ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՉՔԱԹՈՂ ԱՐՎԱԾ ԹԱԿԱՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մոտ երկու շաբաթ է՝ քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները քննարկում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, բոլորի ուշադրության կենտրոնում ընտրությունների կազմակերպման հետ կապված խնդիրներն են, իսկ կարեւորագույն նորամուծություններից մեկը, որը կարող է ճակատագրական դառնալ ընդդիմադիր կուսակցությունների համար, այդպես էլ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում:

Խոսքը ԸՕ նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ կետի մասին է, որով առաջարկվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակը ունենա երկրորդ մաս, որում պետք է ընդգրկվեն «ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»: Նույն կետի վերջին պարբերությամբ սահմանվում է. «Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 եւ ոչ ավել, քան 4 ներկայացուցիչ: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուն կարող է ընդգրկվել նաեւ ընտրական ցուցակի առաջին մասում»: ԸՕ նախագծի 95-րդ հոդվածի 12-ր կետն էլ սահմանում է ազգային փոքրամասնություններին հասանելիք 4 մանդատների բաշխման հատուկ կարգը, որը կապ չունի ԱԺ-ի ձեւավորմանը մասնակցող քաղաքական ուժերի ստացած ընդհանուր մանդատների հետ:
2011 թվականի հոկտեմբերի մարդահամարի արդյունքներով Հայաստանում առավել խոշոր համայնքներ ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիները` 35 հազար 308 բնակիչ, ռուսները` 11 հազար 911, ասորիները` 2 հազար 769, եւ քրդերը` 2 հազար 162: Նշված չորս ազգություններից բացի՝ Հայաստանում համայնքներ ունեն նաեւ ուկրաինացիները, հույները, վրացիները եւ պարսիկները, որոնց համայնքների բնակիչների թվակազմը 2011-ին համապատասխանաբար եղել է 1 հազար 176, 900, 617 եւ 476 մարդ:
Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները քաղաքական հարցերում մշտապես պահպանել են չեզոքություն: Հայաստանի քաղաքական կյանքի ամենալարված շրջաններում անգամ երբեւէ չի եղել դեպք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը քաղաքական կողմնորոշում դրսեւորի: Այս մոտեցումը բնական եւ հասկանալի է: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գիտակցում են, որ իրենց կողմից քաղաքական կոնկրետ տեսակետ արտահայտելը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ իրենց համայնքի համար: Իրենց քաղաքական հայացքների պատճառով ազգային փոքրամասնությունները կարող են խնդիրներ ունենալ իշխանությունների կամ իրենց կողքին ապրող ընդդիմադիր հայացքներ ունեցող հարեւանների հետ: Այդ իսկ պատճառով էլ եզդիները, քրդերը, ասորիները եւ նույնիսկ ռուսները նախընտրում են չեզոքություն պահպանել: Ի դեպ, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները նույն կերպ են վարվում: Աշխարհի բոլոր երկրում հայկական համայնքները նախընտրում են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, ծայրահեղ դեպքում նրանք միայն իշխանությունների օգտին են արտահայտվում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում:
Վերը բերված թվերով ներկայացված է ազգային փոքրամասնությունների բնակչության ամբողջ թվակազմը: Իսկ եթե նրանց նկատմամբ կիրառենք նաեւ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ չափանիշները` 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի եւ հայերենի լավ իմացությամբ, կարող է պարզվել, որ այդպիսիների թիվը շատ փոքր է:
Այսինքն՝ այս պահից իսկ կարող ենք համոզված լինել, որ ընդդիմադիր կուսակցությունների առնվազն մեծ մասին չի հաջողվի իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել երկուական եզդի, ռուս, ասորի եւ քուրդ, թեկնածուներ: Ինչի պատճառով նրանք չեն կարողանա ԱԺ ընտրություներին մասնակցել:
Ի դեպ, կարող է հարց ծագել՝ իսկ ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը, քանի որ ազգային փոքրամասնություններին խորհրդարանում տեղեր տալը սահմանված է նաեւ ՀՀ նոր Սահմանադրությամբ: Ու եթե ՀՀ իշխանությունների խնդիրը ընդդիմության համար խնդիրներ ստեղծելը չէ, ապա նրանք կարող են ազգային փոքրամասնություններին իրավունք տալ, որպեսզի նրանք իրենք ընտրեն իրենց պատգամավորներին: Այսինքն՝ քանի որ նախատեսվում է մեկական մանդատներ տալ Հայաստանում բնակվող եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի համայնքներին, ապա նրանք կարող են իրենք ընտրել իրենց պատգամավորին եւ ներկայացնել ԿԸՀ: Այսպիսով ազգային փոքրամասնությունները խորհրդարանում կունենան իրենց պատգամավորներին, եւ այդ հանգամանքը որեւէ կերպ չի ազդի ընդհանուր ԱԺ ընտրությունների վրա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Նախօրեին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարագիրը: Ըստ այդմ, վերջինս հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը անձամբ նախարարից հետաքրքրվեց, թե այդ բաժնեմասերը ո՞ր ընկերություններում են: Հարցին ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց. «Ես մոտ 8 տարի պետական պաշտոնյա չեմ եղել, եւ այդ գումարները ԼՂՀ-ում ազատագրված տարածքներում 2 հիդրոէլեկտրոկայանների կառուցման ծրագրերն են: Մի տեղում ունեմ 5, մյուսում՝ 10 տոկոս մասնաբաժին: Ինքս բիզնեսմեն չեմ: Կան եւ սփյուռքահայ ներդրողներ եւ ՀՀ-ից: Մենք Լաչինի շրջանում կառուցել ենք հիդրոկայանների կասկադ: Ես գտնում եմ, որ հայրենասիրությունը նաեւ շահույթ է բերում, եւ իմ ընտանեկան բարեկեցությունը այդտեղից է»: Ի դեպ, նախարարն այդպես էլ չնշեց այն ընկերությունների անունները, որտեղ ինքը բաժնեմաս ունի: Ավելի ուշ փորձեցինք նրա մամլո քարտուղար Լուսինե Մարգարյանից պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերություններում նախարարն ունի բաժնեմաս, սակայն մամուլի քարտուղարը եւս ասաց, որ Լաչինի շրջանում է՝ առանց կոնկրետ անունը նշելու:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2015թ. ընթացքում մնացել են նույնը: Նրա մոտ ոչ առաջընթաց, ոչ էլ հետընթաց չի արձանագրվել: Այսպես, նրա դրամական միջոցներն ինչպես 2014-ին, անցած տարվա վերջին եւս կազմել են 250 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 440 հազար դրամ: Տ. Մարգարյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի դրամական միջոցները նույնպես փոփոխություն չեն կրել եւ ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա կազմում են 50 մլն դրամ:

 

 

ԹԱԼԻՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քաղաքապետի ընտրության շուրջ կրքերը գնալով թեժանում են: Բանն այն, որ ապրիլի 17-ին Թալինում կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանից բացի եւս մի քանի թեկնածուներ են առաջադրվելու ցանկություն հայտնել: Մասնավորապես առաջադրվելու մտադրության մասին է հայտարարել այդ համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Գրիգորյանը, որը ներկայացնում է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը: Ըստ ԿԸՀ տվյալների՝ նա երեկվա դրությամբ իր առաջադրման փաստաթղթերը դեռ չէր ներկայացրել: Փոխարենը արդեն հասցրել էր ինքնաառաջադրվել Թալինի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Գեւորգ Գրիգորյանը, որը նույն Գուրգեն Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Բացի այդ, Թալինում քաղաքապետի թեկնածու առաջադրելու մտադրություն ունի նաեւ ՀՅԴ-ն: Ըստ լուրերի՝ Դաշնակցությունն էլ պատրաստվում է առաջադրել Տիգրան Հարությունյանի թեկնածությունը, որը ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի քենակալն է (բաջանաղ):

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգեւատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի պետական քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում՝ Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչման է արժանացել «…որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրությունը»:

 

 

ՆԱԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների նպատակը նաեւ բնակիչների, ձեռնարկությունների համար գնի իջեցումն է»,- երեկ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: «Այսօրվա դրությամբ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ մենք հնարավորություն ունենանք սակագների իջեցման բնակիչների համար»,- ասել է նախարարը` չբացառելով, որ առաջիկա օրերին Երեւան այցելող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարող է հայտարարել գազի սակագնի իջեցման մասին:

 

ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին: Սարգսյանը խոսել է նաեւ Մերձավոր Արեւելքում զարգացումների ու դրանց հետեւանքով ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ գործընկեր պետությունների եւ համայն մարդկության համար լրջագույն մարտահրավեր դարձած փախստականների ճգնաժամի մասին: Ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան:

 

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ
«Հանրապետություն» կուսակցությունը երեկ հաղորդագրություն է տարածել` ի աջակցություն Սասուն Միքայելյանի. «Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նրան համարելով ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության»:
Կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, պայքարել այդ պաշտոնում Միքայելյանի ընտրվելու համար: Միքայելյանին սատարելու մասին հայտարարել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

 

ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ
«Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն իրա թեման բռնել ա` օդից կախված, ու ես մտածում եմ, որ ինքը մեր հետ ա ու ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում»,-արձագանքելով նախօրեին իրեն պատկանող շաքարի գործարանի աշխատանքի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությանը` երեկ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հարցին` կարո՞ղ եք Ձեր ասածն ապացուցել, Ալեքսանյանը պատասխանել է, թե Փաշինյանն էլ չի կարողանում իր ասածներն ապացուցել:




Լրահոս