ՍԱՀՄԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԽԱՂԱՂ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցած շաբաթ եւ կիրակի օրերին հակառակորդը պարբերաբար խախտել էր զինադադարի ռեժիմը: Հայկական զինուժը պատժիչ գործողություններով թշնամուն պարտադրել է վերադառնալ զինադադարի ռեժիմին: Բարեբախտաբար այս անգամ հայկական կողմը զոհեր չի ունեցել: Հրետակոծման արդյունքում վիրավորվել են Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը եւ Բերքաբեր գյուղի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Փոխարենը ադրբեջանական կողմն ունի առնվազն երկու զոհ: Երեկ արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հաստատեցին, որ զոհվել են լեյտենանտ Զոիլֆուգարլ Գալիբ Լաիմօղլուն եւ շարքային Հաջըեւ Գեֆերլի Ինթիգամօղլուն: Այսպիսով, հերթական անգամ պիտի արձանագրենք, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Արցախը նշում էին Սուրբ Զատիկի տոնը, ադրբեջանական կողմը փորձել է «համը հանել»: Դրան գումարվել է նաեւ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու փաստը, որտեղ ԼՂՀ խնդրին եւս անդրադարձ է լինելու: Թերեւս հենց այդ փաստով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խոշոր տրամաչափի հրետանի է գործի դրել, այլ նաեւ հրթիռային կայաններով հրետակոծել է բնակավայրերը:
Բայց այն փաստը, որ արդյունքում մենք զոհեր չունենք, վկայում է այն մասին, որ ոչ միայն մեր բանակն է նոր իրավիճակին լիարժեք տիրապետում, այլ նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները:

 

 

 
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասել է, որ վաղը իրենց հանձնաժողովում սկսելու են ՀՀ ԸՕ նախագծի քննարկումներ: Այդ քննարկման մասին Սահակյանը խոսել է, երբ նրանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի 4+4+4 առաջարկի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա առաջարկել էր ԸՕ-ն քննարկելու նպատակով մի ֆորմատ ձեւավորել, որում ներկայացված կլինեն չորսական ներկայացուցիչներ ԱԺ-ում ներկայացված իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններից ու հասարակական կազմակերպություններից: Ըստ Սահակյանի՝ իրենք պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկման. «Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, եւ երկրորդը, դա միակ բացառիկ ձեւաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները»:

 

 

 
Ակնհայտ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր տիրապետման տակ գտնվող այս ոլորտի նկատմամբ լիակատար վերահսկողություն չունի: Հայկական ֆուտբոլում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, օրինակ, 3 կամ 4 տարի առաջ կարող էին անհավանական թվալ: Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի երկրպագուների «Առաջին ճակատն» ի սկզբանե գործել է նույն Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ: Իսկ անցած տարվա աշնանից ԱՀՃ-ի եւ Հայրապետյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»: Երկրպագուները պարբերաբար բարձրացնում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը: Ակնհայտ է, որ այս ամենի թիկունքում կանգնած են իշխանական որոշակի շրջանակներ, քանի որ ՀՖՖ նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն իշխանության երիտներկայացուցիչները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայրապետյանի հետագա ճակատագիրը որոշվելու է 2017-ի գարնանը կայանալիք ԱԺ ընտրություններում: Եթե նա իրեն «արդարացնի» քվեներով, ապա կշարունակի պաշտոնավարել, եւ ոչ ոք այլեւս չի բողոքի նրա գործողություններից:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ Գորիսի «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծի ենթարկելու պատմության ականատեսը, իսկ հետագայում նաեւ գործուն մասնակիցները եղել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վագզեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները, երբ «Ժողովուրդ»-ը հրապարակեց, ՀՀ ոստիկանապետի հրամանով մարտի 22-ին Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվեցին՝ մինչեւ քննության ավարտը: Բայց փաստ է, որ հենց վերը թվարկված երեք պաշտոնյաների ջանքերով է հետագայում տուժող Արթուր Գեւորգյանին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Եւ զարմանալի է, թե ներհամակարգային բախումների վրա իրենց էներգիան ծախսող ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ինչու իրենց ենթականերին չեն պատժում: Նրանց համար կարեւորը իրենց համակարգի պատի՞վն է, թե՞ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ինադու» «գործ սարքողների» ինստիտուտի զարգացումը: Անհասկանալի իրավիճակ է:

 

 

 

 
ՉՄԱՔՐՎՈՂԸ

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախօրեին «Ռ Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Մատաղիսի գործով ՄԻԵԴ կայացրած վերջին վճռին, որով բավարարվեց նախկինում ցմահ դատապարտված, ապա 2012թ ՀՀ դատարանի կողմից արդարացված 3 երիտասարդների հայցը, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նախ` վերստին հայտարարել է, թե շարունակում է արդարացված 3 երիտասարդներին համարել մարդասպաններ, ապա՝ շարունակել.«Լավ, 3 տարի անցել է, եթե այդ երիտասարդները չէին, ապա ովքե՞ր էին, ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ այս իրավապաշտպանները, որ այսպես աղմուկ են բարձրացնում, թե՝ հաղթել ենք, ՀՀ-ին հաղթել ենք, բա ինչո՞ւ չեն պաշտպանում այդ զոհերի իրավունքները: Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ որեւէ իրավապաշտպան պաշտպանի այդ երկու երիտասարդների շահերը»: Մտածել, որ Ջհանգիրյանը չի լսել, որ, օրինակ, նույն արդարացված երիտասարդների պաշտպան Հայկ Ալումյանն ամեն առիթով բարձրաձայնում է Մատաղիսի սպանությունների բացահայտման խնդիրը, դժվար է: Նույնքան դժվար է հավատալ, թե Ջհանգիրյանը տեղյակ չէ, որ սպանված երիտասարդներից Ռոման Մնացականյանի ծնողները, որոնց անունից նա, ի դեպ, այդ հաղորդման շրջանակներում հայտարարություններ էր անում, վերջերս ասել են, որ իրենց հիմա միայն Հ. Ալումյանն է օգնում: Իսկ, այ Ջհանգիրյանի անունը նրանք, չգիտես ինչու, չեն տվել:
Չնայած դրան, նախկին զինդատախազը ասում է.«Այս 3 երիտասարդներից /որոնք նրա «թեթեւ ձեռքով հանիրավի դատապարտվել էին/ մեկն այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված, մի՞թե այդ գործը չպետք է լիներ նրա կյանքի գործը, որ նա կարողանար ապացուցել, օժանդակեր, նպաստեր իրական սպանողներին բացահայտելուն: Բա ինքը պետք է մաքրվի, չէ՞, ի վերջո»: Սա արդեն ուղղակի ցինիզմի դրսեւորում է, երբ մարդը, ում անմիջական ղեկավարությամբ երեք երիտասարդներ հանիրավի ցմահ դատապարտվել են, ապա հենց նույն ՀՀ դատարանի կողմից արդարացվել, նաեւ հաղթել ՄԻԵԴ-ում, դեռ մի բան էլ խոսում է այդ երիտասարդներից մեկի «մաքրվելու» մասին: Լավ, բա ինքը ինչու քայլեր չի ձեռնարկում «մաքրվելու» համար: Իրականում ոչ թե այդ երիտասարդը` Ա. Զալյանը, «մաքրվելու» խնդիր ունի, այլ ինքը` նախկին զինդատախազը, որի անմիջական մասնակցությամբ զինվորների խոշտանգումների մասին մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ: Ընդ որում, սրա հետ կապված Ջհանգիրյանը բավարարվում է` «ես հիմա չեմ արդարանալու» ասելով ու հերթական ցնցող հայտարարությունն անելով.«Ընդունում եմ, որ շատերը կային, որ արժեր դատել, ու ես չեմ դատել, բայց որեւէ անմեղ մարդու երբեք քրեական պատասխանատվության չեմ ենթարկել»: Իր այս հայտարարությամբ Ջհանգիրյանը, փաստորեն, խոստովանում է, որ «աչքաչափով» է որոշել, ում «արժի դատել», ում` ոչ: Իսկ թե այդ «արժեր»-ը ինչքան արժեր, դա էլ արդեն ինքը կիմանա:




Լրահոս