Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, իրանցիները, ինչպես նաև այլ մահմեդական ազգեր, նշում են Նովրուզ Բայրամը` Նոր տարին: Միաժամանակ այս օրերին Հայաստանում կտրուկ աճում է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքում իրանցիների ներկայությանը՝ անհանդուրժողականությունից մինչև անտարբեր վերաբերմունք:
Այս օրերին իրանցիներին հաճախ կարելի է տեսնել նաև հայկական եկեղեցիներում:
ArmLur.am-ը այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ արձանագրեց, որ իրանցիների հետաքրքրությունները սկսվում և ավարտվում էին մեծամասամբ ինքնանկարներ անելով:
Այնուհետև զրուցեցինք եկեղեցու մոմավաճառ Լիանա Եղյանի հետ, ով նշեց, որ ցանկալի է՝ իրանցիները լինեն էքսկուրսավարների հետ:
«Պարզապես ուրիշի սրբությունները հարգելու խնդիրն է, պետք է հարգել, լռել այլ ազգերի սրբավայրերում: Եթե լինում են էքսկուրսավարների հետ, շատ հանգիստ գալիս, գնում են, իսկ եթե ոչ, պահում են իրենց, չես հասկանում՝ ինչպես: Եկել են կարծես զվարճալու, զուտ նկարվելու: Սակայն կան նաև այնպիսիները, որ գալիս են այստեղ որպես սրբության վայր: Թող գան, թող տեսնեն, խնդիր չկա, բայց պետք է վայելուչ պահեն, չաղմկեն: Գոնե թող պատարագների ժամանակ չգան. այսօր եկել, լցվել էին, այնտեղ խորհուրդ էին մատուցում, իրենք աղմկում ու նկարվում էին»:
Այնուամենայնիվ, իրանցիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք խաղաղությամբ են գալիս եկեղեցի՝ ցույց տալու մարդկանց, որ բոլոր կրոնները նույնն են, բոլորը մարդու, խաղաղության մասին են:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց նաև քահանա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի հետ.
«Երբ իրանցիները գալիս են եկեղեցի, մեզնից որևէ մեկը անպայման մոտենում է թե՛ էքսկուրսավարներին, թե՛ լեզուն հասկացողներից որևէ մեկին, որպեսզի իրենք էլ այն գիտակցությունն ունենան, որ ճիշտ է, մենք չենք արգելում մտնել մեր սրբավայրը, սակայն զգուշացնում ենք, որ պահեն իրենց հավուր պատշաճի, օրինակ՝ խորան չբարձրանան, չդիպչեն սրբապատկերներին: Ես՝ որպես հոգևորական, բարոյական իրավունք չունեմ որևէ մեկի հանդեպ խտրականություն դրսևորել և արգելել մտնել սրբավայր, սակայն մենք անընդմեջ հետևում ենք եկեղեցու կարգուկանոնին»:
Սյուզի Մուրադյան