Ընտրողների թիվն ուռճացված է 1 մլն-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների շրջանում կրկին օրակարգային է դարձել այն հարցը, թե, ի վերջո, Հայաստանում քանի քաղաքացի է ապրում, եւ ընտրողների իրական թիվը որքան է:

Անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 566 հազար 733: Հանրաքվեից ընդամենը երկուսուկես տարի առաջ՝ 2013-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, պաշտոնապես ներկայացվեց, որ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822:

Այսինքն՝ երկուսուկես տարում ընտրողների թիվն աճել է մոտ 40 հազարով: Կասկածից վեր է, որ եթե նոր ԸՕ-ով ընտրական ցուցակները մաքրելու խնդիրը չլուծվի, ապա ընտրողների թիվը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ կավելանա եւս 30-ից 40 հազարով եւ կլինի ավելի քան 2 մլն 600 հազար:

Այն, որ ընտրողների թիվը ուռճացված է, բոլորն էլ ընդունում են, սակայն հարցերի հարցն այն է, թե Հայաստանը, ի վերջո, քանի ընտրող ունի: Ինչպես հայտնի է՝ 2011թ-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառվել է 385 հազար 448 ՀՀ քաղաքացի, բացի այդ՝ եւս 122 հազար 740 ՀՀ քաղաքացի էլ անցած տարի երկարացրել է ՌԴ-ում իր կացության իրավունքի ժամկետը: Այսինքն՝ այս տարվա սկզբի դրությամբ միայն Ռուսաստանում բնակվում է Հայաստանի 508 հազար քաղաքացի:

Հայտնի է, որ վերջին հինգ տարիներին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արտագաղթել են նաեւ եվրոպական երկրներ եւ ԱՄՆ: Սակայն այդ երկրների միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների հրապարակած, բաց ռեսուրսում գտնվող թիվ չունենք: Ուստի ՀՀ քաղաքացիների թվից հանենք միայն ՌԴ-ում բնակվողների թիվը, եւ կստացվի, որ ՀՀ առկա բնակչության թիվը առավելագույնը կարող է կազմել 2 մլն 260 հազար: Ընտրողների թիվը սովորաբար կազմում է ընդհանուր բնակչության թվի առավելագույնը 65 տոկոսը: Հետեւաբար միայն ՌԴ արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը հաշվի առնելով՝ ստացվում է, որ Հայաստանի ընտրողների թիվը կարող է լինել առավելագույնը 1 միլիոն 530 հազարի սահմաններում:

Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ընտրողների թիվն ուռճացված է առնվազն մեկ միլիոնով: Եվ պատահական չէ, որ ամենակարեւոր հարցին` ինչպես մաքրել ընտրացուցակները, ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ցանկանում լուծում տալ: Իշխանությունների հիմնական փաստարկն այն է, որ եթե ՀՀ քաղաքացին Հայաստանում հաշվառումից դուրս չի գալիս, ապա իրենք չեն կարող նրան ընտրական ցուցակից հանել, քանի որ մշտապես տեսական հնարավորություն կա, որ հեռացած քաղաքացին կարող է վերադառնալ եւ մասնակցել այս կամ այն ընտրություններին:

Իրականում, սակայն, այս խնդիրը շատ պարզ լուծում ունի, եւ ցանկության դեպքում իշխանությունները կարող են այն հեշտորեն լուծել: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել, որ ընտրողը իրավունք ունի քվեարկությանը մասնակցել միայն նույնականացման քարտով: Ըստ այդմ, պետությունը կարող է բոլոր ընտրողներին անվճար տրամադրել նույնականացման քարտեր:

Իսկ ընտրացուցակներում կընդգրկվեն միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք կստանան նույնականացման քարտեր: Այսպիսով, բացակա ընտրողների խնդիրը կլուծվի, նրանց անունները պարզապես ընտրական ցուցակներից կզտվեն: Դրանից հետո ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակելու խնդիրը եւս օրակարգից դուրս կգա, քանի որ դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Ավելին՝ տեղամասերում ընտրողների գրանցման համակարգերը կարող են իրար հետ կապ չունենալ, բայց քվեարկության ավարտից հետո դրանց բազաները կարող են մեկտեղվել եւ բացահայտել կրկնակի քվեարկության դեպքերը, այդ թվում` լուսանկարների օգնությամբ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս