ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով հակառուսական ակցիաների անթույլատրելիությունից, ասաց. «Ազգային արժանապատվությունից են խոսում, իսկ Կիրովի այգում կատարվողն ազգային արժանապատվությունը չի՞ վիրավորում, իսկ միասեռականների օրենքի նախագծի ներկայացումն ազգային արժանապատվությունը չի՞ վիրավորում, իսկ ամայացող գյուղերն ու անտեր մնացած հողերը, ինչն ուղղակի արդյունք է 90-ականների սխալ ռեֆորմի, ազգային արժանապատվությունը չի՞ վիրավորում, իսկ բարձրակիրթ մանկավարժի եւ ինժեների՝ մուրացկանությամբ զբաղվելն ազգային արժանապատվությունը չի՞ վիրավորում»:
-Պարո՛ն Շիրխանյան, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է Հայաստանին անդամակցել Մաքսային միությանը, իսկ Եվրամիությունն ասոցացման համաձայնագիր է առաջարկում: Այս երկընտրանքից ո՞րն է ճիշտ ուղին ՀՀ-ի ապագայի համար:
-Ճիշտ կլինի հարցը բաժանել երկու մասի՝ 1. Եվրամիության ասոցացված անդա՞մ, թե՞ ՌԴ-ի հետ դաշնակից ու միաժամանակ ՀԱՊԿ-ի անդամ, 2. Մաքսային միության անդա՞մ, թե՞ ազատ առեւտրի պայմանագրի անդամ: Խնդրի ճիշտ ձեւակերպումը սա է: Ակնհայտ է, որ հարցը վերաբերում է հայի եւ Հայաստանի ապագային: Հարցը վերաբերում է Արցախին: Չեմ հավատում, որ Հայաստանի առջեւ դրված լինի նման ճակատագրական ընտրության պարտադրանք:
-Դուք ի՞նչ գիտեք ասոցացման այդ համաձայնագրի մասին, ի՞նչ դրույթներ է այն պարունակում. հայանպաստ բնորոշումներ կա՞ն, թե՞…
-Գրեթե ոչինչ չգիտեմ: Կցկտուր, դեկլարատիվ, հերթապահ ձեւակերպումներից հետեւություն անելն անլուրջ զբաղմունք է: Որոշ մանրամասներ կան Ուկրաինայի հետ կնքվելիք պայմանագրի վերաբերյալ: Օրինակ՝ Ուկրաինան պարտավոր է 4 տարում ներդնել 20.000 եվրոստանդարտ: Բառի բուն իմաստով՝ անիրագործելի եւ աներեւակայելի ծախսատարության պարտավորություն է: Միգուցե ամբողջ պրոցեսը ձեւական բնույթ է կրում, եւ նպատակը ստորագրություն ստանա՞լն է: Բայց քանի որ Ուկրաինան գրեթե պատրաստ է ասոցացվելու, միգուցե ճիշտ կլիներ սպասել, տեսնել ընթացքը եւ հետո նո՞ր որոշում կայացնել: Չի բացառվում, որ ասոցացումը դառնա Ուկրաինայի ժողովրդագրական եւ արդյունաբերական ամայացման պատճառ:
Չեմ հավատում ո՛չ ընտրություն կատարելու պարտադրանքի գոյությանը եւ ո՛չ էլ նրան, որ Հայաստանի իշխանությունը կգնա նման քայլի: Եվ հետո, եվրոասոցացումը չի կարող ունենալ ավելի մեծ առեւտրային հնարավորություններ, քան ԱՀԿ-ի անդամությունը: Թե ինչպես իրականացավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ խոստացված «Հայաստանի թռիչքային զարգացումը», լավ գիտեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ամեն մի հայ: Դա նույնն է, երբ խոստանում էին, որ Կոնյակի գործարանը «Պեռնո Ռիկառ»-ին վաճառելը բերելու է խաղողի բաղերի կրկնակի ավելացմանը, իսկ բերեց… եռապատիկ կրճատմանը: Իլյուզիաներով խաբվելու փուլը Հայաստանի համար անցել է:
-Պարո՛ն Շիրխանյան, Դուք համարվում եք ռուսամետ գործիչ, եւ զարմանալի չէ, որ պրոռուսական դիրքորոշում եք արտահայտում, բայց Եվրամիության կողմնակիցները պնդում են, որ ռուսները մեզ խաբում են մշտապես, ճնշում են՝ ռուսական գազի սակագնի բարձրացում, «Սմերչ»-ի վաճառք Ադրբեջանին եւ այլն:
-Կանացի խալաթ են հագցնում, չէ՞: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում սկիզբ է առնում հակառուս քաղաքական աղանդավորական շարժում, իսկ աղանդավորական գործը միշտ վճարովի պատվեր է դրսից: Ցավալի է, որ դրական փոփոխությունների ձգտող երիտասարդությանը, ինչը անկասկած արդարացի է, գցում են մոլորության մեջ: Այդ շարժման պապաներից որեւէ մեկը չի ներկայացնում պատշաճ վերլուծություն ու հաշվարկ հայ-ռուսական հարաբերությունների վնասների եւ օգուտների մասին՝ լինի դա քաղաքական, թե տնտեսական, այդ թվում նաեւ գումարային արտահայտությամբ: Իսկ ինչո՞ւ չեն անում: Որովհետեւ եթե նույնիսկ մոտավոր ճշտությամբ այդ թիվը հրապարակեն եւ նորից շարունակեն հակառուս հիստերիան, ապա հանգիստ խղճով կարելի է նրանց ուղարկել հոգեբույժի մոտ:
Հիմա այս հիստերիայի մասին: Ասել եմ ու կրկնում եմ՝ Ադրբեջանին միջազգային գներով վաճառված զենքը չի փոխում սպառազինության բալանսը եւ Ադրբեջանին հնարավորություն չի տալիս ջարդուփշուր անել Հայաստանը: Այդ երկիրը գործում է պրիմիտիվ դատողությունների դաշտում՝ ա՛յ եթե զենքի քանակն ավելացնեմ, ապա կհաղթեմ… Նա երբեք չի կարող հասնել սպառազինությունների քանակական եւ որակական այնպիսի առավելության, ինչպիսին ունեցել է 1991-1994թթ.: Մեզ համար վտանգ կառաջանա այն օրվանից, երբ Ադրբեջանն այդ միլիարդները կուղղի սեփական ժողովրդի խնդիրների եւ հոգսերի լուծմանը: Իսկ դա պատկերացնել ալիեւական ռեժիմի պայմաններում՝ գրեթե անհնար է:
Կամ այդ խալաթի պատմությունը: Տեղի է ունեցել մարդկային ողբերգություն, պատահական, ոչ միտումնավոր: Արդյունքում՝ 18 ընտանիքի մեջ սուգ է մտել, մեր հայրենակիցը հայտնվել է բանտի դռանը: Մի՞թե հայ մարդը դադարել է հասկանալ ողբերգության էությունը, զրկվել է մարդկային կարեկցությունից: Չի կարելի քաղաքական սպեկուլյացիայի նյութ սարքել մի բան, որի անունը ողբերգություն է: Դա ամոթաբեր է ամբողջ ազգի համար:
Հայ ժողովրդի համար այսօր շատ ավելի կարեւոր է պահպանել Հայաստան-Ռուսաստան դաշնային բալանսը, քան Ադրբեջանի հետ բալանսի՝ իբր խախտման շուրջ վայնասուն բարձրացնելը:
Հայաստանի, ազատագրված Արցախի ռազմական անվտանգությունը մանկական խաղահրապարակի վերածելը հղի է ծանրագույն հետեւանքներով ամեն մի հայի համար, որոնց մասին կազմակերպիչ-պապաները հմտորեն լռում են:
Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգացվեն հավասարության դաշտում: Մինչեւ 2000թ. ես լրջագույն մասնակցություն եմ ունեցել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հարաբերությունների իրավական ձեւակերպման գործում եւ ասում եմ՝ բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը կազմվել եւ հաստատվել են հայելային սկզբունքով, փոխադարձ եւ հավասար պարտավորություններով:
Եթե այն գործիչը, որը, խորապես տիրապետելով Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին ու նրբություններին, ասում է, որ Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների պահպանումը եւ խորացումն այլընտրանք չունի, համարվում է ռուսամետ, ապա ես համաձայն եմ:
-Ովքե՞ր են այդ պապաները:
-Այն կենտրոններն են, որոնք դրսից՝ Արեւմուտքից, զարգացնում են հակառուսական աղանդավորական շարժումը:
-Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են պատերազմի: Սա ի՞նչ է նշանակում: Հնարավո՞ր է՝ սկսվի:
-Քանի դեռ պահպանվում են Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ում եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, պատերազմ չի լինի: Իսկ եթե նա իսկապես պատրաստվում է պատերազմի, ապա Սեյրան Օհանյանը պետք է պատրաստվի Ադրբեջանից նոր, մեզ համար կարեւոր տարածքներ ստանալուն:
«ԻԼՅՈՒԶԻԱՆԵՐՈՎ ԽԱԲՎԵԼՈՒ ՓՈՒԼԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԱՆՑԵԼ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ