ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ Է ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հիմնական նպատակն ԱԺ կարգազանց պատգամավորներին պատժելն է:

«Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա իմ կողմից հեղինակած առաջին օրինագիծն է, որը կարծում եմ ԱԺ-ի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից հեղինակած առաջին օրենքը, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կվերաբերեր ՀՀ ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»,-ներկայացնելով նախագիծը` ասել էր Փոստանջյանը:
Կարգազանց պատգամավորներին առնչվող նախագծի շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Աժ խմբակցությունների ղեկավարների հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացված նախագծի հետ կապված ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
-Ես ունեմ դրական տեսակետ այս նախագծի վերաբերյալ: Սա առաջնահերթ ինձ համար կարեւոր էր նրա համար, որ մի քիչ մեր Զարուհուն համարձակություն տանք, որ շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի, եւ այն թյուր կարծիքը չլինի, թե ընդդիմությունը ներկայացրել է, եւ մենք նրա հետ հաշվի չենք նստել: Պատգամավորները պետք է ավելի զգոն լինեն այս պարագայում, եւ նման արարքներ իրենց թույլ չտան: Եթե նրանց համար նույնիսկ էական չէ մեկ օր ձայնի իրավունքից զրկվելը, ապա հանրային հնչեղություն ստանալը, թե զբաղվում են նման բաներով (ուրիշի փոխարեն քվեարկելով Ա. Թ), արդեն իսկ իր անձի համար վիրավորանք է: Անբարեխիղճ պատգամավորների հետ կապված կողմնակից եմ, որ լինեն պատժամիջոցներ:
-Գաղտնիք չէ, որ ՀՀԿ խմբակցությունում բազմաթիվ են կարգազանց պատգամավորները: Նրանց պատժելու ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու:
-Ես առաջին օրը, որ ստանձնել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնը, հայտարարել եմ, խնդրում եմ՝ որեւէ մեկդ փորձ չկատարեք մյուսի փոխարեն նման երեւույթներ արձանագրելու, դա շատ վիրավորական է: Եվ խնդրանքը նաեւ այն է, որ ակտիվ մասնակցություն ունենան: Իհարկե, նեգատիվ երեւույթներ մեկ-մեկ նկատվել են քվեարկությունների արդյունքում, բայց ես իմ խմբակցության մասնակցություններից գոհ եմ: Մենք կանոնակարգի մեջ ունենք, որ քանակից ավելի բացակայությունների դեպքում քննարկում ենք հարցը, նաեւ դնում ենք քվեարկության: Եթե իրենք հարգելի պատճառներով չեն բացակայում, ապա նման մարդկանց ներկայությունը Ազգային ժողովում անիմաստ եմ համարում, որովհետեւ եթե նրանք ավելի կարեւոր գործեր ունեն, ապա մարդկանց պետք է հնարավորություն տալ գնալու իրենց կարեւոր գործերին:
-Ձեզ համար ո՞վ է ամենակարգազանց պատգամավորը:
-Յուրաքանչյուրն իր օբյեկտիվ եւ հարգելի պատճառները, քաղաքական դրդապատճառները կարող է ունենալ: Դրա համար ես չեմ ցանկանում անվանական անդրադառնալ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
-Տիկի՛ն Զոհրաբյան, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց կարգազանց պատգամավորներին պատժելու մասին նախագիծը, որով առաջարկվում է խստորեն վերաբերվել ԱԺ այն պատգամավորներին, որոնք էթիկայի կանոններից շեղվում են: ԲՀԿ-ի դիրքորոշումն ինչպիսի՞ն է այս նախագծի վերաբերյալ:
-ԲՀԿ-ն ամբողջ խմբակցությամբ այդ նախագծին կողմ քվեարկեց: Էթիկայի հանձնաժողով մենք, ըստ էության, ունենք, բայց այն շատ կաշկանդված է իր գործառույթներում: Ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգում այդ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է նաեւ նրանից, որ էթիկայի հանձնաժողովը գնալով վերածվում էր անիմաստ մի հանձնաժողովի: Բայց ես չեմ կարծում, որ ԱԺ կանոնակարգ օրենքում այս փոփոխություններն անելուց հետո բոլորը դառնալու են օրինապահ, եւ կարգազանց պատգամավորներ չեն լինելու: Ովքեր որ օրինախախտ են, օրինազանց են, իրենց թույլ են տալիս լրագրողին վիրավորել, ում նյարդերի վրա ազդում են լրագրողների հարցերը, նրանք այդպիսին էլ լինելու են եւ շարունակելու են մնալ: Օրենքով չէ, որ նրանք փոխվելու են: Այդպիսի պատգամավորները պետք է հասկանան, որ խորհրդարանը ոչ թե հայհոյելու տեղ է, այլ օրենսդրությամբ զբաղվելու: Ոչ թե ժամանցի տեղ է, որ գան, 12-ին կոճակը սեղմեն եւ 12:03 մազապուրծ փախչեն խորհրդարանի շենքից: Իհարկե, ես առանձնապես լավատես չեմ, որ ընդունված օրենքը բոլոր այս խնդիրները լուծելու է, բայց դեմ կամ ձեռնպահ քվեարկելով այդ օրենքին՝ կստացվեր, որ մենք դեմ ենք կամ անտարբեր ենք կարգազանց պատգամավորներին պատժելու հարցում: Թեեւ վստահ եմ՝ ոչինչ չի փոխվելու, ամեն դեպքում մենք պաշտպանում ենք այդ նախաձեռնությունը:
-Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ է Աժ ամենակարգազանց պատգամավորը:
-Որպես նախկին լրագրող՝ ամենակարգազանցն ինձ համար այն պատգամավորն է, ով լրագրողների հանդեպ անպարկեշտ վերաբերմունք է ցուցաբերում:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵՆ

Հայաստանի լցակայաններում բենզինի գինը շարունակում է բարձրանալ: Օրեր առաջ այն 370 դրամից հասավ 380 դրամի, եւ դեռեւս հստակ չէ, թե առաջիկայում վառելիքի շուկայում ինչ փոփոխություններ կլինեն:

Թեեւ անցած երկու օրերին Ազգային ժողովում քննարկվում էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որի ժամանակ եւս անդրադարձ եղավ բենզինի գներին, այնուամենայնիվ, այդպես էլ չներկայացվեց հանրությանը հուզող հարցի պատասխանը` ի վերջո, ինչու է Հայաստանում բենզինը թանկանում այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում վառելիքի գները գնալով նվազում են:
Իհարկե, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի գները որոշում են մի քանի հոգի, որոնց համար համաշխարհային շուկայի զարգացումները որեւէ նշանակություն չունեն: Դե, իսկ ՏՄՊՊՀ նախագահն էլ հայտարարում է, թե բենզինի բաղադրության մեջ նավթի առկայությունը նշանակալի չէ, ուստի նավթամթերքի գների անկումը չի կարող հանգեցնել ՀՀ ներմուծվող բենզինի գնանկմանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Պետք է ուսումնասիրել երկու հանգամանք` Փոթիից մինչեւ այրում ներկրման ծախսը ինչ է նստում: Պետք է նաեւ նայել մեծածախ ներկրողի եւ մանրածախ վաճառողի շահութաբերության մակարդակը: Սրանք պետք է ուսումնասիրել, նոր եզրակացություն անել: Ես կարծում եմ՝ իջեցման տեղեր կան: Դա կախված է առաջին հերթին ձեռքբերման հետ, որտեղից որ ներկրում ենք` «Ռոսնեվթ», «Լուկոյլ» եւ բուլղարական ընկերություն, բացի այդ` դա կախված է մրցակցության մակարդակից: Ինչքան շատ ներկրողներ լինեն, այնքան գինը կիջնի»,-ասաց Մելքումյանը:
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ չթաքցրեց այն փաստը, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, բենզինի գինը ռեկորդներ է սահմանում: «Բենզինի գինը կախված է նրանից, թե ումից ենք ներկրում, ինչ պայմանագրի տակ է եւ ոնց է վաճառվում: Ես համամիտ եմ, որ ասում են, օրինակ, Վրաստանում բենզինի գինը արժե 1.40 լարի, որը դոլարի համարժեքով եթե հաշվենք, անում է 280 դրամ, իսկ մեզ մոտ այն 380 դրամ է: Այդ բենզինից ես էլ եմ օգտվում, դուք էլ եք օգտվում: Մենք ունենք միջպետական պայմանագիր: Օրինակ՝ եթե վաղը դոլարը անկում ապրի, կամ բենզինի գները «թռնեն», ապա մենք կունենանք օրենքով ավելի ցածր բենզինի գին: Հիմա ստացվել է հակառակ իրավիճակը: Պետք է պահանջվի, որ նայեն այդ փաստաթղթերը, թե որ պարագայում ինչպես է: Լավ կլինի, որ համապարփակ նստեն, նայեն, պատգամավորական հարցապնդումներ անեն եւ ներկայացնեն»,- նշեց նա:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՄՆԱՑ ՄԵԿ ՕՐ
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում այս տարվա ապրիլի 17-ին պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան եւ Արագածոտնի մարզի Թալին համայնքներում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ: Վաղը՝ ժամը 18.00-ին, լրանում է թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Երեկվա դրությամբ քաղաքապետի ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Հրազդանում: Այստեղ քաղաքապետի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը: Սպիտակում առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանն է, որը զբաղեցնում է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը: Թալինում եւս երեկվա դրությամբ քաղաքապետի մեկ թեկնածու էր առաջադրվել՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը:

 

«ՔԻՄՊՐՈՄՆ» ԷԼ ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն: Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել: Արդյունքում դատարանը բավարարել է ՀԷՑ-ի պահանջը: Ի դեպ, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ: Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը:

 

ԳՈՐԾ ԿԱ, ՄԵՂԱՎՈՐ ՉԿԱ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս անցած տարվա հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հայկական ժամ» կայքի լրագրող Ալիս Խեչոյանին:Հիշեցնենք, որ նշված հեղինակի ստորագրությամբ հրապարակումներում նախարարի կնոջը մեղադրել էին ուրիշի ավտոմեքենայով վթարի պատճառ դառնալու մեջ: Ավտովթարը տեղի էր ունեցել շուրջ քսան տարի առաջ, դրա արդյունքում զոհվել էր «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Հովհաննես Հայրապետյանը: Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է: Սակայն քննիչներին այդպես էլ չի հաջողվում հոդվածի հեղինակին հայտնաբերել: Ըստ ամենայնի, ամեն ինչ կբարդվի խմբագրի վրա:




Լրահոս