ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆՑ` ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուս իրավապահների ստորացուցիչ վերաբերմունքը Հայաստանում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, եւ վերջին օրերին Երեւանում` ՌԴ դեսպանատան, Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ տեղի ունեցած մի քանի բողոքի ակցիաները սպառնում են շարունակվել:
Հիշեցնենք, որ Հարությունյանին կալանավորել էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով, եւ կալանքի թույլատրություն ստանալու համար իրավապահները նրան դատարան էին տարել հետվթարային շոկային վիճակում` կանացի ծաղկավոր խալաթով: Բացի այդ, գումարվել էին նաեւ ռուսական լրատվամիջոցներով Հարությունյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները:
Հայաստանում ռուսների մասնակցությամբ նախկինում տարբեր միջադեպեր են եղել: Սակայն ո՛չ ՀՀ իրավապահները, ո՛չ լրատվամիջոցները եւ ո՛չ էլ ՀՀ քաղաքացիները մեղավորների հանդեպ իրենց թույլ չտվեցին որեւէ նվաստացնող արարք: Չնայած ամեն անգամ միջադեպերից հետո եղան զոհեր, բայց որեւէ մեկը մեղավորների հետ չվարվեց այնպես, ինչպես այսօր վարվում են ՌԴ-ում Հ. Հարությունյանի հանդեպ:
Շատերը կհիշեն 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը, երբ Գյումրիում տեղակայված ռուսական զորամասի երկու սպա հարբած վիճակում, ինքնաձիգերով զինված, փախել էին զորամասից՝ «քաղաքում զբոսնելու համար»: Ու զորամասից մինչեւ Գյումրու կենտրոնական հրապարակ ընկած ողջ ճանապարհին կրակոցներ էին արձակել քաղաքացիների ուղղությամբ: Արդյունքում` ռուս զինվորները սպանել էին 2 եւ վիրավորել 11 հոգու: Բայց այդպես էլ որեւէ մեկը ռուս զինվորներին կանացի ծաղկավոր խալաթ չհագցրեց ու այդ տեսքով դատարան քարշ չտվեց:
Այս տարվա ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում՝ ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 երեխա էր զոհվել` 15-ամյա Մուշեղ Գեւորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը, որոնք իջել էին մոտակայքում գտնվող աղբյուրից ջուր խմելու: Ռուս զինվորներն այդպես էլ հարկ չէին համարել տանկային հրաձգարանի տարածքում պահպանել անվտանգության կանոններն ու տարածքը կա՛մ ականազերծել, կա՛մ այնպես պարսպապատել, որ բացառվեն նման դեպքերը: Դեռ ավելին, Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի պաշտոնյաներն իրենք էին հոխորտացել, թե ինչու են երեխաները մտել իրենց տարածք, որ ականի պայթյունի «բաժին դառնային»: Այդ ժամանակ կատարվածի մեղավորներին որեւէ մեկն այդպես էլ կանացի ծաղկավոր խալաթ չհագցրեց ու այդ տեսքով դատարան քարշ չտվեց:
Այս տարվա մայիսի 3-ին Գյումրու Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին ռուսական զորամասի սպաներից մեկը վրաերթի էր ենթարկել ՀՀ քաղաքացու` 43-ամյա Ռուբիկ Գեւորգյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Ըստ Գյումրիում շրջող խոսակցությունների` ռուս սպան «Լեքսուս» մակնիշի մեքենան վարելիս գերազանցել էր արագությունը: Չնայած ՀՀ քաղաքացին մահացավ, բայց այդպես էլ վրաերթի ենթարկած սպային որեւէ մեկը կանացի ծաղկավոր խալաթ չհագցրեց ու այդ տեսքով դատարան չտարավ: Այդ պատահարը նշված չէ անգամ ոստիկանության ամփոփագրերում:
Ի դեպ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծախսերի միայն կեսն է հոգում ռուսական կողմը, իսկ մյուս կեսը Հայաստանի «պարտականությունն է»` ՀՀ բյուջեի հաշվին: Սա էլ եղբայրության դրսեւորումներից է:
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում ձերբակալվել են ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազում անձինք, որոնք, ի դեպ, ՌԴ ռազմավարական գործընկեր երկրի քաղաքացի չեն եղել: Սակայն նրանցից որեւէ մեկի` ո՛չ չեչենների, ո՛չ տաջիկների, ո՛չ վրացիների եւ ո՛չ էլ ուրիշների հանդեպ ռուս իրավապահները չեն վարվել այնպես, ինչպես վարվեցին Հ. Հարությունյանի դեպքում: Օրինակ` այս տարվա հունիսի 6-ին ռուսական հատուկ ծառայության աշխատակիցները Մոսկվայում տեռորիստական ակտ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել էին Բաշկիրիայի քաղաքացի Յուլայ Դավլետբաեւին: Բայց նրան որեւէ մեկը կանացի ծաղկավոր խալաթով չտարավ դատարան:  2012թ. նոյեմբերին ահաբեկչության կասկածանքով Մոսկվայում ձերբակալել էին նաեւ ՌԴ-ի ու Տաջիկստանի քաղաքացիների, որոնց մոտից հայտնաբերվել էր հսկայական քանակությամբ զինամթերք, բայց նրանց հանդեպ եւս իրավապահները նման կերպ չվարվեցին: Նման դեպքեր կարելի է շատ թվարկել:
Այնպես որ, ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքը հազիվ թե պատահական լինի: Եվ ՀՀ քաղաքացու հանդեպ ցուցաբերած նման վերաբերմունքով ռուսական կողմն իրականում արտահայտում է իր վերաբերմունքը «ռազմավարական գործընկերոջ»՝ Հայաստանի հանդեպ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս