ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՐԱԿՈՑԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցի խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո մականունով, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: Եվ, ահա, շուրջ երկու տարի նախկին պատգամավորի մասնակցությամբ կրակոցի գործով հարուցված քրեական գործը ունեցավ իր ավարտը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 20.20-ի սահմաններում: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ ասել էր, թե Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:
Տեղեկացնենք, որ կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել Է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ, ինչպես նաեւ հանդիսանում Է «Աստաֆյան զվարճանքների կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ եւ միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ «Աստաֆյան» ՓԲԸ-ին՝ ընտրվելով ընկերության նախագահ: Իսկ ի՞նչն էր եղել կրակոցների պատճառը :
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ավագյանը՝ Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների:
Դեպքից հետո նախկին ԲՀԿ-ական պատգամավորը ինքնակամ ներկայացել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ու մինչ իրավապահները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվել վերոնշյալ օրը, նախկին ԲՀԿ-ական պատգամավորը շտապում էր իրավապահներին հայտնել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Իսկ կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված եւ վիրահատության ենթարկված Սուրեն Իսահակյանն էլ հայտարարում էր, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Մինչդեռ իրավապահները պարզել էին, որ Սուրեն Իսահակյանին կրակել են Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող ՍՊԸ-ի գրասենյակում:
Ինչեւէ: Այս հանգամանքը չխանգարեց, որ նախաքննական մարմինը որոշում կայացներ եւ Արսեն Ավագյանին առաջադրված մեղադրանքը փոփոխեր: Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ վնաս հասցնելու հատկանիշներով, որը նախատեսում է առավել մեղմ պատիժ՝ ազատազրկմամբ կալանքով մեկից երկու ամիս ժամկետով:
Եվ, ահա, 2015թ. դեկտեմբերի 25-ին վերոնշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ էության նախկին ԲՀԿ-ական պատգամավորը այս ընթացքում փորձել էր իր բիզնես գործընկերոջ հետ հաշտության եզրեր գտնել: Պարզեցինք, որ վերջինս ծանոթանալով իրեն առաջադրված նոր մեղադրանքի հետ՝ իրեն լիովին մեղավոր էր ճանաչել:
Իսկ ինչ էր ասել նախկին պատգամավորի կրակոցի արդյունքում հիվանդանոց տեղափոխված Սուրեն Իսահակյանը: Տեղեկացանք, որ Սուրեն Իսահակյանն ասել է, որ բողոք եւ պահանջ չունի, չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության:
Առաջին ատյանի դատարանն էլ հաշվի առնելով տուժողի եւ ամբաստանյալի վերոնշյալ դիրքորոշումները՝ գտնում է, որ ի հայտ է եկել կարեւոր հանգամանք (հիմք), որոշում է կայացրել նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել տուժող Սուրեն Իսահակյանի բողոքի բացակայության հիմքով:
Այսպիսով՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արսեն Ավագյանը կրակեց, կարողացավ հասնել նրան, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը մեղմացվի, տուժողը չբողոքի եւ, ի վերջո, նա կալանքից եւ քրեական հետապնդումից վերջնականապես կազատվի: Իսկ թե ինչ գնով նա կարողացավ հասնել այս ամենին, թերեւս այլ թեմա է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՇԱՆԹԻ ՅՈՒՐԱՅԻ ԵՂԲՈՐՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ
2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել: Ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը` Սամվել Ղարիբյանը, իր վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետեւ մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք եւ մխրճվելով ներս` կոտրել բարմենի սեղանն ու գույքը: Արդյունքում Սամվել Ղարիբյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:
Ավելի ուշ, երբ իրավապահները հարցաքննել էին Սամվել Ղարիբյանին, թե ինչպես է նա մեքենայով մխրճվել ռեստորան, վերջինս հայտնել էր, թե ինքը միտումնավոր չի արել, պարզապես «աչքերի դեմը սեւացել է, եւ չի կարողացել կառավարել ավտոմեքենան»:
Ի սկզբանե շատերը չէին հավատում այս դեպքի պատահականությանը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարիբյան եղբայրների ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ վերջիններս իրենց բիզնես գործունեության հետեւանքով առաջացած տարաձայնությունների հետ կապված անգամ դիմել էին Սերժ Սարգսյանին:
Ինչեւէ, տեղի ունեցած միջադեպին տրվել էր իրավական ընթացք, ինչի արդյունքում 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սամվել Ղարիբյանի գործը ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սամվել Ղարիբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 8-ին ուրիշի գույքը ոչնչացնելու եւ վնասելու դիտավորությամբ իր կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող ավտոմեքենայով դիտավորությամբ ընդհարվել է «Շանթ» ռեստորանային համալիրի մուտքի դարպասին, ապա այն կոտրելով՝ մուտք գործել նշված ռեստորան եւ հարվածելով ռեստորանի առաջին հարկում տեղակայված բարի տաղավարին` պատճառել 4 միլիոն 523 հազար 800 դրամի գույքային վնաս:
Եվ, ահա, շուրջ երկու տարի անց՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթի Յուրայի եղբորը` Սամվել Ղարիբյանին դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամկետով:
Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանից տեղեկացանք, որ դատարանի այդ որոշումը բողոքարկվելու է: Իսկ մինչ այդ ստացվում է, որ հայտնի գործարարի եղբայրը, որն ընդամենը մեքենայով մտել էր եղբոր ռեստորան, այդպես էլ չներվեց նրա կողմից եւ այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ այս օրերին հատուկ քննչական ծառայությունում էլ քննվում է Վարշամ (Յուրա) Ղարիբյանի տան նկատմամբ 2015 թվականի ավազակային հարձակման դեպքը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՎԱՐԱԿՎԱԾ  ՄԵԽԱԿՆԵՐ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող, թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի տարածք: Սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում եւ ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արեւմտյան ծաղկային թրիպսով:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ մարտավարական վարժանքների են ձեռնամուխ եղել «Փամբակ» լեռնային զորափորձարանում: Ուսումնական միջոցառումներում գործի Է դրված ավելի քան 300 զինվորական հետախույզ:

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ ԿԱԼԱՆՔԸ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երեկ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը 1.5 ամսով երկարաձգելու պահանջը: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

 

 

ԿՈՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
«Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին` կոչ անելով.«Քանի դեռ անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլային սերունդը ի վիճակի է խնդիրներ լուծել, հավաքեք լավագույններին, գտեք հաշտության եզրեր Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի եւ Գեւորգ Կասպարովի հետ: Հանդես եկեք Ձեր պնդումների հերքմամբ (որոնք ապացուցող փաստեր Ձեր իսկ խոսքերով չունեք) եւ հնարավորություն տվեք մեր ֆուտբոլիստներին մարզադաշտում ապացուցել իրենց ունակությունները: Հակառակ դեպքում, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը: Իհարկե, դժվար է Ձեր իսկ կայացրած կառույցից հեռանալը, սակայն աշխարհում ոչինչ հավերժ չէ»:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով Սամվել Իսախանյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:




Լրահոս