«ԳԱՐՈՒՆ» ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՓԱԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Գարուն» կարի արտադրամասն ավելի քան մեկ շաբաթ է` չի աշխատում: Վերջին ամիսներին արտադրամասի տնօրինությունը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, բացի այդ` կարի պատվերներ չկան:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գորգերի ու գորգեղենի արտադրության ծավալները 94.4 տոկոսով նվազել են: Նույն ժամանակահատվածում նվազել է նաեւ տրիկոտաժեղենի արտադրության ծավալը՝ 68.1 տոկոսով: Պակասել են նաեւ բաճկոնների արտադրության ծավալները՝ 85.1 տոկոսով, իսկ անկողնային սպիտակեղենի արտադրության ծավալները՝ 80 տոկոսով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ստացվում է, որ Հայաստանում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ անձրեւանոցներ են արտադրվել եւ գուլպեղեն: Անձրեւանոցների արտադրության ծավալներն այս ժամանակահատվածում 60 տոկոսով են ավելացել, իսկ գուլպեղենինը՝ 91.6 տոկոսով:
«Ժողովուրդ»-ին դիմած «Գարուն» կարի արտադրամասի աշխատակիցները հայտնեցին, որ իրենք ավելի քան մեկ շաբաթ է, ինչ չեն գնում աշխատանքի: Ընդ որում, արտադրամասի տնօրինությունը չի հայտնել, թե մինչեւ երբ են իրենք անգործ մնալու: Նշենք, որ «Գարուն» կարի արտադրամասը երկար տարիներ է, ինչ գործում է Արարատի մարզի Մասիս քաղաքում: Այն հիմնականում կարում է ուժային կառույցների աշխատակիցների համար նախատեսված համազգեստներ:
«Ժողովուրդ»-ին դիմած աշխատակիցների պատմելով՝ արտադրամասի տնօրինությունը վերջին ամսիներին ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել եւ պարբերաբար ուշացրել է իրենց աշխատավարձերի վճարումը: Իսկ մի մասին էլ մոտ 4 ամսվա աշխատավարձ չի վճարել: Սակայն կարի արտադրամասի պարապուրդը տնօրինությունը աշխատակիցների մոտ պատճառաբանել է կտոր չլինելու հանգամանքով:
«Գարուն»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով զրուցեցինք Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հոտ, ով ասաց. «Այս արտադրամասը դեռեւս խորհրդային տարիներից է աշխատում: Վերջին տարիներին միայն սեփականատերերն են փոխվել: Նոր սեփականատերը նորմալ անձնավորություն է: Այս արտադրամասում կարել են հիմնականում զինվորական համազգեստներ, ուղղակի որ մասնավոր արտադրամաս է, այս պատճառով էլ քաղաքապետարանը նման հարցերում չի միջամտում»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ արտադրամասի սեփականատիրոջ հետ, ով ներկայացավ Վաղինակ եւ մեծ ափսոսանքով նկատեց, որ այժմ կարի արտադրամասի ճակատագիրն անորոշ է: «Աշխատանք չկա, դրա համար էլ փակել ենք: Մինչեւ պայմանագրեր չկապենք, չենք կարող աշխատել: Դրանք կլինեն, նոր կբացենք, ճար չկա: Գործ չկա: Պատվերներ չունենք, չենք ստանում: Այս պատճառով ենք փակել»,- հայտնեց արտադրամասի սեփականատերը:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ընկերությունը պետք է մասնակցի ուժային կառույցների կողմից հայտարարված մրցույթներին, եւ միայն այն շահելու դեպքում իրենք կարող են աշխատել: «Իրենք պետք է հայտարարություն տան, որ մենք էլ մասնակցենք, բայց չկա: Ամեն սարքավորումով հագեցած է արտադրամասը, բայց այսօրվա դրությամբ դռները փակել ենք ու եկել տանը նստել», – մեծ ափսոսանքով նկատեց Վաղինակը:
Սեփականատիրոջ խոսքերով՝ արտադրամասն ունի մոտ 140 աշխատող, որոնց աշխատավարձի պարտքերը փակելու համար ստիպված վարկ են վերցրել: Բացի այս՝ արտադրամասն ունի վարկային այլ պարտավորություններ: «Այսքան տարի աշխատել ենք, ու նման բան երբեւէ չէր եղել: Մենք ամեն ինչ կարել ենք. նույնիսկ մեր կարած հագուստը Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել: Հիմա ոչ մի հատիկ հագուստ չի արտահանվում: ՌԴ-ից էլ պատվերներ ունեինք բայց ինչ դոլար-ռուբլի փոխարժեքը տատանվեց, պատվերները դադարեցին:
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա հունիսի 8-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Պատճառը հարկային պարտավորություններն էին: ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազեցին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ: Անգամ արտադրամասի շենքն էր վաճառվել: Չի բացառվում, որ «Գարուն» կարի արտադրամասն էլ գնա «Կոնտինենտտեքս»-ի ճանապարհով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ
Կառավարության երեկվա նիստում անդրադարձ է եղել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այս ծրագիրը բավական հաջողություններ է գրանցել, եւ հիմա խնդիր է դրված այն ավելի աշխուժացնելու՝ առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ներգրավելով: Փոփոխություններով առաջարկվում է վերանայել բնակարանի գինն ու տարիքային շեմը: Մինչ այժմ տրամադրվող բնակարանների գները չպետք է գերազանցեին 16 մլն դրամը, այժմ առաջարկվում է շեմը հասցնել 25 մլն դրամի: Մինչ այժմ ամուսինների տարիքային շեմի հանրագումարը չպետք է գերազանցեր 60-ը, իսկ այժմ այդ շեմը կսահմանվի 65:

 

 

ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ կառավարության նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է, որ նախորդ գիշեր հիմնական ցրտահարությունը եղել է Զվարթնոցի, Փարաքարի եւ Մերձավանի տարածքներում: Նախարարն ասել է, որ առայժմ հնարավորություն չունեն գնահատելու կորուստները, քանի որ դեռ վաղ է. «Բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռեւս ծաղկակալած էլ չեն, այնտեղ ընդհանրապես ցրտահարություն չի կարող լինել: Իհարկե, մենք այսօր գնահատում ենք, որ որոշակի տեղեր ցրտահարություն եղել է, մասնակի է, եւ առաջիկա 2-3 օրերի ընթացքում նոր պարզ կլինի, թե ինչ ենք ունենալու»,-ամփոփել է Կարապետյանը:

 

 

ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ ՎԱՐԴԵՆՅԱՑ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ
Ըստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության տրամադրած տվյալների՝ երեկ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է եղել: Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Բերձորի տարածաշրջաններում ձյուն է տեղացել: Իսկ Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է եղել, տեսանելիությունը՝ 25-30մ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները եղել են բաց: Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են մաքրման աշխատանքներ:




Լրահոս