ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին կայացավ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվեց ոչ ոքի (0:0): Հանդիպումը, թերեւս, զավեշտալի էր ոչ թե վերջնական հաշվով, այլ բողոքի ակցիայով: Հանդիպման երկրորդ խաղակեսում ջահով դաշտ ներխուժեց ՖԱՖ շարժման անդամ Հայկ Բաբայանը՝ այդպես իր բողոքն արտահայտելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Հայաստանի ֆուտբոլի ասոցիացիայի եւ ՖԱՖ հայկական առաջին ճակատ ֆան ակումբի միջեւ տարաձայնությունները արդեն մի տարի է, ինչ բուռն արձագանքներ են ստանում եւ հայտնվում ԶԼՄ-ների ու հանրության ուշադրության կենտրոնում: Թերեւս ամենաբուռն զարգացումներից մեկը 2015 թվականի մարտ 29-ի «Եվրո 2016»-ի որակավորման փուլի վերջին խաղն էր, որտեղ Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց ալբանացիներին, ինչը հնարավորություն տվեց նրանց ապահովել մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլին: Կարճ ժամանակ անց հիմնվելով սերբական եւ ալբանական լրատվամիջոցների վրա՝ տեղական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, թե խաղը ծախված է եղել, մասնավորապես, Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողներին 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Գործով սկսեց զբաղվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, որը փաստորեն մինչ օրս գործը թողեց զարգացման փուլում, եւ այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, առանց ձեռքի տակ փաստեր ունենալու, դեպքի առթիվ հայտարարեց, որ խաղում, իրոք, դավաճանություն է եղել, իսկ նախագահը անձամբ է ձեռնամուխ լինելու այդ գործի բացահայտմանը, սակայն այդպես էլ ոչինչ չպարզվեց:
2016 թվականի մարտի 23-ին արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներ Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաեւ դարպասապահ Գեւորգ Կասպարովը այլեւս ընդգրկված չեն հավաքականի կազմում. Ռուբեն Հայրապետյանը անձամբ է արգելել նրանց հավաքական հրավիրել՝ պատճառաբանելով, որ ֆուտբոլիստները իրենց այնպես չեն դրսեւորել, ինչպես պետք է: Մարտի 25-ին Բելառուս-Հայաստան խաղից առաջ, որը փաստորեն պարզվեց, որ դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն է, ՖԱՖ-ը հայտարարեց այն մասին, որ տոմսարկղերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրենց կողմից տոմսեր գնելու հարցում: Նախկինում ունեցած տարաձայնությունները, ինչպես նաեւ վերջին զարգացումները հանգեցրին նրան, որ ՖԱՖ-ի նախկին անդամները հանդես եկան բաց նամակով, որում քննադատության էին արժանացրել Ռուբեն Հայրապետյանի՝ դավաճանության, հավաքականից ֆուտբոլիստներին դուրս թողնելու մասին հայտարարությունները, ինչպես նաեւ տոմսեր գնելու հարցում ստեղծված արհեստական խոչընդոտները:
«Հարգելի՛ պարոն Հայրապետյան, կոչ ենք անում Ձեզ մի կողմ դնել անձնական ամբիցիաները: Հիշել, որ 1973-ի մեջ ոսկե սերունդը այլեւս որեւէ հաջողություն չգրանցեց (եթե հաշվի չառնենք 1975-ի գավաթային տարին) նաեւ այն պատճառով, որ ժամանակի ֆուտբոլային ղեկավարությունը բաժանեց խաղացողներին «մերոնքականի» եւ «օտարի»: Քանի դեռ անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլային սերունդը ի վիճակի է խնդիրներ լուծել, հավաքեք լավագույններին, գտեք հաշտության եզրեր Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի եւ Գեւորգ Կասպարովի հետ: Հանդես եկեք Ձեր պնդումների հերքմամբ (որոնք ապացուցող փաստեր Ձեր իսկ խոսքերով չունեք) եւ հնարավորություն տվեք մեր ֆուտբոլիստներին մարզադաշտում ապացուցել իրենց ունակությունները: Հակառակ դեպքում, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը»:
ՖԱՖ Հայկական առաջին ճակատը ՀՖՖ-ին մինչ օրս ներկայացնում է նույն պահանջները՝ տոմսերի գների նվազեցում, արտերկրից հրավիրված նոր մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների հրավեր եւ, վերջապես, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: ՖԱՖ հայկական առաջին ճակատ ֆան ակումբի ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե, ի վերջո, որն է լինելու այս խնդրի հանգուցալուծումը, պատասխանեց. «Կարող եմ միայն ասել, որ մեր պահանջները մինչ օրս չեն բավարարվել: Մենք այժմ շատ մեկնաբանություններ չենք ուզում անել, քանի որ վերջին իրադարձությունների հետ կապված շուտով հանդես կգանք հայտարարությամբ»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մեկնաբանություն ստանալ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց:

ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈ՞Վ Է ՁԱՅՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՅԴ-ական Հայկ Սարգսյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանը: Ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Քանաքեռավանի գյուղապետ Ջիվան Քամալյանի հետ:

-Պարո՛ն Քամալյան, Ձեր մյուս մրցակիցը դաշնակցական է, Դուք՝ ՀՀԿ-ական, գյուղում լարվա՞ծ է մթնոլորտը:
-Գյուղում խախանդ է իրավիճակը: Ես գյուղապետի պաշտոնի համար չեմ պայքարում: Ժողովուրդը ինձ արդեն 17 տարի է, ինչ ճանաչում է, ձայնը տալու են ինձ, թող ինքը պայքարի:
-17 տարի է՝ գյուղապե՞տ եք…
-Այո՛, հինգ անգամ ես ընտրվել եմ, ժողովուրդը ինձ լիազոր է ճանաչում:
-Պարո՛ն Քամալյան, ինչպե՞ս եք համոզում բնակիչներին: Ի՞նչ եք խոստանում նրանց:
-Իմ կատարած աշխատանքով եմ համոզում: Խոստումներով ոչինչ չես կարող անել, միայն կատարած աշխատանքով:
-Ի՞նչ եք արել 17 տարվա մեջ:
-1999 թվականից 3.5 կմ ոռոգման գիծ եմ կառուցել, մանկապարտեզի, բուժամբուլատորիայի, կուլտուրայի տան շենքերն եմ վերանորոգել: Դպրոցում երկու դասարանի համար նախակրթարան եմ կառուցել: Գյուղում 20 ուսանող ունեմ ուսման վարձ եմ տալիս:
-Ո՞ւմ միջոցներով…
-Համայնքի բյուջեի կամ իմ միջոցներով:
-Իսկ դաշնակցական թեկնածուն ինչպե՞ս է պայքարում:
-Նա հեռախոսով է պայքարում. զանգում է մարդկանց ու ասում՝ ինձ ձայն կտա՞ք: Թող պայքարի ոնց ուզում է: Այսօր գյուղապետի ընտրությունը զոռով չէ, մարդու պատմությունն են տեսնում, կատարած աշխատանքը, դիրքը, շարժուձեւը, վերաբերմունքը իր ժողովրդի նկատմամբ: Ժողովրդական հայտնի խոսք կա՝ անփորձ մածունը փորձված թանի հետ չեն փոխում:
-Ձե՞զ էլ է զանգել:
-Ի՞նձ համոզի: Ես բաց հայտարարել եմ, որ իմ մեկ ձայնը իրեն կտամ (ծիծաղում է-Ս.Հ.): Մեկը պատասխանում է՝ այո, մյուսը խաբում է: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում իրենով:
-Բայց լավ տեղեկացված եք:
-Դե, գյուղ է, մեկը մեկի հետ խոսում է, բայց մի քանի րոպե հետո բոլորն արդեն տեղյակ են:
-Պարո՛ն Քամալյան, 17 տարի է, ինչ գյուղապետ եք, ժամանակը չէ՞ պաշտոնը հանձնեք մյուսներին, ավելի երիտասարդ սերնդին:
-Փոխանցեմ մի անփորձի, որ այս գյուղը տանի կործանման, հա՞: Տա՞նք մի էրեխու, որ մեր կատարած աշխատանքը սարքի ջուր: Թող մի հատ ծրագիր բերի, ներկայացնի, տեսնենք՝ ինչ կարող է անել, որ մենք դա չենք արել:
-Դուք նշեցիք, որ չեք հետաքրքրվում իրենով, գուցե՞ ունի ծրագիր:
-Ինչի՞ համար հետաքրքրվեմ, թող ինքը հետաքրքրվի: Ես ինչ պետք է, անում եմ իմ ունեցվածքի եւ բյուջեի հնարավորության չափով: Ծրագիր չունի:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց դաշնակցական թեկնածուի՝ Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Տավուշի մարզի սահմանագոտում ադրբեջանական զինուժը դարձյալ տարբեր զինատեսակներից կրակ է բացում մեր պաշտպանական դիրքերի, նաեւ մարզի բնակավայրերի վրա: Մարտի 27-ին ադրբեջանական զինուժը կրակել է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հայտնեց, որ մարտի 27-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Բերքաբերի բնակիչ Ռադիկ Քոչարյանն իր տան հարեւանությամբ գտնվողի տարածքում զննել է իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, երբ ադրբեջանական զինուժը նրա ուղղությամբ կրակ է բացել: Տղամարդը կարողացել է թաքնվել, սակայն նրա մարդատարը ադրբեջանական գնդակներից վնասվել է: Մարտի 27-ին ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներից կրակ է բացել նաեւ Բերքաբերի շենք-շինությունների վրա: Գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանցիները գյուղի գնդակոծությունն ուժեղացնում են երեկոյան ժամերին: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ` մարտի 26-ին, Կոթի գյուղի սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակից ուսի հատվածում վնասվածք էր ստացել պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Հայկ Ռեւազյանը, իսկ մարտի 25-ին էլ Բերքաբերում ուսից վիրավորվել էր գյուղի բնակիչ, 55-ամյա Նորիկ Ալիխանյանը, այդ ժամանակ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Բերքաբերի բնակիչներից մեկի կովը սատկել էր:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2015թ. հունվարի 17-ին Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով դատը: Կալանքի տակ են Աչաջուր գյուղի բնակիչներ Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանները, Գագիկ Ալավերդյանը, Արտակ Մանուչարյանը: Նշենք, որ Հ. Ղալթախչյանը Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին է: Մարտի 22-ի դատական նիստում Հ. Ղալթախչյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ 2015թ. փետրվարի 13-ին եւ դրանից հետո մի քանի օր գաղտնալսվել են իր եւ իր վստահորդ Կ. Ղալթախչյանի հեռախոսային խոսակցությունները, դրանք զննվել են քննիչի կողմից: Նա ընդգծեց, որ փաստաբանական ծառայությանը վերաբերող այդ խոսակցությունները գաղտնալսելը օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի խախտում է: Պաշտպանը միջնորդեց որոշում կայացնել այդ հեռախոսային խոսակցությունների արձանագրությունը դատարանում չհետազոտելու եւ դրանք ոչնչացնելու մասին: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը միջնորդության լուծումը հետաձգեց մինչեւ ապացույցների հետազոտման փուլի ավարտը: Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներ Գ. Ալավերդյանի, Ս. եւ Հ. Ղալթախչյանների հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ բազմիցս երկարաձգվել է, սահմանված կալանքի ժամկետները լրացել են, սակայն նրանք գտնվում են կալանքի տակ, ինչը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է: Այդ միջնորդությունը դատարանը կքննարկի հաջորդ՝ մարտի 31-ի նիստում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս