Գների թանկացում չի եղել՝ անգամ 10 ցենտով. Կառլեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում վերջերս հրապարակումներ եղան, որ Պետական եկամուտների կոմիտեի պետի փոփոխությունից հետո Թուրքիայից, Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսազերծման գները շուրջ 2 անգամ բարձրացել են, ինչի հետևանքով կտրուկ ընկել են ներմուծման ծավալները։ Այս խնդրի հետ կապված մի քանի հարց ենք ուղղել բեռնափոխադրումների շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկի՝ “4 ընկեր” ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանին։

– Պրն Մկրտչյան, ճի՞շտ է, որ Հովհաննես Հովսեփյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո “խաղի կանոնները” փոխվել են, մաքսազերծման գները թանկացել, ինչի պատճառով դուք և շուկայում գործող մյուս ընկերությունները փաստի առաջ են կանգնել։

– Մաքսային ծառայությունը ինչպես նախկինում աշխատել է, այնպես էլ աշխատում է։ Համենայն դեպս, մեր՝ տնտեսվարողների տեսանկյունից, որևէ տարբերություն չենք զգացել և որևէ խոչընդոտի չենք հանդիպել։ Իսկ գների թանկացման մասին ընդհանրապես խոսք չկա, ոչ մաքսազերծումն է թանկացել, ոչ էլ մենք ենք թանկացրել մեր ծառայությունների գները։ Անգամ 10 ցենտի փոփոխություն չկա։

– Ուզում եք ասել, որ ներմուծման հետ կապված դժվարություններ, ծավալների անկում չկա՞։ Որոշ ընկերություններ չէին հերքել այդ տեղեկությունները։

– Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ մյուս կազմակերպությունները այս ամիս որքան ապրանք են ներմուծել և ինչ դժվարություններ են ունեցել։ Մեր մասով ասեմ՝ մենք մեր բեռները նորմալ ներմուծել ենք և մաքսազերծել։ Ամսվա կտրվածքով մոտավորապես 250 տոննա բեռ ենք ներմուծել, որը համապատասխանում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

– Սակայն մարտի սկզբին որոշակի դժվարություններ եղել են՝ ներմուծման հետ կապված։ Անգամ մտավախություններ հնչեցին, շուտով շուկայում կարող է դեֆիցիտ նկատվել։

– Դեֆիցիտ, ինչպես տեսնում եք, չկա։ Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով։ Այո, մարտի սկզբին իրոք ժամանակավոր դժվարություն ծագեց, սակայն դա կապված էր ոչ թե մեր կամ մաքսային ծառայության հետ, այլ պայմանավորված էր արտաքին գործոններով։ Շատ չմանրամասնեմ, ուղղակի ասեմ, որ խնդիրը տեխնիկական բնույթի էր և կապված էր Վրաստանում բեռների կշեռքների հետ։ Այդ հարցը օրերի ընթացքում կարգավորվեց։

– Ձեր ընտանքի անունը ու ձեր բիզնեսները երբեմն կապվում են այս կամ այն պաշտոնյայի անվան հետ։ Ի՞նչ կասեք այդ լուրերի վերաբերյալ։

– Ճիշտ եք նկատել, երբեմն ես մամուլի հրապարակումներից եմ “բացահայտում”, թե ում հետ եմ ընկերություն կամ գործընկերություն անում։ Իսկ եթե ավելի լուրջ՝ մենք գործարար ենք, ու ավելի շատ նախընտրում ենք աշխատել, քան խոսել։ Միգուցե երբեմն մեր լռությունը որոշ մարդկանց մոտ սխալ ենթադրությունների տեղիք է տալիս, սակայն մենք ոչինչ չենք թաքցնում ու աշխատում ենք բաց ու թափանցիկ։ Այո, մեր ընտանիքը բիզնեսներ ունի տարբեր ոլորտներում՝ բեռնափոխադրումներ, կաթնամթերքի արտադրություն, զովացուցիչ ըմպելիքների արտադրություն, տաքսի ծառայություն…

Ոչ մի պաշտոնյա այդտեղ մասնակցություն չունի։ Այս բոլոր ընկերություններում միասին աշխատում են մոտ հարյուրավոր աշխատողներ։ Պարտաճանաչ կերպով վճարում ենք հարկերը՝ ամեն տարի ավելացնելով։ Միայն “4 ընկերը” վերջին 7 տարիների ընթացքում շուրջ 14,5 մլրդ դրամի հարկ է վճարել։  Ու այս ամենին հասել ենք մեր ուժերով, աշխատանքով, համառությամբ։ Բայց՝ առանց որևէ մեկի ոտքը տրորելու, առանց ապօրինությունների։ Գործարար շահից առավել ինձ համար ամենակարևորը մեր ընտանիքի հեղինակությունն է, ու նույն ոգով էլ դաստիարակում եմ իմ որդիներին։

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս