ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհին

Հետաքրքիր է, թե պատկան մարմիններն ի՞նչ տրամաբանությամբ են աշխատում: Այս ավտոճանապարհին որոշ հատվածներ ասֆալտը «կտրտել» են, որպեսզի նորոգեն: Բայց ինչպես երեւում է՝ եղանակային պայմաններն այնքան էլ համահունչ չեն նման աշխատանքներ իրականացնելու համար: Թերեւս այնքան էլ դժվար չէր կանխատեսել կամ գոնե տեղեկանալ հայպետհիդրոմետ ծառայության տրամադրած տեղեկությանը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե ուսանողը սովորում է օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհում եւ ցանկանում է տեղափոխվել ՀՀ բուհ, ապա ի՞նչ սկզբունքով է իրականացվում տեղափոխումը:

Հրայր Հարությունյան (59 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ 2008/09 ուստարում ՀՀ բուհերում սովորող ՌԴ քաղաքացիների թիվը կազմել է 1294, իսկ 2012/13-ին՝ 904: Մինչդեռ Վրաստանից հայ ուսանողների թիվը նույն ժամանակաշրջանում 1145-ից իջել է 769-ի:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը ապրում է այլ երկրում (Ռուսաստանի Դաշնությունում) եւ ստանում է այնտեղի թոշակ, նա իրավունք ունի՞ ստանալ թոշակ նաեւ ՀՀ-ից: Նշեմ, որ ունի ՀՀ քաղաքացիություն:

Նազիկ Գեւորգյան (53 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ քաղաքացին, ՀՀ երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում: Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ի անդամ պետությունների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառին վերաբերող միջպետական համաձայնագիր է կնքել: «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992թ. մարտի 13-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակները նշանակվում են ըստ նրանց բնակության վայրի:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի ՀՀ-ում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:




Լրահոս