ԻՆՉՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ ՎԱՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

(Սկիզբը՝ 578, 579 համարներում)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, նրա եղբոր` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի համատեղ ջանքերով պետական բյուջեից մսխված 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլարի հետ կապված նոր, հետաքրքիր նրբերանգներ են բացահայտվում: Պարզվում է` թույլ տրված չարաշահումները լղոզելու համար 2010-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հատուկ որոշում է կայացրել:

ՄԻԱՅՆ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Հիշեցնենք, որ խոսքը Չինաստանում կայացած «Շանհայ էքսպո 2010» ցուցահանդեսի մասին է՝ «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով, որին մասնակցության համար ՀՀ կառավարությունը պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար էր հատկացրել, իսկ 724 հազար ԱՄՆ դոլարը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «ճարել» էր Չինաստանի կառավարությունից եւ ստացել հայկական ապրանքների վաճառքից գոյացած գումարից: Թե ինչքանով էր կարեւոր այդ ցուցահանդեսը, ինչ տվեց այն մեր երկրին, որքանով բարեկեցիկ դարձավ Հայաստանը, մեղմ ասած, վիճելի է: Համենայնդեպս, անգամ պաշտոնական ցուցանիշներով երկրում արձանագրված խայտառակ պատկերն արդեն իսկ տալիս է այդ հարցերի պատասխանը:  
Իսկ թե ովքեր են մասնակցել այդ «դարակազմիկ իրադարձությանը» եւ ինչքան գումար են ստացել Չինաստանում անցկացված 6 ամիսների ընթացքում, փորձեցինք պարզել Զարգացման հայկական գործակալությունից (ԶՀԳ), որի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ կազմկոմիտեի անդամներին եւ նրանց աջակցող անհատներին ԶՀԳ-ի կողմից վճարվել է  27 մլն 267 հազար դրամ` որպես գործուղման ծախս, կազմկոմիտեի կողմից ընտրված ընկերություններին` 25 մլն 13.8 հազ. դրամ, իսկ «Արմենիան Սեքշն օֆ էքսպո» կազմակերպությունը կազմկոմիտեի 5 անդամներին ՀՀ մասնակցության գործընթացի կառավարման համար կնքված աշխատանքային պայմանագրով վճարել է եւս 27 մլն 561 հազ. դրամի աշխատավարձ: Կազմակերպության` Չինաստանում բացված հաշվեհամարի շարժի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ հայկական տաղավարի տնօրեն Ա. Հարությունյանի, Հ. Մեսրոպյանի, նախարարության կողմից կազմակերպության անունից հանդես գալու եւ գործարքներ կնքելու համար լիազորված ԶՀԳ աշխատակիցներ Մ. Ղազարյանի, Ա. Սարգսյանի եւ Վ. Բաղդասարյանի կողմից իրականացվել են շուրջ 3.7 մլն չինական յուանի կամ 203 մլն 500 հազ. դրամի կանխիկ գործարքներ եւ վճարումներ: Համաձայնե՛ք՝ վատ գործ չէ:

ԱՇԽԱՐՀԸ ԽԱԼԻ Է ՈՏԻԴ ՏԱԿ

Նկատենք, որ այս ցուցահանդեսի անցկացման ընթացքում պետական չարաշահումների փաստերը բացահայտել է անգամ ՀՀ վերահսկիչ պալատը` իր ընթացիկ հաշվետվության մեջ նշելով. «Ցուցահանդեսի ընթացքում «Հայաստանի ազգային օրվա անցկացում» հոդվածով նախատեսվել են 79 մլն 245.4 հազ. դրամի ծախսեր, սակայն փաստացի ծախսը կազմել է 87 մլն 35 հազ. դրամ` ի հաշիվ ստեղծագործական խմբի անդամներից յուրաքանչյուրի հոնորարը գրեթե եռապատկելու, իսկ ֆուրշետի ծախսերը շուրջ 5 անգամ ավելացնելու: Այսպիսով, խախտվել են պայմանագրերի 1.2 կետերի պահանջները` կապված ծախսերի նախահաշվին եւ միջոցառումների ցանկին համապատասխան իրականացնելու հետ: Ընդ որում, ծախսերի նախահաշվից էական շեղումներն օրինականացնելու նպատակով Զարգացման հայկական գործակալության կողմից համապատասխան գրություններով էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն էլ ընդունվել է ՀՀ կառավարության 23.12.2010թ. թիվ 1726-Ն որոշմամբ»:
Այսինքն` պետական պաշտոնյաները սկզբում ծախսել են գումարները, հետո մտածել դրանց արդյունավետության մասին, եւ որպեսզի ամեն ինչ «օրինական լինի», ՀՀ կառավարությունը մի նոր որոշում է կայացրել՝ մաքրելու համար հետքերը: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը չէր կարող տեղյակ չլինել, թե ինչ ապաշնորհ գործունեություն են ծավալում իր սիրելի նախարարության աշխատակիցները նախարար Երիցյանի գլխավորությամբ եւ ինչպես են տնօրինում մի կերպ հավաքագրված ՀՀ պետբյուջեի առանց այդ էլ սակավ միջոցները: Իսկ եթե նա չի կանխել ու ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությանը (ԿՌՈՒ)-ին չի ուղարկել` ստուգելու ցուցահանդեսի մասնակիցների գործունեությունը, նշանակում է՝ որոշակի անձնական շահագրգռվածություն է ունեցել: Նկատենք, որ ցուցահանդեսի բոլոր գնումներն արվել են բացառապես ուղղակի գնման ձեւով, որպեսզի առավել հեշտ լինի աճպարարություններ անել: Բայց սա դեռ ամենը չէ:

ՖԻԼՄԸ ՉԿԱ, ԲԱՅՑ ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ

Քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն առաջնահերթության կարգով հենց ՀՀ պետբյուջեից հատկացված գումարներն են ծախսել` չինական կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության գումարները տնտեսելով, միայն վերջում են հասկացել, որ Չինաստանի կառավարության կողմից հատկացված գումարից 168 հազար ԱՄՆ դոլարը չի ծախսվել: Արդյունքում՝ չինական կողմի հաշվին մնացել է չօգտագործված 1,023,788.51 չինական յուան կամ դրան համարժեք 58 մլն 975.8 հազ. դրամ: Եվ ի՞նչ անել, որպեսզի այդ գումարն էլ ինչ-որ ծրագրի անվան տակ «մեջ-մեջ անեն»: Այս խնդիրը լուծելու նպատակով ցուցահանդեսի «փառապանծ մասնակիցները» որոշել են նկարահանել ՀՀ-ի եւ հայկական տաղավարի մասին պատմող ֆիլմ, որի ֆինանսավորման նպատակով 58 մլն 975.8 հազ. դրամը 2011-ի մարտի 3-ին մուտքագրվել է «Արմենիան Սեքշն օֆ էքսպո» կազմակերպության հաշվեհամարին: Ու սա այն դեպքում, երբ ցուցահանդեսն ավարտվել է 2010-ի հոկտեմբերի 4-ին: Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ ֆիլմն իրականում չի էլ նկարահանվել: Սա նշանակում է, որ տեղի է ունեցել կոնկրետ հանցագործություն: Եվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ՀՀ ոստիկանությունը եւ, վերջապես, ՀՀ ԱԱԾ-ն պետք է հստակ գնահատական տան տեղի ունեցածին՝ այդ թվում եւ բացահայտելով, թե ինչու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջնահերթ կարգով ծախսել ՀՀ պետբյուջեի կողմից տրամադրված գումարները՝ չինական յուանները տնտեսելով:
Այս օրինակը թերեւս բավական է՝ հասկանալու համար, թե ինչպես են հարստանում ՀՀ-ում գործադիր մարմնի ներկայացուցիչները, եւ ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական հայտարարագիրը դրական սալդո արձանագրում:

ԷԼԻ ՄԵԾԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԵՆ
Հիշո՞ւմ եք, թե 2012-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունում Սերժ Սարգսյանն ինչ ելույթ ունեցավ. նա սուր քննադատության ենթարկեց կառավարության անդամներին, խոսեց պետական համակարգում առկա լուրջ կոռուպցիոն երեւույթների կամ, նրա ձեւակերպմամբ, «պետական բյուջեի հաշվին իրականացվող ատկատների» մասին: Այնուհետեւ նա պետբյուջեի հաշվին յուրացումներ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ հատուկ հանձնարարականներ տվեց ազգային անվտանգությանն ու գլխավոր դատախազությանը. «Բայց էլի չգնանք, ասենք՝ էս մեկը միլիոնուկես դրամ գողացավ, էս մյուսը երկու միլիոն գողացավ: Գլխից պիտի բռնենք, մեծերին»:
Հարց է առաջանում. այս անհեթեթ ցուցահանդեսի համար պետբյուջեից հատկացված 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար գումարն ինչո՞ւ չի հետաքրքրել Գորիկ Հակոբյանին եւ Աղվան Հովսեփյանին: Չէ՞ որ կառավարության որոշմամբ ցուցահանդեսի նպատակով հաստատված ծախսերից եղած շեղումների համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր որոշում է կայացրել: Այսինքն՝ տեղի է ունեցել կազմակերպված թալան:
Ու սա այն դեպքում, երբ Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քաղաքացիներին ՀՀ կառավարությունն այդպես էլ չկարողացավ պատշաճ օգնություն ցուցաբերել, ինչի արդյունքում միայն Շենավան համայնքից 1 ամսվա ընթացքում շուրջ 90 տղամարդ արտագաղթեց: Եվ այսքանից հետո պարզապես մի հարց է մնում անպատասխան. արդյո՞ք ՀՀ կառավարության բոլոր պաշտոնյաների երակներում հայի արյուն է հոսում:
Հաջորդ շաբաթ կներկայացնենք, թե ինչպես են ՀՀ կառավարության աշխատակիցները մասնակցել «Կենդանի օվկիանոսը եւ մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով մեկ այլ ցուցահանդեսի եւ ինչ են ցուցադրել ՀՀ-ի անունից:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս