ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆՎԱՆԱԿՑԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԳՐԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 17-ին ՀՀ 9 մարզերի 3 քաղաքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու հոգի՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը:

Մինչ այդ Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին եւս երկու հոգի՝ անկուսակցական Ռոբերտ Աղումյանը եւ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը: Սակայն Ռոբերտ Աղումյանը հետ է վերցրել իր թղթերը, իսկ Գագիկ Սահակյանի գրանցումը մերժվել է: ՀՀ Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքապետի ընտրություններում Գագիկ Սահակյանի գրանցումը մերժվել է այն պատճառով, որ վերջինս չի ներկայացրել գրավի անդորագրի մուծման թուղթը: «Մենք օրենքով սահմանված կարգով իրեն 48 ժամ ժամանակ ենք տվել՝ թղթերը ամբողջությամբ ներկայացնելու համար, բայց ինքը այդպես էլ չներկայացրեց գրավի անդորագրի մուծման թուղթը»,- լրացրեց Բ. Մակասյանը:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սպիտակի քաղաքապետի ընտրություններում առաջադրված, սակայն մերժված թեկնածու Գագիկ Սահակյանի հետ: Ի դեպ, նշենք, որ վերջինս Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի անվանակիցն է: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ նրանք մտերիմ ազգականներ են:
-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ է մերժվել Սպիտակի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության գրանցումը:
-Գրավի անդորագիրը չեմ ներկայացրել: Գումարը չեմ մուծել:
-Տեղյակ չէի՞ք, որ պետք է նաեւ գրավի անդորագիր ներկայացնեք, թե՞ այլ պատճառ կար:
-Ինքս որոշեցի չներկայացնել: Իմ ցանկությունն է եղել, որ չգրանցվեմ… ոնց որ փոշմանել եմ:
-Ինչո՞ւ փոշմանեցիք:
-Հաշվարկեցի եւ պարզեցի, որ չեմ անցնելու, դրա համար էլ հանեցի: Փոշմանեցի ու չներկայացրեցի գրավի անդորագիրը: Կարճ ժամանակահատվածում փորձեցի պայքարել, հետո հասկացա, որ շանսերս թույլ են գործող քաղաքապետի նկատմամբ:
-Իսկ ինչպե՞ս էիք պայքարում:
-Մարդիկ ավելի շատ ծանոթ էին, վստահում էին ինձ մարդիկ: Իհարկե, քաղաքի բնակչության ոչ մեծ մասն էր ինձ ծանոթ:
-Առաջի՞ն անգամ էիք առաջադրվում:
-Այո՛, առաջին անգամ էի փորձում ուժերս:
-Դուք գործող քաղաքապետի անվանակիցն եք: Ազգականնե՞ր եք:
-Ազգականներ ենք: Այսքան ժամանակ անուն-ազգանունի հետ կապված ոչ մի խնդրի չեմ բախվել, եւ ոչ մի առավելություն էլ չի եղել: Մենք խռով չենք իրարից, հարազատ մարդիկ ենք: Իմ չգրանցվելը իմ ցանկությունն է եղել. այնպես չէ, որ ես գործող քաղաքապետի հետ նստել խորհրդակցել եմ՝ առաջադրվելու, գրանցվելու մասով:
-Գուցե՞ հենց քաղաքապետի անվանակիցը լինելու հետ էր կապված նախ` Ձեր առաջադրվելը, ապա եւ փոշմանելը:
-Ո՛չ, ո՛չ… նման բան չկա:
-Այդ դեպքում` ինչո՞ւ առաջադրվեցիք Ձեր ազգականի դեմ:
-Դե, վաղուց էի մտածել, որ առաջադրեմ թեկնածությունս քաղաքապետի ընտրություններում: Ընդհանրապես իրեն հետ չեմ խորհրդակցել առաջադրվելու շուրջ: Մի անգամ հանդիպեցի, խոսեցի ու ասեցի, որ առաջադրելու եմ թեկնածությունս: Ինքն էլ համաձայնեց, ասաց՝ քո ցանկությունն է: Հետո էլ ասաց՝ մտնենք պայքարի մեջ ու փորձենք կրել:
-Իսկ ի՞նչն էիք ցանկանում փոխել քաղաքում, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:
-Դե, շատ բան կա փոխելու, հիմա մանրամասն չեմ կարող արտահայտվել, բայց առաջիկայում մտադիր եմ կրկին թեկնածությունս առաջադրել քաղաքապետի ընտրություններում:
-Դուք նաեւ ՀՀԿ-ական եք: Նո՞ր եք անդամագրվել կուսակցությանը:
-Ո՛չ, ես ՀՀԿ-ական եմ դեռեւս 2001 թվականից: Բայց քաղաքական դաշտ առաջին անգամ եմ մտնում:
-Երբեւէ կուսակցական գործերով էլ չե՞ք զբաղվել:
-Դե, եղել է, որ տեղի հարցերով մեկ-մեկ զբաղվել եմ: Նաեւ երիտասարդական թեւի մեջ եմ եղել, զբաղվել եմ ինչ-որ հարցերով:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՆՈՐ  ՕԼԻՄՊԻԱԴԱ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ Հայաստանի աշխարհագրություն առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսեւորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում եւ Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար՝ 14-15 եւ 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների եւ կրթօջախների (այդ թվում՝ միօրյա) սաները, ինչպես նաեւ այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
 

 

ՄԵՏՐՈՅՈՒՄ ԽՍՏԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ուղեւորների պայուսակները ստուգում են: Զանգահարած քաղաքացիների փոխանցմամբ՝ մասնավորապես այն ուղեւորները, որոնց պայուսակները համեմատաբար մեծ են լինում, առավել մանրակրկիտ են զննվում: Թե ինչն է այս տարօրինակ նորամուծության պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզել Երեւանի մետրոպոլիտենից: Սակայն կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Երեւանի քաղաքապետարանից եւս պարզաբանում ստանալ չհաջողվեց. մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ իրավասու չեն պատասխանել, այդ հարցով պատասխան պետք է ստանալ մետրոպոլիտենից: «ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: Վերջինս եւս հստակ պատասխան չտվեց. «Բնական է. մետրոպոլիտենը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է: Հնարավոր է, որ այդ պատճառով է ավելի խստացված ուշադրություն դարձվում»: Մեր դիտարկմանը, որ հսկողության խստացումը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նախկինում նման դեպքեր չեն եղել, Հենրիկ Նավասարդյանը պարզաբանեց. «Պարզապես, ես ոչինչ չեմ կարող ասել: Հնարավոր է՝ ինչ-որ բան է եղել, ինչ-որ ահազանգ են ստացել… Չեմ կարող ասել»:
Պաշտոնական պարզաբանման բացակայության պայմաններում կարող ենք միայն ենթադրել, որ Երեւանի մետրոպոլիտենում խստացված հսկողությունը կապված է վերջին օրերին Բրյուսելում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Չմոռանանք նաեւ այս օրերին դեպի Հայաստան, մասնավորապես, Երեւան իրանցիների մեծ հոսքի մասին:

 

 
ԸՆԹՐԻՔ՝ 350 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ նույն սեղանի շուրջ ընթրել ցանկացողները կկարողանան դա անել՝ վճարելով ավելի քան 350 հազար դոլար հօգուտ Քլինթոնի նախընտրական արշավի: Այդքան է Քլինթոնի եւ Քլունիի ընտանիքների հետ ընթրիքի սեղանի շուրջ երկու ազատ տեղերի գինը, որն ապրիլի 15-ին կկայանա Սան Ֆրանցիսկոյում խոշոր ձեռնարկատերերից մեկի տանը:
Միջոցառումը նախապատրաստում է Քլինթոնի նախընտրական արշավի օգտին միջոցների հանգանակությամբ զբաղվող կազմակերպությունը: Եվս մեկ միջոցառում, որը կոչված է միջոցներ հանգանակել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի համար, տեղի կունենա ապրիլի 16-ին:

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ «ՔԹԻ ՏԱԿ»
Փարիզի ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը խնդրում է «որքան հնարավոր է շուտ» իրեն արտահանձնել Ֆրանսիային: Այս մասին հայտարարել է նրա փաստաբանը, ում խոսքով ձերբակալված ծայրահեղականը դադարեցրել է հետաքննության հետ շփումները: Ավելի վաղ հաղորդվել է, որ արտահանձնումը կարող է տեւել մինչեւ 45 օր:
Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամը ձերբակալվել էր Մոլենբեք համայնքում Բրյուսելի ոստիկանության հատուկ օպերացիայի ժամանակ: Փարիզյան ահաբեկչություններից հետո նա Եվրոպայում ամենահետախուզվող մարդն էր: Ուշագրավ է, որ չնայած դրան` հենց նրա անունով է վարձակալվել մեքենան, որով տեղափոխվել են ահաբեկիչները: Նա անձամբ կրակ է բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ, որի մոտ ինքն իրեն պայթեցրել է նրա եղբայրը՝ Իբրահիմը:

 

 

ԹՈՒՐՔ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ
Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր նահանգում 8 թուրք զինծառայող է սպանվել, եւս 24-ը վիրավոր է: Փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրք զինծառայողների եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջեւ: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները կրակ են բացել, ապա պայթեցրել ականապատ մեքենան: Դեպքից հետո լայնամասշտաբ գործողություններ են սկսվել ՔԱԿ զինյալների դեմ: Երկրի իշխանությունները սահմանափակել են սոցցանցերի հասանելիությունը:




Լրահոս