Սերժ Սարգսյանը ոչ միայն չարձագանքեց, այլև արհամարհեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական մրցավազքը հատել է իր հասարակածը: Ամեն հաջորդ քվեարկությունից հետո Թրամփի ու Քլինթոնի առճակատումն ավելի է ուրվագծվում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում: Սակայն եթե հանրապետականների մոտ ներկուսակցական պայքարում ձգտում են կանգնեցնել Թրամփին, ապա դեմոկրատների մոտ Քլինթոնը կենտրոնացրել է բոլոր ռեսուրսները` ընտրարշավում ներգրավելով նաեւ իր ամուսնուն` նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որն իր վերջին հայտարարության առթիվ ստիպված հանդես եկավ հատուկ պարզաբանմամբ: Մի բան, որ Հայաստանում խոշորացույցով էլ չես գտնի:

Նախօրեին հերթական քվեարկությունները կայացան Արիզոնա, Այդայո եւ Յուտա նահանգներում, որտեղ երկու կուսակցությունների առաջատարներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը հաղթեցին միայն մեկ նահանգում, ինչն այդքան էլ վատ արդյունք չէ նրանց համար: Հանրապետականների շրջանում Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը տպավորիչ արդյունքներ արձանագրեց երկու նահանագներում, մինչդեռ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը կրկին անկարող եղավ հաղթանակ տանելու: Վերջինս համոզված է, որ առանց քվեարկություններում հաղթելու ինքն ի վիճակի է հուլիսին Քլիվլենդում կայանալիք մեծ համաժողովում դառնալ միասնական թեկնածու` դուրս մղելով Թրամփին ու Քրուզին, որոնք, նահանգապետի համզոմամբ, այդպես էլ չեն կարողանա հավաքել նվազագույն 1237 լիազորները եւ խուսափել ընտրության երկրորդ փուլից:

Հարկ է նկատել, որ կուսակցական համաժողովների առաջին փուլում լիազորները պարտադրված են քվեարկել իրենց նահանգում հաղթած թեկնածուի օգտին, սակայն եթե առաջին փուլով միասնական թեկնածու չի ընտրվում, ապա երկրորդ փուլում այլեւս պարտավորվածության հանգամանքը լիովին վերանում է:

Մինչ մարտի 22-ի քվեարկությունը, դեմոկրատների ճամբարում անվիճելի առաջատարը շարունակում էր մնալ նախկին առաջին տիկին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինիս Փենսիլվանիայի հուլիսյան համաժողովի առաջին փուլում ինքնըստինքյան կուսակցության միասնական թեկնածու դառնալու համար հարկավոր է 2383 լիազոր: Այս պահի դրությամբ Քլինթոնը լիազորների քանակով հաղթում է Վերմոնտը ներկայացնող Բեռնի Սանդերսին: Եթե նախկին առաջին տիկինն ունի 1681 լիազոր, ապա սենատորը տիրապետում է լոկ 927 ձայնի:

Հարկ է շեշտել, որ Հիլարի Քլինթոնը Սանդերսին հաղթում է անգամ կուսակցական վերնախավի աջակցության բացակայությամբ, եթե վերցնենք միայն նահանգային քվեարկությունների արդյունքները: Եվ, իսկապես, Քլինթոնի գործերը լավ են ընթանում, եթե հաշվի առնենք, որ նա ունի ֆինանսական հսկայական լծակներ, պետական աշխատանքի մեծագույն փորձառություն եւ նախկին նախագահի կնոջ կարգավիճակ: ԱՄՆ-ում առաջին տիկինները հաճախ ավելի մեծ սեր ու հարգանք են վայելում քաղաքացիների մոտ, քան անձամբ նախագահները:

Ի դեպ, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ակտիվորեն ներգրավված է կնոջ քարոզարշավում: Սակայն նրա վերջին հայտարարությունը զայրույթ եւ զարմանք էր առաջացրել դեմոկրատների շրջանում: Նախկին նախագահը պնդել էր, որ վերջին 8 տարիների «սարսափելի ժառանգությունը» տեսնելով` քաղաքացին պետք է ընտրի հենց Հիլարիին եւ ոչ որեւէ այլ թեկնածուի: Տպավորություն էր, որ Քլինթոնը քննադատում է Օբամայի քաղաքականությունը, որը մշակել ու վարել է դեմոկրատական կուսակցությունն, ու որում գերագույն ներդրում է ունեցել գործող նախագահի գործունեությունն ամեն քայլափոխի արդարացնող ու սատարող Հիլարին:

Սակայն Բիլ Քլինթոնի մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ նախկին նախագահը նկատի չուներ Օբամայի կառավարումը, եւ խոսքը վերաբերել է հանրապետականների գործելակերպին, որոնք մեծամասնություն են եղել խորհրդարանում եւ ամեն ինչ արել խոչընդոտելու համար նախագահ Օբամայի քաղաքականությանը: Կարծես այս բացատրությունը տրամաբանական է թվում, քանզի Քլինթոնը հազիվ թե իր իսկ կուսակցության հասցեին հրապարակայնորեն նման կերպ արտահայտվեր, հատկապես, որ իր կինը հավակնում է առաջնորդել կուսակցությունը առաջիկա ընտրություններում:

Այդուհանդերձ, փաստ է, որ ԱՄՆ-ում քաղաքական գործիչների հակասական հայտարարությունները մեծ արձագանք են գտնում` ստիպելով նրանց պարզաբանումներ ներկայացնել իրենց մտքերի կապակցությամբ: Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը պատասխանատու չէ իր հայտարարությունների համար: Օրինակ` դեռ 2007թ. Սերժ Սարգսյանը, վարչապետի կարգավիճակում օտարերկրյա պարբերականներից մեկին տված հարցազրույցում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նկատել էր, թե այն իրականում կրոնական է: Թեեւ Հայաստանում տպագիր մամուլը աղմուկ բարձրացրեց, սակայն Սարգսյանը ոչ միայն չարձագանքեց, այլեւ հստակ արհամարհանք ցույց տվեց իր անպատասխանատու հայտարարության առթիվ ծավալված հասարակական անհանգստության նկատմամբ:

Ն. Հովսեփյան




Լրահոս