Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն այցելուների համար դռները փակել էր հունիսի 1-ից, սակայն շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են ճարտարապետ Սահակ Ներսիսյանի նախագծով, սկսվել էին դեռեւս մայիսի 1-ից:
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանից, կապիտալ վերանորոգում է իրականացվում, ամրացվում են շենքի հիմքերը: Մեծ հաստության երկաթբետոնե կոնստրուկցիաներով ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից ամրացվում են նաեւ բոլոր հիմնական պատերը. «Փաստորեն, ունենալով երրորդ հարկը՝ չենք ունեցել տարհանման այլընտրանքային ճանապարհ, եւ հիմա այգու կողմից չորսհարկանի աստիճանավանդակ է կառուցվում: Բացի այդ, պետք է կառուցվի նաեւ չորրորդ հարկ, որը թույլ կտա ցուցադրության ավելի մեծ հնարավորություններ ունենալ: Այդ դեպքում արդեն նաեւ վերելակի անհրաժեշտություն է առաջանում, որը նույնպես նախատեսվում է կառուցել: Դա կլինի ժամանակակից վերելակ՝ ապակեպատ եւ կլոր: Կտեղադրվեն ջեռուցման եւ օդափոխության համակարգերը: Ուզում եմ նշել, որ որակյալ աշխատանքներ են իրականացվում»:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե երբ կավարտվեն աշխատանքները: Պարզվեց, որ շինարարների առջեւ դրված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ն աշխատանքներն ավարտելու առաջադրանք. «Իհարկե, եթե իրոք այդպես լինի, դա դեռ չի նշանակում, որ տուն-թանգարանն այցելուների առջեւ անմիջապես կբացի դռները: Ի դեպ, շինարարությունն իրականացնող ընկերությունը հայտնի ընկերություն է եւ այս ժամանակահատվածում սովորաբար մի բազմահարկ շենք կարող էր կառուցել, սակայն սա, կարծում եմ, այդ դեպքը չէ, եւ դժվար կլինի այդ ժամանակահատվածում տեղավորվել. աշխատանքների մեծ մասը ստիպված ձեռքով է կատարվում` փորել, քանդել…»:
Ցանկացանք մանրամասներ իմանալ հունիսի 19-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի բնակելի մասում տեղի էր ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ-ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել էր, եւ կանխվել էր հրդեհի բռնկումը: Մշակույթի նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ մարդկային եւ նյութական վնասներ չկան, ճշտվում են վթարի պատճառած վնասները: Նաեւ նշված էր, որ ներկայումս թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են եւ գտնվում են ապահով վայրում:
Տիկին Սարյանը հաստատեց, որ հրդեհն իրոք էլեկտրալարերի կարճ միացման հետեւանքով տեղի էր ունեցել Մ. Սարյանի ապրած տան աստիճանավանդակի մոտ, որը քարից է: Սակայն տունը հիմնականում փայտից, բաղդատից է, ու եթե հրդեհը տարածվեր, տունը փրկել չէր հաջողվի: Հրդեհը մարելու հարցում դերակատարում է ունեցել նաեւ տնօրենի որդին` Մարտիրոսը: Իսկ հրդեհից այրվել էին ընդամենը մի քանի կենցաղային իրեր:
ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՉՈՐՍՀԱՐԿԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ