Վերջին երկու-երեք տարիներին Հայաստանի փաստաբանները հաճախ են բողոքում, որ Հայաստանից մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվում: Իհարկե, անցած տարվա հուլիսից, երբ ԵԴ-ում Հայաստանը նոր դատավոր ունեցավ ի դեմս ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, իրավիճակը շտկվել է, եւ մեկը մյուսի ետեւից ԵԴ-ն Հայաստանի դեմ վճիռներ է կայացնում: Սակայն միանշանակ է, որ նախկինում այս հարցում խնդիրներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ի դեմ դիմումները «քնացնելու» գործը կազմակերպել է ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը ներկայումս ՀՀ ՍԴ դատավոր է: Նա ԵԴ-ում պաշտոնավարելու վերջին երկու տարիներին 2012 թվականից մինչեւ 2014 թվականն այնպես է արել, որ Հայաստանի գործերը քննության նախապատրաստող գրասենյակը համապատասխան մասնագետ չունենա: Օրինակ՝ մի աշխատակիցն ամիսներով արձակուրդ է գնացել, այնուհետեւ գործից դուրս է եկել: Մինչեւ նոր աշխատակից են մրցույթով ընտրել, ամիսներ է տեւել: Բայց նոր նշանակված աշխատակիցն էլ, պարզվել է, հղիության վեցերորդ ամսում է եղել: Այսինքն՝ կարճատեւ աշխատելուց հետո ֆիզարձակուրդ է մեկնել: Մի խոսքով՝ ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում: Մինչեւ «հարիֆ» եվրոպացիների մոտ սկսել են այս խնդրի հետ կապված կասկածներ ի հայտ գալ, այս անգամ էլ Ալվինա Գյուլումյանն է որոշել ԵԴ դատավորի պաշտոնից մեկ տարի շուտ հեռանալ: Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2014-ի օգոստոսին: Մինչեւ Հայաստանը ԵԴ-ում նոր դատավոր ունեցավ, անցավ եւս մեկ տարի:
Այսպիսով, Ալվինա Գյուլումյանը կարող է իշխանական շրջանակներում գլուխ գովել, որ իրեն հաջողվել է եվրոպացիներին «հարիֆացնել» եւ Հայաստանից ստացվող դիմումները «քնացնել» առնվազն 3 տարի:
«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները: Հիշեցնենք, որ նամակի հեղինակները դեսպանին խնդրել էին ավելի պահանջկոտ լինել, որպեսզի ՀՀ իշխանությունները չկարողանան կոռուպցիոն սխեմաներով յուրացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունները: «Ժողովուրդ»-ի հարցմանը դեսպանի տված պատասխանում բավական ուշագրավ գնահատականներ կան: Մասնավորապես, Ռիչարդ Միլսը նկատել է. «Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում: Դա է պատճառը, որ… մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, ու մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Ես սպասում եմ իր պատասխանին, թող ասի»: Դատախազության մերժման հիմքում կրկին Արամ Սարգսյանի խոսքերն են, որոնք արդեն հնչել են մարտի 5-ին տված հարցազրույցում: «Ես չեմ ասել, որ Սերժ Սարգսյանը գիտի, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը: Ես ասել եմ, որ ինքն էլ այն կարծիքին չէ, որ հոկտեմբերի 27-ը չունի կազմակերպիչներ: Եթե որեւէ մեկը իմանար եւ դրա մասին ինձ ասեր, ես նրա կոկորդը բաց չէի թողնի, որպեսզի այդ մասին բարձրաձայնվեր»: Այսպիսով, թեման փակվեց:
ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող մոտեցումներից մեկը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին պատուհաս դառնալ: Խոսքն այն պահանջի մասին է, ըստ որի՝ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում: Օրինակ՝ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ապրում է 2 հազար 769 ասորի կամ 2 հազար 176 քուրդ: Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի պահանջվող չափորոշիչներին բավարարող, 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենի լավ իմացությամբ ասորիների կամ քրդերի թիվը լավագույն դեպքում կարող է մի քանի հարյուր լինել: Սակայն ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է լինելու երկուական ասորի, քուրդ, եզդի եւ ռուս թեկնածուներ առաջադրել: Բայց քաղաքական առումով մշտապես չեզոքություն պահպանած փոքրամասնությունները դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որեւէ կուսակցությունում ընդգրկվել: Արդյունքում այդ ընդդիմադիր կուսակցությունը իրավունք չի ունենա ընտրություններին մասնակցել:
ԿՐԿԻՆ ՄԻ ՓՈՐՁԻՐ
Ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հրավիրելու է հերթական հանրահավաքը, որի ընթացքում հերթական անգամ հնչելու են իշխանափոխության ծեծված կոչերը: Որքան էլ ցավալի է, սակայն հետզհետե ավելի ու ավելի սակավամարդ դարձող այդ հանրահավաքները վաղուց արդեն դադարել են գործոն լինելուց, եւ դա չտեսնելով ու նույն մարտավարությամբ շարունակելով` ընդդիմադիր այս ուժի ներկայացուցիչներն իրականում հիանալի նվեր են մատուցում իշխանություններին:
Իհարկե, մենք ամենեւին կոչ չենք անում հանձնվելու եւ պայքարը դադարեցնելու, սակայն որքան կարելի է նույն մաշված հարթակից նույն մաշված դեմքերով նույն մաշված հայտարարություններն անել: Երեկ «Նոր Հայաստան»-ի ղեկավար անդամներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, թե անցած տարվա ապրիլի 24-ից եւ դեկտեմբերի 1-ից հետո իրենք պատրաստվում են երրորդ անգամ իշխանափոխություն իրականացնելու փորձ անել: Սէֆիլյանն ասել է, թե այդ նպատակով իրենք բանակցություններ են սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ մի քանի շաբաթից միասնական ճակատով փողոց դուրս գալու համար: Ընդ որում, նա նշել է ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի» անունները, ուժերի, որոնք նախորդ երկու անգամներին այդպես էլ չմիացան Սէֆիլյանի եւ նրա համախոհների` արտահերթ քաղաքական գործընթացների գնալու ռազմավարությանը: Սակայն չնայած դրան` Սէֆիլյանը համոզված է, որ «ընդդիմադիրների միավորումը, մարդկային ու նյութական ռեսուրսների կենտրոնացումը վերջապես տալու է արդյունք»: «Գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց շրջելով՝ ժողովրդին նորից պետք է հրապարակ բերել եւ վերջապես հաջողել այդ մոբիլիզացիան, ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել այս ռեժիմը»:
Լավ, քաղաքականությունն ու իշխանափոխությունը հո «կոկա կոլա» չէ, որ այստեղ արդարացված լինի «կրկին փորձիր» սկզբունքով շահելու մարտավարությունը` առանց որեւէ բան փոխելու: Քանի անգամ կարելի է նույն փոցխի վրա կանգնել եւ հանրությանն անընդմեջ անիրականանալի խոստումներ տալ:
Ի վերջո, Մարտի 1-ի հանրահավաքին հանրությունը շատ լավ տեսավ, թե ինչ արժի ՀԱԿ-ի, «Նոր Հայաստանի» եւ «Քաղաքացիական պայմանագրի» միասնականությունը, երբ այս երեք ուժերը չկարողացան անգամ համաձայնության գալ մեկ պարզ հարցի շուրջ` արժի հարթակից ելույթ ունենալ այդ օրը, թե ոչ: Այնպես որ, երրորդ անգամ չձախողելու համար Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհները լավ կանեին, նախ հստակեցնեին իրենց մարտավարական եւ ռազմավարական բոլոր հարցերը (մեր ընդդիմությունն այնքան է սիրում խոսել մարտավարությունից եւ ռազմավարությունից), ապա միայն հայտարարեին իշխանափոխության նոր գործընթացի մասին: Թե չէ, «Նոր Հայաստանի» անվերջանալի հանրահավաքների արդյունքում հայ հանրությունը հայտնվել է «Արջամկան օրը» ֆիլմի հերոսների դերում, երբ ամեն օր կրկնվում է նույն բանը: