ԹԱՓՈՆՆԵՐԸ ՄԱՔՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանի Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի թափոնները, որոնք հայտնվել էին դպրոցի բակում եւ վտանգ էին ներկայացնում երեխաների առողջության համար, վերջին օրերին «Սագամար» ՓԲԸ ուժերով հեռացվել են դպրոցի բակից: Վտանգավոր թափոնները դպրոցի բակից հեռացնելու համար ՓԲԸ-ին գրություն էր ներկայացրել բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինը, որի ներկայացուցիչներն էլ մասնակցում էին «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի աջակցությամբ Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկմանը: Այստեղ ներկա էին նաեւ Ստեփանավանի քաղաքապետարանի գյուղբաժնի մասնագետը, ՊՀՀՏ պետը, Վանաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգողը, ինչպես նաեւ բնապահպանական ոլորտի ակտիվիստներ:
Բազմիցս խոսվել է, որ Ստեփանավանի բնապահպանական կազմակերպությունների համար Արմանիսի հանքավայրը փակ տարածք է, եւ որ լրագրողներին ու բնապահպանական հ/կ-ներին չի հաջողվել, բացի հեռախոսային խոսակցությունից, կապ հաստատել պատասխանատուներից որեւէ մեկի հետ: Եվ ահա առաջին անգամ բնապահպանական  քննարկումներին մասնակցեց նաեւ Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքի ներկայացուցիչը` անվտանգության ծառայության պետ Արա Բերբերյանը: Վերջինս հավաստիացրեց, որ այսուհետ իրենք բաց են լինելու լրատվության համար: Այս պահին հանքն ունի նոր տնօրեն, սակայն հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` կապված վերանորոգման եւ տեխնիկական հարցերի հետ: Քննարկման ընթացքում Արմանիսի հանքի ներկայացուցիչը խոսեց հանքավայրի անվտանգության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների եւ հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին: Արա Բերբերյանը հավաստիացրեց, որ հանքարդյունաբերությունը կատարվում է անվնաս` պրեսֆիլտրների օգտագործման եղանակով, որը բացառում է արտահոսքի հնարավորությունը դեպի Ձորագետ: Իսկ ինչ վերաբերում է Արմանիսի դպրոցի բակում հայտնված  թափոններին, նա նշեց, որ հանքի նախկին տնօրենը դա արել է դպրոցի տնօրենի խնդրանքով` վերացնելու համար դպրոցի բակում առաջացած ճահիճները, որոնք նույնպես վտանգավոր են երեխաների առողջության համար:                       
Քննարկմանը ներկա բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Սամվել Կոծինյանի խոսքով` տեսչությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահելու «Սագամար»-ի աշխատանքները եւ պատրաստ է արձագանքել ամեն ահազանգի: Նա, ինչպես եւ «Լոռէ էկո ակումբ» հ/կ նախագահ, «Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանը դեմ չեն հանքի շահագործմանը, բայց բացառապես սահմանված բնապահպանական չափանիշների շրջանակում:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս