանքային ստաժը ո՞ր տարիքից սկսած է հաշվարկվում: Եվ խնդրում եմ ասեք՝ գործազրկութան ժամանակաշրջանը արդյո՞ք հաշվառվում է աշխատանքային ստաժում:

Գայանե Եփրեմյան (47 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաեւ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգեւատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:
Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:




Լրահոս