ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտը կամաց-կամաց մտնում է ակտիվ բանակցությունների փուլ, քանի որ այլեւս ակնհայտ է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք առանց լուրջ ռեսուրսների կմտնեն ընտրապայքարի մեջ, դատապարտված են ձախողման:

Այս պահին առկա վիճակն այնպիսին է, որ ռեսուրսների հետ կապված խնդիր չունի միայն իշխող ՀՀԿ-ն, ինչը բնական է. իշխանությունը միշտ էլ ռեսուրսներով ամենահարուստն է լինում: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն, իշխանական պրոեկտներով ստեղծված եւ ինքնահոսի թողնված կուսակցությունները կարող են ընտրապայքարի մեջ մտնել միայն իրենց ողջ ռեսուրսները իմի բերելուց եւ տարբեր մարդ-կուսակցություններին իրենց մեջ միաձուլելուց հետո:
Հայաստանի քաղաքական դաշտի, այսպես կոչված, հին ընդդիմադիր ուժերը պարտադրված են միավորվել: Սակայն հարցերի հարցն այն է, թե ով ում հետ պետք է միավորվի: ՀԱԿ կուսակցությունը եւ ՀԺԿ-ն փաստացի արդեն չորս տարի է՝ գործում են միասին ու սպասելի է, որ 2017-ի ընտրություններին եւս այդ ուժերը միասնական ցուցակով են մասնակցելու: Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունները վերջին տարիների ձախողումներից հետո չեն կարողանա առանց լրացուցիչ ներարկումների ապագա խորհրդարանում ներկայացված լինել: Հենց դա է պատճառը, որ հին ընդդիմադիրները դեմ չեն անգամ Վարդան Օսկանյանի` Մարտի 1-ի հիմնական պատասխանատուներից մեկի նոր ստեղծելիք կուսակցության հետ համագործակցելուն: Մյուս կողմից՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահն է, նույնպես կոչ է արել միավորվել: Եթե վերը թվարկված բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, այստեղ ծագելու է այն հարցը, թե արդյոք նրանց դաշինքը պետք է լինի պաշտոնական: Բանն այն է, որ եթե նրանք պաշտոնապես դաշինք կազմեն, ապա այդ դեպքում ԱԺ ընտրություններում պետք է 7 տոկոսանոց անցողիկ շեմ հաղթահարեն, ինչը բավական ռիսկային է: Իսկ եթե որոշեն մեկ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցել, որպեսզի ԱԺ-ում տեղեր ունենալու համար 5 տոկոսանոց անցողիկ շեմ հաղթահարեն, ապա այդ դեպքում էլ հարց է առաջանալու, թե ով է լինելու այն հիմնական խաղացողը, որի անունով պիտի բոլորով ներկայանան:
Իշխանական ռեսուրսով ստեղծված կուսակցություններից ՕԵԿ-ը, որն այլեւս հանդես է գալիս «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության շրջանակներում, անվանափոխություն անելով՝ փորձեց տարանջատվել նախորդ տարիներին ձեռք բերած վատ համբավից, սակայն ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը նշանակալի արդյունք չի տա, ու այս քաղաքական ուժին շատ դժվար կլինի խորհրդարան սողոսկելը: ՕԵԿ-ի` Աժ-ում հայտնվելու հնարավորությունները իրատեսական կդառնան միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւս միանա այդ կուսակցությանն ու օգնի անվանափոխության գործընթացին: Եթե այդ միավորումը տեղի ունենա, այն հնարավոր է` նպաստի, որ անվանափոխվածները կարողանան ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը հաղթահարել:
Հաջորդ միավորումը կարող է տեղի ունանալ ընտրությունները մերժող եւ օրումեջ իշխանափոխություն խոստացող անհատների առանցքի շուրջ: Արդեն իսկ լուրեր կան այն մասին, որ նրանք հնարավոր է` միավորվեն «Ժառանգություն» կուսակցության հետ: Ըստ նույն լուրերի՝ այդ միավորումը հնարավոր կլինի, եթե «Ժառանգությունը» համաձայնի կուսակցությունն անվանափոխել: Առաջիկա ամիսներին «ժառանգության» նախագահությունը թերեւս ստիպված է լինելու իր ուժերը գնահատել, եւ եթե համոզվեն, որ առանց լրացուցիչ «ներարկումների» չեն կարողանա ԱԺ ընտրություններին մասնակցել, ապա ստիպված կլինեն զիջել:
Միավորման մեկ այլ հարթակ էլ կարող է ստեղծվել, այսպես կոչված, արեւմտամետ ուժերի համար: Հայաստանի քաղաքական դաշտում կան հին ու նոր ստեղծված կուսակցություններ, որոնք մի շատ կարեւոր ընդհանրություն ունեն` եվրոպացիների հետ շփումները նրանց մոտ վերածվել է «սրբի դուռ գնալու» գործընթացի: Այդ ուժերը մշտապես վայելել են իշխանությունների թաքնված հովանավորությունը, քանի որ երբեւէ իրական վտանգ չեն ներկայացնում եւ բզկտում են ընդդիմության համար մեծ պոտենցիալ պարունակող քաղաքացիական ակտիվ զանգվածին:
Ներկա քաղաքական դաշտի հիմնական «չհասկացված» խաղացողը դեռեւս մնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը շարունակում է կազմավորվել եւ ընդլայնվել: Այս քաղաքական ուժի հավակնությունները առավել տեսանելի կդառնան ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններից հետո, որտեղ ՔՊ-ն իր թեկնածուն է առաջադրել՝ ի դեմս «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽՆԴՐՈՒՄ ԵՆ  ԸՆԴԱՌԱՋԵԼ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի կողմից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանի՝ Զիմի հարազատները փակուղում են հայտնվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկի որդին` Ռուբեն Սարիբեկյանն ասաց, որ հոր առողջական վիճակը շատ վատ է, բայց իրավապահները հրաժարվում են նրան բուժհաստատություն տեղափոխել: «ՔԿՀ-ի բուժանձնակազմը գնում, հորս ստուգում է, բայց ճիշտ հասկացեք՝ այդպես չեն կարող նրան օգնել: Իմ խնդրանքս մեկն է, որպեսզի տեղափոխեն բժշկական հաստատություն, մի հատ ստուգման ենթարկեն ու նոր շարունակեն իրենց քննությունը: Խնդրում եմ՝ համապատասխան մարմիններին ընդառաջեն, որպեսզի հանգիստ լինենք, որ նրա հետ լուրջ բան չի կատարվում»,- Ռուբեն Սարիբեկյանը:

 

 

ՇԱԲՈՅԱՆԻ  ՀԱՐՈՒՍՏ ԿԻՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարագրել է, որ ունի 4 բնակարան: Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն դրամ: Նկատենք, որ Շաբոյանն այն պաշտոնյաներից է, ում կինն ավելի հարուստ է, քան ինքը: Այսպես՝ անցած տարեվերջին Շաբոյանի կնոջ՝ Քրիստինե Եղիազարյանի փոխառության՝ վարկի գումարը կազմել է 84 հազար 306 դոլար, իսկ փոխառությունից որպես եկամուտ ստացված տոկոսավճարները կազմել են 2 հազար 700 դոլար: Շաբոյանի տիկնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջում կազմել են 16 մլն դրամ, 39 հազար դոլար: Ի դեպ, Շաբոյանի կինը, որը նման մեծ կարողության տեր է, իր հարստությունը կուտակել է ոչ մի տեղ չաշխատելով: Իսկապես, եթե կարելի է անաշխատ հարստանալ, ինչ իմաստ ունի աշխատել:

 

 

ՆՈՐ  ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՊԵԿ-ՈՒՄ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՊԵԿ-ի նախագահի տեղակալներ նշանակելուց հետո այդ կառույցի ղեկավարը դարձյալ նոր նշանակումներ է կատարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գեղամ Պետրոսյանին: Իսկ մինչ այդ նա զբաղեցրել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: ՊԵԿ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արման Մնացականյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարության լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնը: Ի դեպ, մինչ այդ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը նշանակվել էին ՊԵԿ նախագահի տեղակալներ` ազատվելով ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել Արմեն Սաքապետոյանը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՌԱՆՑ  ԱՆՈՒՆՆԵՐԻ
«Մեզ համար պարզ է եւ տեսանելի, թե ով է փորձում մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնել: Նշյալ անձնավորության բոլոր քայլերը դատապարտված են: Մենք կրկին անգամ նշյալ անձնավորությանը հորդորում ենք խաղավել եւ հանդարտվել: Իրեն չի հաջողվելու «Բարգավաճ Հայաստան»-ում որեւէ ինտրիգ հրահրել, նրա խաղերն այլեւս ավարտված են»,- անդրադառնալով ԲՀԿ տարածքային կառույցներում ընթացող խմորումներին եւ դրանք հրահրողներին` armlur.am-ին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ էլիզբարյանը: Հարցին` ում նկատի ունե՞ք՝ Աբրահամ Մանուկյանի՞ն, Էլիզբարյանը պատասխանել է` անուններ չեմ ցանկանում հնչեցնել:
 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների 4+4+4 ձեւաչափը ստեղծել խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ:

 

 

ՀԱՍԱՆ  ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ
Սերժ Սարգսյանին երեկ հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

 

 

ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ
Արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի տեղեկատվությանը, թե Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրություններին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին ջախջախելու համար Հրազդանի պատասխանատու է նշանակել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, վերջինս armlur.am-ին ասել է. «Սա ճշմարտության կեսն է (ծիծաղելով). այդ նպատակով Հրազդան են գործուղվել նաեւ Ջեյմս Բոնդը, Չակ Նորիսը եւ Սպայդերմենը: Իսկ իրականում ես հետեւում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին, այդ թվում՝ Հրազդանին: Առայժմ խառնվելու կարիք չկա, քանի որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հաջողությամբ եւ գրագետ չեզոքացնում է Նիկոլ Փաշինյանի, ողջ ՔՊ-ի եւ իրենց անթաքույց սատարող հայտնի լրատվամիջոցների քարոզչական ուժը»:




Լրահոս