Ինչ է պատմում Սպիտակի քաղաքապետի ընտրությունների չգրանցված թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 17-ին ՀՀ 9 մարզերի 3 քաղաքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու հոգի՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը:

Մինչ այդ Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին եւս երկու հոգի՝ անկուսակցական Ռոբերտ Աղումյանը եւ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը: Սակայն Ռոբերտ Աղումյանը հետ է վերցրել իր թղթերը, իսկ Գագիկ Սահակյանի գրանցումը մերժվել է: ՀՀ Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքապետի ընտրություններում Գագիկ Սահակյանի գրանցումը մերժվել է այն պատճառով, որ վերջինս չի ներկայացրել գրավի անդորագրի մուծման թուղթը: «Մենք օրենքով սահմանված կարգով իրեն 48 ժամ ժամանակ ենք տվել՝ թղթերը ամբողջությամբ ներկայացնելու համար, բայց ինքը այդպես էլ չներկայացրեց գրավի անդորագրի մուծման թուղթը»,- լրացրեց Բ. Մակասյանը:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սպիտակի քաղաքապետի ընտրություններում առաջադրված, սակայն մերժված թեկնածու Գագիկ Սահակյանի հետ: Ի դեպ, նշենք, որ վերջինս Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի անվանակիցն է: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ նրանք մտերիմ ազգականներ են:

-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ է մերժվել Սպիտակի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության գրանցումը:

-Գրավի անդորագիրը չեմ ներկայացրել: Գումարը չեմ մուծել:

-Տեղյակ չէի՞ք, որ պետք է նաեւ գրավի անդորագիր ներկայացնեք, թե՞ այլ պատճառ կար:

-Ինքս որոշեցի չներկայացնել: Իմ ցանկությունն է եղել, որ չգրանցվեմ… ոնց որ փոշմանել եմ:

-Ինչո՞ւ փոշմանեցիք:

-Հաշվարկեցի եւ պարզեցի, որ չեմ անցնելու, դրա համար էլ հանեցի: Փոշմանեցի ու չներկայացրեցի գրավի անդորագիրը: Կարճ ժամանակահատվածում փորձեցի պայքարել, հետո հասկացա, որ շանսերս թույլ են գործող քաղաքապետի նկատմամբ:

-Իսկ ինչպե՞ս էիք պայքարում:

-Մարդիկ ավելի շատ ծանոթ էին, վստահում էին ինձ մարդիկ: Իհարկե, քաղաքի բնակչության ոչ մեծ մասն էր ինձ ծանոթ:

-Առաջի՞ն անգամ էիք առաջադրվում:

-Այո՛, առաջին անգամ էի փորձում ուժերս:

-Դուք գործող քաղաքապետի անվանակիցն եք: Ազգականնե՞ր եք:

-Ազգականներ ենք: Այսքան ժամանակ անուն-ազգանունի հետ կապված ոչ մի խնդրի չեմ բախվել, եւ ոչ մի առավելություն էլ չի եղել: Մենք խռով չենք իրարից, հարազատ մարդիկ ենք: Իմ չգրանցվելը իմ ցանկությունն է եղել. այնպես չէ, որ ես գործող քաղաքապետի հետ նստել խորհրդակցել եմ՝ առաջդրվելու, գրանցվելու մասով:

-Գուցե՞ հենց քաղաքապետի անվանակիցը լինելու հետ էր կապված նախ` Ձեր առաջադրվելը, ապա եւ փոշմանելը:

-Ո՛չ, ո՛չ… նման բան չկա:

-Այդ դեպքում` ինչո՞ւ առաջադրվեցիք Ձեր ազգականի դեմ:

-Դե, վաղուց էի մտածել, որ առաջադրեմ թեկնածությունս քաղաքապետի ընտրություններում: Ընդհանրապես իրեն հետ չեմ խորհրդակցել առաջադրվելու շուրջ: Մի անգամ հանդիպեցի, խոսեցի ու ասեցի, որ առաջադրելու եմ թեկնածությունս: Ինքն էլ համաձայնեց, ասաց՝ քո ցանկությունն է: Հետո էլ ասաց՝ մտնենք պայքարի մեջ ու փորձենք կրել:

-Իսկ ի՞նչն էիք ցանկանում փոխել քաղաքում, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:

-Դե, շատ բան կա փոխելու, հիմա մանրամասն չեմ կարող արտահայտվել, բայց առաջիկայում մտադիր եմ կրկին թեկնածությունս առաջադրել քաղաքապետի ընտրություններում:

-Դուք նաեւ ՀՀԿ-ական եք: Նո՞ր եք անդամագրվել կուսակցությանը:

-Ո՛չ, ես ՀՀԿ-ական եմ դեռեւս 2001 թվականից: Բայց քաղաքական դաշտ առաջին անգամ եմ մտնում:

-Երբեւէ կուսակցական գործերով էլ չե՞ք զբաղվել:

-Դե, եղել է, որ տեղի հարցերով մեկ-մեկ զբաղվել եմ: Նաեւ երիտասարդական թեւի մեջ եմ եղել, զբաղվել եմ ինչ-որ հարցերով:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս