Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրվանից անցել է շուրջ 4 ամիս, բայց այդպես էլ Հայաստանի կառավարման համակարգում իշխանության կողմից խոստացված էական փոփոխությունները, կարծես թե, չեն նկատվում: Ավելին՝ իշխող կուսակցությունը պարապ չի նստում, նա այս անգամ զբաղված է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, ինչը շատերի համար ընդունելի է, շատերի համար` ոչ:
«Ժողովուրդ»-ը երեկ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրվանից անցել է շուրջ 4 ամիս: Իշխանական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ այն ընդունվելուց հետո մեր երկրում կառավարման համակարգը էապես կփոխվի, եւ մենք կարթնանանք այլ երկրում: Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունը:
-Ի սկզբանե ակնհայտ էր, որ սահմանադրական փոփոխությունները արվում են ոչ թե ժողովրդի, այլ իշխող թիմի վիճակը բարելավելու ու կյանքը երկարաձգելու համար: Հանրաքվեի օրը տեղի ունեցած կեղծիքների ծավալը վկայում էր արդեն, որ մեր ակնկալիքները ճիշտ էին: Սահմանադրության կեղծիքներով ընդունումից հետո քանի գնա, սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը ավելի ու ավելի է վատանալու: Նույն պնդումները հիմա անում ենք ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Այն ընդունվելու է միմիայն իշխող թիմի վերարտադրությունն ապահովելու համար: Իշխանությունները մի քանի ակնհայտ աբսուրդ կետեր են մտցրել` ազգային փոքրամասնությունների մասով, դիտորդների թվի սահմանափակման մասով եւ այլն, որպեսզի հետ վերցնեն ու դա ներկայացնեն իբրեւ զիջում: Թվում էր, թե ներքին իշխանափոխության պրոցեսը գոնե այս հայտնի ու բացահայտված գործիքների էվոլյուցիայի կհանգեցնի, բայց փաստորեն նույն մեթոդոլոգիան է:
-ՀԱԿ-ն առաջարկում է 4+4+4 ձեւաչափով քննարկել ընտրական օրենսգիրքը: Դուք որեւէ կերպ կմասնակցե՞ք այդ ֆորմատին: Ու, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:
-Չենք մասնակցի, որովհետեւ նույն տրամաբանությամբ պիտի գնայինք ու մասնակցեինք Սերժ Սարգսյանի հայտնի ֆոտոսեսիային` սահմանադրական փոփոխությունների հարցով: Եթե ոչ մի ընդդիմադիր չի ժխտում, որ իշխանությունները օրինագիծը պատրաստել են սեփական քիմքին հատուկ ու սեփական վերարտադրման համար, դրանից հետո այդպիսի ֆորմատների առկայության իմաստը հայտնի չէ: Դա հավասար է նրան, որ մեկը ողջ տունս թալանի, գնամ բանակցեմ, որ գոնե հեռուստացույցը թողնի, զբաղվելու բան ունենանք: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց այս ընթացքում ոչ մեկ հաղթած դուրս չի եկել:ՀԱԿը նման իրավիճակ 2011-ին էլ ստեղծեց, բայց հիշում ենք՝ ինչ ավարտ ունեցավ: Ընդհանրապես ինձ համար ու մեր թիմի համար ռեժիմի հետ բանակցելը, համոզելը անընդունելի են: Իսկ 4+4-ին մասնակցողներին կարծում եմ ժողովուրդը 2017-ի ճիշտ գնահատական կտա:
-Հրազդանում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը: Միակ քաղաքն է, որտեղ թեկնածու ունի նաեւ ընդդիմությունը: Առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին սատարո՞ւմ եք:
-Ինչքան գիտեմ՝ 3 թեկնածուներ կան Հրազդանում: Մենք մեր ուժերի ներածին չափով պատրաստ ենք օգնել ոչ ՀՀԿ-ական թեկնածուներին` պահպանելու ժողովրդի ընտրության իրավունքը: Շփումներ եղել են Միքայելյանի շտաբի հետ, ու ողջունելի է, որ նրանց ու մեր կարծիքները ժողովրդի քվեի պաշտպանության առումով համընկնում են: Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ թեկնածուի թիմը արդեն իսկ դիմում է տարբեր իրենց հատուկ քայլերի՝ փորձելով կանխորոշել ընտրության ավարտը: Ի վերջո, ՀՀԿ-ն ունի զրոյական վարկանիշ, ու իրենց ցանկացած թեկնածու հավասարապես ուտելու է իրենց թիմի հանդեպ ժողովրդի տածած ատելության պտուղները: Առավել եւս Դանիելյանը, ում օրոք Հրազդանում գրեթե ոչինչ չի փոխվում:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Դեռեւս մարտի 18-ին՝ ընտրական նոր օրենսգրքի հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել էր ԸՕ ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա: Իսկ որպես այդպիսի կոնսենսուսի հասնելու գործիք, նա առաջարկել էր բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված իշխանական եւ ընդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
«Հնարավո՞ր է արդյոք կազմակերպել ռեալ քաղաքական գործընթաց, որի ժամանակ ընդդիմությունը, իշխանությունը եւ քաղհասարակությունը հավասարապես ներկայացված կլինեն: Ես դեմ չեմ լսումներին, քննարկումներին, սակայն մենք ուղղակի օրենք չենք ընդունում: Հարցը վերաբերում է երկրի համար կարեւորագույն փաստաթղթին՝ ընտրական օրենսգրքին»,- 4+4+4 ձեւաչափի անհրաժեշտությունը հիմնավորելով` ասել էր Զուրաբյանը:
Իսկ արդեն մարտի 24-ին ՀԱԿ խմբակցության ղեկավարը պաշտոնապես առաջարկ ներկայացրեց իշխող ՀՀԿ-ին` նամակով դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Ժողովուրդ»-ը երեկ այս կապակցությամբ զրուցեց Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու համար՝ արդյոք իշխանությունը պատրաստ է ընդունել Զուրաբյանի առաջարկը: «Մենք ցանկացած ձեւաչափով քննարկմանը պատրաստ ենք: Կարող ենք քննարկել ԸՕ այս կամ այն դրույթը, իրենց մոտեցումները մտահղացումները, առաջարկությունները եւ այլն: Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, եւ երկրորդը, դա միակ բացառիկ ձեւաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները: Ամեն դեպքում մենք այս չորեքշաբթի օրը արդեն հանձնաժողովում քննարկումները կկազմակերպենք»,- նշեց Հ. Սահակյանը:
Նկատենք, որ Զուրաբյանի առաջարկը ընդդիմադիր դաշտի ուժերի կողմից այնքան էլ դրական չի ընդունվում: Մասնավորապես Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Զուրաբյանի առաջարկին, նախօրեին ասել է, որ այդ ձեւաչափում ներգրավվելու շուրջ իրենց համար ոչ մի հետաքրքրություն չկա: «Մենք համարում ենք, որ ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսակետներն ասելու, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, անհրաժեշտության դեպքում, մեր առաջարկություններն անելու բոլոր հնարավորություններն ու լծակներն ունենք, այնպես որ, մենք այդ ֆորմատում մեզ չենք էլ տեսնում», – իր հարցազրույցներից մեկում ասել էր նա: Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա նրանց կողմից թեեւ այս ձեւաչափը հրապարակավ չի մերժվել, սակայն որեւէ կերպ չի էլ ողջունվել:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԱԳՐԵՍԻՎ ԴԱՏԱԽԱԶԸ
Մարտի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: 2014 թվականին Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող, դատախազ վանաձորցի Կարեն Կունգորցեւը հայտարարել է, որ անմեղ է: Այս հայտարարությունից հետո մեղադրյալի հարազատների եւ մեղադրողի միջեւ վեճ է սկսվել, արդյունքում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն իր ձեռքի տակ ընկած առաջին իսկ իրը՝ գրիչը, նետել է մեղադրյալի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզի դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը, անդրադառնալով դատախազի վարքագծին, ասաց. «Այդ թեմայով չեմ ուզում խոսել: Կան կողմեր, կա գործը նախագահող դատավոր, տեսանյութը ինտերնետում տեղադրված է, լավ տեսել եք, ավելին ասելու բան չունեմ»:
ՓԱՍՏՈՐԵՆ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ
Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2013 թվականի հոկտեմբերին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակ էր ուղարկել: Նա ոչ միայն ՌԴ նախագահին, այլեւ ողջ ռուս ժողովրդին հիշեցրել էր, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ռուսական կայսրության մաս էր կազմում, եւ ընդգծել էր, որ այդ պայմանագիրը կնքվել էր անժամկետ: «Իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր»,- գրել էր Զորի Բալայանը: Նույն ամսին համացանցը ողողվեց Վլադիմիր Պուտինի «պատասխանով»: «…Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զենքերի մեջ ամենաթույլն է, եւ մի մոռացեք, որ Դուք այլեւս ունեք պետություն, իսկ մենք՝ ռուսներս, կայսերական շահեր»,- հատված «պատասխանից»: Երեկ «Ժողովուրդ»-ը Զորի Բալայանից փորձեց պարզել, այդ նամակագրությունն ի վերջո իրական էր, թե ոչ: Սակայն Բալայանը, կարելի է ասել, ցնցող պատասխան տվեց. «Ձեզ շատ է հետաքրքրում այս թեման: Ամոթ է: Դարը փոխվել է…»:
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստանի» աջակիցները, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները մի քանի քաղաքացիների հետ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին: Ոստիկաններն ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրին պողոտայի երթեւեկելի մասից, որի ընթացքում գլխի վնասվածք ստացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը: Նրա պնդմամբ ոստիկաններից մեկը ոտքով հարվածել էր իրեն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Կարո Եղնուկյանի հետ: «Շաբաթ օրը կնոջս կանչեցին դատաբժշկական փորձաքննության, ոչ իմ բողոքի հիման վրա: Կնոջս ճակատը եւ աչքն այտուցված են, կան ականատեսներ, որ կնոջս գլխին հարվածել են, կա տեսագրություն, եւ եթե այս ամենից հետո նրանք չեն ուզում իմ կնոջը ճանաչել որպես տուժող եւ արագ գործին ընթացք տալ, ուրեմն ես լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք ուզում են գործը ձգձգեն եւ կոծկեն»,- ասաց Եղնուկյանը: