Այս տարվա հունվար-փետրվար ամիսների պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով` Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, սկսել է շնչել: Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,7 տոկոսով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը պարզապես խայտառակ վիճակում էր հայտնվել:
Հիշեցնենք, որ անցած տարվա հատկապես առաջին երեք ամիսներին, երբ Հայաստանը նոր-նոր դարձել էր եվրասիական տնտեսական միության անդամ, Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը գրեթե զրոյական վիճակի էր հասել: Ավելի ճիշտ, Ռուսաստանից դեպի Հայաստան քիչ քանակությամբ ապրանքներ ներկրվում էին, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը, առհասարակ, դադարել էր: Այդ երեւույթը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող ցնցումներով, որոնց արդյունքում ռուսական ռուբլին ամեն օր կտրուկ արժեզրկվում էր, եւ Հայաստանի գործարարները չէին կարողանում իրենց ապրանքները արտահանել, քանի որ մեծ վնասներ էին կրում:
Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ երբ արտահանման ծավալների աճ է արձանագրվել, այդ հանգամանքի շնորհիվ տնտեսական ակտիվության ցուցանիշը եւս շեշտակի աճել է: Այսպես՝ այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 23,6 տոկոսով: Գումարային արտահայտությամբ արտահանման ծավալները աճել են 53 մլն դոլարով: Հայաստանի տնտեսության ներկա ծանր պայմաններում սա լուրջ խթան է, որպեսզի իրավիճակը չվատթարանա, եւ առնվազն պահպանվի առկա վիճակը, այսինքն՝ սպառողը չշարունակի աղքատանալ: Եթե դա տեղի ունենա, ապա դա ինքնին դրական տեղաշարժ կլինի Հայաստանի տնտեսության համար: Թերեւս հենց այս գործոնն է պատճառը, որ առեւտրաշրջանառության ծավալների անկումը, չնայած շարունակել է նվազել, բայց ի տարբերություն վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված դինամիկայի, այս անգամ այդքան մեծ չի եղել եւ կազմել է 1,8 տոկոս: Այլ կերպ ասած` բավական է եղել, որպեսզի արտահանումների աճի շնորհիվ մի փոքր ավել գումար գա Հայաստան, եւ տնտեսությունը սկսել է շնչել:
Արտահանման ծավալների աճը հանգեցրել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճին: Ի դեպ, ուշագրավ է այն, որ արդյունաբերական արտադրանքի գները հունվար-փետրվարին, անցած տարվա համեմատ, մոտ 5 տոկոսով նվազել են: Այս հանգամանքը եւս կարող էր նպաստել արտահանման ծավալների աճին: Նկատենք, որ այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով ներկրման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 12.2 տոկոսով:
Սակայն գործարար շրջանակները փաստում են, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի այդ երկիր արտահանումներն այս տարի ավելացել են, քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը համեմատաբար կայուն է, եւ իրենք կարողանում են իրենց գործարքները պլանավորել եւ իրագործել, առանց լրացուցիչ եւ իրենց վերահսկողությունից դուրս ռիսկերի:
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների վիճակագրական տվյալներից ուշագրավ է նաեւ այն, որ պետական աշխատավարձի միջին չափը շարունակում է անցած տարվա համեմատ նվազել: Իհարկե, տոկոսային արտահայտությամբ այդ անկումը կազմում է 0,4 տոկոս, բայց ողջ խնդիրն այն է, որ պետական աշխատավարձի թիվը միջինացված ցուցանիշ է: Հետեւաբար դա ենթադրում է, որ այդ անկումը տեղի է ունեցել պետական հիմնարկներից որեւէ ճյուղի աշխատողների աշխատավարձերի կրճատման պատճառով: Սակայն այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ վերջին երկու ամիսներին որեւէ հայտարարություն չի եղել պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու մասին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ